Քաղաքական

23.03.2023 21:34


Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու»

Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու»

Նիկոլ Փաշինյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինելու է, և այն հիմնված է լինելու բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պաշտոնական հայտարարությունների վրա։ Նոր էսկալացիա չի լինելու։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»,-գրել է նա:

Սակայն այս իրավիճակում հարցն այն է, որ ընդամենը ժամեր առաջ կառավարության նիստի ժամանակ Փաշինյանն այլ բան էր հայտարարել։

Փաշինյանն այսօր ասել է, որ Թալիշ գյուղում մարտի 18-ին «Ադրբեջանի ղեկավարի ելույթն այլ կերպ, քան՝ ագրեսիվ, դժվար է որակել»:

«Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը։

Թալիշ գյուղում տեղի ունեցածն Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման եւ ցեղասպան քաղաքականության հիմնարար եւ հիմնավոր ապացույց է: Այդ գյուղում սեփականության իրավունքով հայերի տները քանդում է Ադրբեջանը եւ կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ:

Հայերի տները քանդելուն զուգահեռ հինավուրց հայկական կոթողների վրայից հայերեն արձանագրությունները ջնջելու գործողություններն ապօրինի են եւ հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, որտեղ ասվում էր՝ ներքին տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնում են ԼՂ եւ հարակից շրջաններ»,-կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարություններից կարելի է դուրս բերել մեկ հիմնական ուղերձ՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ակտ եւ բարձագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում:

«Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների վրա դելիմիտացիա անելու մասին, որը բացարձակապես անընդունելի է այն պատճառով, որ հակասում է բարձագույն մակարդակով ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին:

Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների խախտումներն են պատճառը, որ մենք շարունակում ենք պնդել՝ թե Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, թե ԼՂ ժողովրդի անվտանգության եւ իրավունքի հարցով Ստեփանակերտ-Բաքու ֆորմատում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար հարկավոր են հուսալի միջազգային մեխանիզմներ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նա ասել է նաեւ, որ Ադրբեջանի կողմից միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները նրան քաջալերում են գնալ նոր սադրանքների: Որպես օրինակ Նիկոլ Փաշինյանը բերել է նախօրեին Երասխի հատվածում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողի փաստը:

«Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա: Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը եւ խոսույթը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր կառավարությունը ճիշտ է ընթերցել Ադրբեջանի ուղերձները եւ այս շարունակական, ՀՀ գոյության իրավունքը կասկածի տակ դնող խոսույթն է ԼՂ հակամարտության չկարգավորման պատճառը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Եզրափակելով խոսքը՝ նա նշել է, որ «խաղաղության պայմանագիր լինելու է եւ լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր պայմանավորվածությունների վրա»:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը