Մեկնաբանություն

04.10.2011 15:02


Ուրախների և հնարամիտների ակումբ կամ ժանրի կրիզիս

Ուրախների և հնարամիտների ակումբ կամ ժանրի կրիզիս

Շուրջօրյա հանրահավաքների մեկնարկից հետո Լևոն Տեր–Պետրոսյանը երկու ելույթ ունեցավ, որոնցից մեկը Ռոբերտ Քոչարյանին էր նվիրված, իսկ մյուսը միտված էր ՕԵԿ–ի հացը խլելուն (պապին խոսեց սովետական խնայբանկերում մնացած ավանդների վերադարձից)։ Այսինքն՝ մի ելույթը «Եղիազարի» խաթեր համար էր, իսկ մյուսը՝ սեփական նոսրացած շարքերը միամիտներով համալրելու։

Նախագահականից իջեցված հրահանգը կատարելուց ու պոպուլիզմով զբաղվելուց հետո Տեր–Պետրոսյանն անցավ «non-stop» ռեժիմով ասուլիսի, որի բեմադրումը հիշեցնում էր ռուսական հեռուստատեսությունից հայտնի КВН–ի (ուրախների և հնարամիտների ակումբ) այն հատվածը, երբ թիմի սրամիտներին հարցեր են տրվում, ու նրանք փորձում են ծիծաղ առաջացնող պատասխաններ տալ։ Ծիծաղ առաջացնելու պահով, ինչ խոսք, ՀԱԿ առաջնորդին հաջողվեց գերակատարել պլանը, քանի որ և՛ հարցերը, և՛ պատասխանները «ինչ լավն է Տեր–Պետրոսյանը» ծրագրի շրջանակներում էին։

Ակնհայտ է, որ «փողոցայինների» մոտ ժանրի կրիզիս է առաջացել, և նրանք անցել են սարքովի «հարցուպատասխանի»։ Ուշագրավ է, որ հանրահավաքի մասնակիցներին հարթակից հարց ուղղվեց՝ արդյոք նրանց դո՞ւր է գալիս հանրահավաքի այս ժանրը, և արդյոք արժե՞ շարունակել այս միջոցառում–ասուլիսը։ Միտինգավորները, բնականաբար, գոռացին «այո՜»։ Ո՞վ լիներ, որ չհամաձայնվեր. նախկին նախագահի կարգավիճակով մարդն անվճար թատրոն է ցույց տալիս բաց երկնքի տակ։ Ոմանք երևի շուտվանից թատրոն չեն գնացել ու չեն ուզում առիթը բաց թողնել (հի՛–մա՛, հի՛–մա՛)։

Ի դեպ, ՀԱԿ–ի շարքերն «այո» են գոռում ցանկացած պարագայում՝ առանց խորանալու։ Օրինակ՝ նրանք «այո» գոռացին, երբ Տեր–Պետրոսյանն ասաց, որ 1996–ի նախագահական ընտրություններից հետո իշխանություններն օդ կրակեցին ու հրազենային վիրավորներ չեղան։ Բայց եթե հիշում եք, այն ժամանակ շատերին ձերբակալեցին ու դաժան ծեծի ենթարկեցին։ Ստացվում է, որ Ազատության հրապարակում հավաքվածներն ուրախ են, որ ընդդիմադիր տրամադրված մարդկանց վրա լևոնենք ոչ թե կրակել են, այլ ընդամենը դաժան ծեծի են ենթարկել ու «այո» են գոռում այդ կապակցությամբ։ Որևէ մեկը տեղում չհետաքրքրվեց՝ բա տանկե՞րն ինչու քաղաքի կենտրոնը շրջապատեցին 1996–ի սեպտեմբերի 26–ից հետո։ Ինչևէ։

Մինչ Լևոնը շոու–ասուլիսով էր զբաղված, իշխող կոալիցիայի աշխատանքային խումբը նիստ գումարեց ու որոշեց «պասլատ» անել Տեր–Պետրոսյանի «երկխոսական» առաջարկը։

«Մինչև Օպերայի հայաթում էդ միմոսությունները չթարգեք, ոչ մի «երկխոսություն»»,–ըստ էության ասված էր կոալիցիայի տարածած հայտարարության մեջ։

Փաստորեն, դուրս է գալիս, որ իշխանությունների մոտ կրկին Տեր–Պետրոսյանին նվաստացնելու փուլ է եկել (մի քանի ամիս առաջ ՀԱԿ առաջնորդին ՀՀԿ–ից առաջարկում էին Սևան ու «Օջախ» գնալ)։

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է տեղի ունենում. Լևոնը շուրջօրյա հանրահավաք է անցկացնում, և մարդիկ գիշերները վրանների տակ են քնում իրենց կարծիքով արտահերթի անցնելու, բայց իրականում Սերժ Սարգսյանից «երկխոսված» լինելու պահանջով, բայց «նագլի» իշխանությունները չեն գնահատում այդ անձնազոհությունը, չեն արժեվորում նորաթուխ Գեղամյանի վարքագիծն ու ասում են «սիկ»։ Ու դա դեռ քիչ է. զուգարաններն էլ փակ են պահում ու չեն թողնում, որ «արմատականները» հոգան իրենց բնական կարիքները մարդկանց աչքերից հեռու։

Կարելի է ասել, որ այս պահի դրությամբ ՀԱԿ–ի համար օրախնդիր է ոչ թե արտահերթ ընտրությունների անցկացման պահանջի ներքո Կառավարության ընդունելությունների տանը գյալաջի անելը, այլ արտաքնոցի՛ հարցը, գրողը տանի, արտաքնոցի՛։

Հաշվի առնելով ստեղծված գերճգնաժամային իրավիճակը՝ չի բացառվում, որ Ազատության հրապարակի շուրջօրյան վերածվի մարդկանց զուգարանային իրավունքները պաշտպանելու հզոր շարժման։ Նկատենք, որ այդ դեպքում պապիի ուզած գլխաքանակն իրոք կարող է ապահովվել և 1–ը ոչ թե 5, այլ նույնիսկ 10 կարող է դառնալ։ Գաղտնիք չէ, որ զուգարան բոլորն են գնում, և ճշիտ մարտավարության ընտրության դեպքում ՀԱԿ–ն իր շուրջը կարող է համախմբել լայն զանգվածների, որոնք կգան ու հենց հրապարակում իրենց համերաշխությունը կհայտնեն «ընդդիմադիրներին»՝ միասնաբար հոգալով բնական կարիքները։

Եվ ուրեմն, պայքա՛ր, պայքա՛ր մինչև վե՛րջ։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Երեկ Գալուստ Սահակյանը հակաիշխանական հայտարարությամբ է հանդես եկել։ Նա այլընտրանքային ուղի է առաջարկել ՀԱԿ–ին՝ կոչ անելով Ազատության հրապարակում հավաքվածներին գարշոկներ բաժանել։ Ստացվում է, որ Գ. Սահակյանը դեմ է գնում իշխանական գծին, որի նպատակն «ընդդիմությանը» «00» կաբինետից զրկելն ու անհանգիստ շարժումներով Ազատության հրապարակում շարժվել տալն է։ Ահա այսպիսի բաներ։

Այս խորագրի վերջին նյութերը