Քաղաքական

04.10.2011 14:51


ՕԵԿ–ը ողջունում է

ՕԵԿ–ը ողջունում է

Մեկ շաբաթով շուրջօրյա նստացույցի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը սկսել է բարձրաձայնել ավանդների հարցը: Անգամ ավանդների վերադարձման համար ստորագրահավաք են սկսել: «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից «7օր»–ը հետաքրքվել է, թե ըստ նրա՝ այս քայլով ի՞նչ նպատակ է հետապնդում Տեր-Պետրոսյանը, չէ՞ որ ավանդների հարցը մշտապես եղել է ՕԵԿ-ի ուշադրության կենտրոնում, և արդյոք դա չի նշանակում, որ Լևոն Տեր–Պետրոսյանը գնում է ՕԵԿ ճանապարհով, նրա գաղափարական գծով: Հ. Բիշարյանը պատասխանել է.

–«Օրինաց երկիր» կուսակցությունը ավանդները վերադարձնելու ջատագովներից է։ Դուք հիշում եք, որ նույնիսկ հարցի ուսումնասիրության համար Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ Ազգային Ժողովում ձևավորվեց Ժամանակավոր հանձնաժողով, որից հետո 2006թ-ից սկսվեց ավանդների վերադարձման գործընթացը: Մենք մշտապես ոչ միայն բարձրաձայնում, այլև գործնական քայլեր ենք ձեռնարկում դրանց փոխհատուցման ուղղությամբ: Այդուհանդերձ մենք ողջունում ենք բոլոր այն ուժերին, ովքեր մտահոգ են տվյալ խնդրով: Քանզի որքան շատ լինի այս խնդրի նկատմամբ հասարակական աջակցությունը, այնքանով կնպաստենք, որպեսզի մինչև վերջին ավանդատուն ստանա փոխհատուցում: Հավելեմ նաև, որ ավանդների վերադարձման գործընթացը սկսվել է դեռևս 2006 թվականից, 62800 ավանդատուներից համապատասխան գումարները ստացել են ավելի քան 40000: Այս գործընթացը ամբողջությամբ կավարտվի 2014 թվականին: Իսկ մինչ այս ավանդների փոխհատուցումը տարեկան կտրվածքով իրականացվել է հետևլալ համամասնությամբ:

2006 և 2007թթ պետական բյուջեներով նախատեսվել է մեկական մլրդ դրամ

2008թ` 1 մլրդ 300մլն դրամ

2009թ` 1մլրդ 600 մլն դրամ

2010թ` 1մլրդ 700 մլն դրամ

2011թ` 1 մլրդ 650 մլն դրամ:

«7օր»–ը ՕԵԿ խմբակցության ղեկավարի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ հատկապես իր վերջին հրապարակային ելույթներում Տեր-Պետրոսյանը քննադատական, երբեմն նաև վիրավորական արտահայտություններ է անում «Օրինաց Երկիր» և Հանրապետական կուսակցությունների հասցեին: Նույնիսկ ասաց, որ ՕԵԿ-ին ընդհանրապես չի ուզում անդրադառնալ: «Այսքանից հետո ինչպե՞ս եք պատկերացնում ՀԱԿ-ի հետ երկխոսությունը» հարցին ի պատասխան Հ. Բիշարյանն ասել է.

–Երեկ երեկոյան երկխոսությանը մասնակցող կոալիցիոն աշխատանքային խումբը տարածեց հայտարարություն, որը Ձեր տված հարցի վերաբերյալ արտահայտում է մեր տեսակետը: Այս պահին ավելին չեմ կարող ասել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը