Մեկնաբանություն

24.03.2023 23:46


Չկա՛ էսկալացիա... էսկալացիա կա՛, կա՛ էսկալացիա...

Չկա՛ էսկալացիա... էսկալացիա կա՛, կա՛ էսկալացիա...

Մեկ անգամ չէ, որ ընդգծել ենք (ու ոչ միայն մենք), որ Նիկոլ Փաշինյանը որքան ավելի շատ է զիջում կամ ավելի շատ զիջի, նրա սիրելի «կիրթ ու կառուցողական» Ալիևի ախորժակը ավելի ու ավելի է բացվում ու բացվելու:

Ահավասիկ. Ալիևը, առհասարակ, ադրբեջանական կողմը արդեն Հայաստանի փոխարեն գերազանցապես գործածում է «արևմտյան Ադրբեջան» մտացածին արտահայտությունը, ավելին՝ հայտարարում է, որ մինչև չլինի ադրբեջանցիների վերադարձ այդ «արևմտյան Ադրբեջան», ոչ մի «խաղաղության պայմանագիր» էլ չի լինելու:

Ակնհայտ է, չէ՞, թե որոնք են Նիկոլ Փաշինյանի նշաձողերը և որոնք՝ Ալիևինը: Նմանապես ակնհայտ է, որ ինչքան Նիկոլ Փաշինյանը իջեցնում է նշաձողը, այնքան Ալիևը բարձրացնում է ի՛ր պահանջների նշաձողը: Իսկ ինչո՞ւ չբարձրացնի, եթե դիմացինն իր առջև չոքած, կապիտուլյացիա ստորագրած և շարունակ զիջող մեկն է:

Ինչո՞ւ է այսքան բացվել Ալիևի ախորժակը: Դա էլ է պարզ: Նիկոլ Փաշինյանը գործնականում արդեն ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում: Հանձնել է: Բայց ասում է, որ Արցախում, կներեք, ինքն Արցախ բառն էլ չի օգտագործում, այլ ասում է՝ Լեռնային Ղարաբաղում հայերը պիտի անվտանգության երաշխիքներ ունենան: Ադրբեջանական կողմն էլ խաղարկում է այդ ամենը և հակադարձում այն թեզերով, որ եթե Արցախը ադրբեջանական է, ապա կարող է միայն տեղի բնակչության ինտեգրման հարց քննարկել՝ ադրբեջանական օրենքներով: Ավելին, Փաշինյանի պարտվողական մոտեցումները վերախաղարկելով՝ ադրբեջանական կողմը հայտարարում է, որ այդ դեպքում էլ իրենք ցանկանում են այսպես ասած՝ վերադառնալ Սյունիք, առհասարակ, այն բնակավայրերը, որոնցում եղել են նախքան 1988 թվականը: Լրացուցիչ խաղարկում են նաև Նիկոլ Փաշինյանի հրավիրած եվրոպական դիտորդների պարագան, որոնց տեղակայմանն Ալիևը դեմ էր հանդես գալիս: Բայց ասում են, որ այդ դիտորդներն էլ թող հետևեն, որ ադրբեջանցիների վերաբնակեցումը առանց խոչընդոտների անցնի և այլն, և այդպես շարունակ:

Կարճ ասած, Ալիևը շարունակ ավելացնում է պահանջները, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ սիրով զիջում ու զիջում է, երևի որպեսզի վերջում համոզի, թե պետք է շնորհակալ լինենք իրեն, որ, օրինակ, միայն Կոնդն ու «բոշի թաղն» է հանձնել Ալիևին, իսկ, օրինակ, Մասիվի մի մասն ու Չարբախը պահել է, «կյանքեր է փրկել», «հպարտանում է պարտությամբ» ու չգիտես, թե է՛լ ինչ ղալաթ է անում:

Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն ինքն էլ է մոլորվել իր տակուգլուխ, հակասական հայտարարույթունների մեջ: Արդեն այնքան տարբեր ու հակասական բաներ է խոստացել Արևմուտքին, Պուտինին, Էրդողանին, որ ինքն էլ է շփոթում, թե հատկապես որ մեկին ինչ էր ասել: Խառն է Նիկոլը, շատ խառը: Այնքան խառն է, որ մի քանի ժամվա տարբերությամբ տրամագծորեն միմյանց հակասող հայտարարություններ է տարածում: Մեկ հայտարարում է, թե՝ էսկալացիա կա, այսինքն՝ լարվածությունն աճում է և, փաստորեն, մի նոր աղետ է գուժում, մեկ էլ, հո՛պ, հայտարարում է, թե՝ չէ, չէ, չէ, չկա էսկալացիա կամ չի լինելու:

Սա է ինքը. գրել-հերքել, գրել-հերքել, գրել-հերքել: Մյուս կողմից, հետո, երբ հարց ծագի, ցանկացած դեպքում ինքը կարող է ասել, այ, տեսեք, զգուշացնում էի, որ էսկալացիա կա (էսկալացիա չկա, նայած՝ հանգամանքի):

Կարճ ասած՝ չկա՛ էսկալացիա, բայց էսկալացիա կա՛, կա՛ էսկալացիա: Պարզ է մի բան. էլ Նիկո՛լը չկա, այն իմաստով, որ նման մեկին իշխանության ղեկին ունենալը նույնն է, թե՝ իշխանություն չունենալ: Բայց եթե նա շարունակի նստած մնալ վարչապետի աթոռին, այլ ոչ թե տեղափոխվի վաղուց իրեն սպասող ամբաստանյալի աթոռին, ապա կարելի է ասել, որ Հայաստանից բան չի մնա:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը