Կարծիք

25.03.2023 20:03


Ո՞վ է վճարելու նիկոլփաշինյանական ՍԴ-ի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի կայացրած որոշման գինը

Ո՞վ է վճարելու նիկոլփաշինյանական ՍԴ-ի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի կայացրած որոշման գինը

ՀՀ «անկախ» Սահմանադրական դատարանը մեր սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։ Սա շարքային քաղաքացուն ոչինչ չասող լուր է, որը սակայն բացասաբար կարող է ազդել ՀՀ շարքային ու ոչ շարքային քաղաքացիների վրա։

Հարցի սահմանադրաիրավական կողմին մասնագիտական գնահատական է ներկայացրել իրավաբան Վահե Գրիգորյանը՝ որոշումը որակելով որպես հակասահմանադրական։

Ես ՍԴ–ի որոշման մասով իրավական ոլորտ չեմ մտնի, քանզի հարցն ավելի շատ անվտանգային ու աշխարհաքաղաքական բաղադրիչ ունի։

Բանն այն է, որ օրերս Միջազգային քրեական դատարանը՝ ՄՔԴ–ն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրաման է արձակել։ Հռոմի ստատուտի անդամները, որոնք ճանաչում են ՄՔԴ–ի որոշումները, պարտավոր են կատարել այդ կառույցի կայացրած որոշումները։

ՀՀ սահմանադրական դատարանը, Ռուսաստան–Արևմուտք սուր բախման պայմաններում, իր որոշմամբ անուղղակիորեն համաձայնել է, որ Պուտինը կարող է ձերբակալվել։ Եվ սա այն դեպքում, երբ Արցախում ռուս խաղաղապահներն են կանգնած, երբ հայ–թուրքական սահմանը վերահսկում են ռուսական զորքերը, երբ ՀՀ անվտանգությունը մեծապես կախված է Ռուսաստանից, երբ ՀՀ–ն ՀԱՊԿ անդամ է, երբ հայ–ռուսական հարաբերությունները հռչակված են ռազմավարական, և երբ Փաշինյանը ասում է, թե, իբր, հայ–ռուսական հարաբերությունները փայլուն են։

Իրականությունն այն է, որ Փաշինյանը ՍԴ–ի միջոցով հերթական հակառուսական քայլն է անում՝ Հայաստանն ու Արցախը դարձնելով մանրադրամ աշխարհաքաղաքական խաղերում։

ՀՀ ՍԴ–ի կողմից Ռուսաստանի ու անձամբ Պուտինի դեմ ընդունած այս ակնհայտ թշնամական որոշումը փչացնում է հայ–ռուսական հարաբերությունները և լրջորեն սպառնում մեր անվտանգությանը։

Այստեղ հռետորական հարց է առաջանում՝ ի՞նչ իրավունքով կարող է հայ ժողովուրդը Ռուսաստանից օժանդակություն ակնկալել, երբ Նիկոլ Փաշինյանը, բոլորի հետ խաղեր տալու շրջանակներում, ակնհայտ հակառուսական քայլի է գնացել՝ փորձելով դուր գալ Արևմուտքին։ Ո՞վ է վճարելու այս ամենի գինը։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը