Քաղաքական

24.03.2023 19:38


Այգիներում 10-15 բնակիչ էր աշխատում, ու ադրբեջանական կողմը սկսեց անկանոն կրակ բացել. Մաճկալաշենի գյուղապետ

Այգիներում 10-15 բնակիչ էր աշխատում, ու ադրբեջանական կողմը սկսեց անկանոն կրակ բացել. Մաճկալաշենի գյուղապետ

Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողայգիներում էտման աշխատանքներ իրականացնող 10-15 քաղաքացի էր աշխատում, երբ ադրբեջանական կողմը սկսել է անկանոն կրակ բացել բնակիչների ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը։

«Այդ խաղողի այգիները գյուղի մեջ չեն, այլ գյուղի հարեւանությամբ են։ Մոտ 10-15 մարդ էին աշխատում։ Ադրբեջանը ուզում է խանգարել, որ չաշխատենք։ Սեզոնը կապ չունի, աշնանը որ աշխատում էինք, չէին կրակում, հիմա ինչո՞ւ են կրակում. երեւի ուրիշ հարցեր կան էլի»,-ասաց Լեռնիկ Ավանեսյանը։

Նա ասաց, որ 44-օրյա պատերազմից հետո համայնքին շատ քիչ հողատարածք է մնացել։

Նշենք՝ ԱՀ ՆԳՆ-ն հաղորդել է, որ երեկ՝ մարտի 23-ին եւ այսօր առավոտյան, ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել եւ կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողայգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ: Տուժողներ չեն եղել: Դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Այս խորագրի վերջին նյութերը