Քաղաքական

23.03.2023 14:37


Ստեփանակերտում բացառում են արցախահայության ու Ադրբեջանի համատեղումը

Ստեփանակերտում բացառում են արցախահայության ու Ադրբեջանի համատեղումը

Արցախում արցախահայերն ու ադրբեջանցիները որոշակի ժամանակահատված ապրել են, բայց երբեք միմյանց ինտեգրված չեն եղել, և Ադրբեջանի կողմից առաջ քաշվող՝ «ինտեգրացիա» կոչված թեզը երբեք իրողություն չի եղել, արցախահայության ու Ադրբեջանի համատեղումը բացառված է։

Այս մասին հայտարարեցին Արցախի պաշտոնյաները՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում կազմակերպված ասուլիսի ընթացքում:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հիշեցրեց՝ ադրբեջանական կողմի՝ վերաինտեգրման վերաբերյալ ձևակերպման վերաբերյալ Արցախի պաշտոնական դիրքորոշումը հայտնի է: «Արցախը շարունակելու է իր պայքարը իրացված ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ: Հաշվի առնելով, որ երկար տարիներ Մինսկի խմբի շրջանակներում ընթանում են բանակցություններ, և 3 գերտերություն՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, երկար տարիների ուղեկցում են այս բանակցային գործընթացը, մեր համոզմամբ՝ նրանք մինչև օրս պարտավորություն են կրում ստեղծված իրավիճակի համար»,-ասաց նախարարը:

Ղազարյանը հիշեցրեց վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից բազմաթիվ սադրանքների մասին: «Հայկական կողմի հիմնավորումներն այնքան շատ են, որ յուրաքանչյուրի, այդ թվում՝ միջազգային գործընկերների համար էլ շատ պարզ, տեսանելի ու հասկանալի է, որ չի կարող արցախահայության ու Ադրբեջանի համատեղում լինել, սա ուղղակի բացառված է»,-շեշտեց ԱԳ նախարարը:

Նա վստահեցրեց՝ չնայած շրջափակման պատճառով ստեղծված բոլոր դժվարություններին՝ Արցախի ժողովուրդը հավատարիմ է իր ընտրած ճանապարհին և գործադրելու է բոլոր ջանքերը, նաև ակնկալում է աշխարհասփյուռ հայրենակիցների, բոլոր գործընկերների ակտիվ մասնակցությունն այդ պայքարում:

Այս խորագրի վերջին նյութերը