Կարծիք

23.03.2023 08:17


«Կարճ ասած»․ Մեր ընդունած օրենքները ենթակա են խախտման․ ՔՊ-ականների կոչը՝ ժողովրդին (տեսանյութ)

«Կարճ ասած»․ Մեր ընդունած օրենքները ենթակա են խախտման․ ՔՊ-ականների կոչը՝ ժողովրդին (տեսանյութ)

2022 թվականի հունիսին, կառավարության նիստի ժամանակ, երբ Սեդա Սաֆարյանին առաջադրում էին ՍԴ-ում այդ բարձր պաշտոնին, դպրոցականի պես հուզված տիկինը հույս էր հայտնում, բայց մի տեսակ խոսք էր տալիս, որ վարչապետ Նիկոլը չի զղջա իրեն առաջադրելու համար, չի հիասթափեցնի գործադիրին իրեն առաջադրելու համար։ Այսինքն, պատկերացրեք մի հատ․ ՍԴ դատավորի թեկնածու հայտարարված տիկին Սաֆարյանը իր խոսքում չի ասում, որ ծառայելու է օրենքին, սահմանադրությանը, երկրին, կառջնորդվի իր համոզմունքներով, խղճով․ ո՛չ, այդ ամենը չկար, բայց փոխարենը մի տեսակ հավատարմության խոստում էր հայտնում Նիկոլին, ասում էր՝ նենց կանեմ, չեք զղջա։ Այսինքն ստացվում է, որ նա ասում էր, որ էնպես կանի, որ Նիկոլի բոլոր ցանկությունները կատարվեն, ու որ նա հանկարծ չզղջա։ Բայց կարող ա, չէ՞, դու որոշում էիր կայացնում, որը ի շահ ժողովրդի էր կամ պետության և ոչ ի շահ ինչ-որ մեկի, օրինակ՝ իրեն առաջադրած Նիկոլ Փաշինյանի։ Չէ, նա խոստանում է, որ սաղ օրենք-մորենք մի կողմ, Փաշինյանը չի զղջալու։ Դրա համար այսօր խորհրդարանում ՔՊ-ականներերի համար լրիվ մեկ էր, որ տիկին Սաֆարյանը սահմանադրություն է խախտել, կարևորը՝ չի խախտել վարչապետի զղջալ չտալու երդումը, իրեն չի հիասթափեցրել, ուրեմն նորմալ է։ Բայց․ այնուամենայնիվ, իսկ կարող ա՞ վերջը զղջա Նիկոլ Փաշինյանը դատավոր Սեդային առաջադրելու համար, չէ՞ որ հենց սկզբից արդեն սխալմունքներով է, խախտումներով է սկսել իր պաշտոնավարումը, որ մի հատ էլ իր եքա ֆռակցիան պետքա 2 օր շարունակ Սեդայի թույլ տված սխալը արդարացնի՝ հերթական անգամ խայտառակելով ինքն իրեն։

Ազգային ժողովում տեղի ունեցած երեկվա և այսօրվա քննարկումը կարող ենք համարել ծաղր Հայաստանի քաղաքացիների, պետական ինստիտուտների նկատմամբ։ Ավելի լավ է Հայաստանում Ազգային ժողովը փակել, տեղը բացել, չգիտեմ, խոզ խանձելու տաղավարներ, քան էս բովանդակությամբ կառույց ունենալ։ Կա կոնկրետ փաստ՝ Սեդա Սաֆարյանը, լինելով Սահմանադրական դատարանի դատավոր, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Դա հակասում է օրենքին, սահմանադրությանը, սևով սպիտակի վրա գրած է՝ չի կարելի, արգելվում է, ուստի պետք է դիմել նույն ՍԴ, որ քննի իր անդամի գործողությունները ու վճռի՝ օրենքը պահելն է ճի՞շտ, թե՞ Սեդա Սաֆարյանի դեպքոմ չպահելը օք է։ Որ մենք նորմալ երկրում ապրեինք, այս պրոցեսը չէր էլ հասնի ստեղ, մամուլում հրապարակվելուց հետո, նույն առաջադրողը, չգիտեմ ՔՊ-ն, ՍԴ նախագահը անմիջապես կկանչէին Սեդային, կհորդորեին հրաժարականի դիմում տալ, իսկ ամենից ճիշտը կլիներ, որ տիկինը չսպասեր, որ որևէ մեկն իրեն հորդորեր, ինքը անմիջապես կգրեր՝ պատասխանատվություն ստանձնելով իր թույլ տված սխալի համար։ Բայց մենք գործ ունենք Փաշինյանի իշխանության ժամանակաշրջանի հետ, Սեդա Սաֆարյան անձնավորության հետ, այստեսակ սցենարը գրեթե բացառվում է։

Չեմ անդրադառնում հարցին, որ տիկինը, իմ համոզմամբ, սկի փաստաբանի էր հազիվ ձգում, էլ ուր մնաց՝ բարձր դատարանի դատավորի․ չեմ անդրադառնում նրան, որ դատավոր եղած ժամանակ ում համար փաստաբանություն է արել՝ խախտել է նրանց իրավունքները՝ զրկելով դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորությունից։ Չեմ անդրադառնում նրան, որ Սեդա Սաֆարյանը, չի էլ համբերում, արդեն ընտանիքի անդամներին տանում է ՍԴ աշխատանքի։ Կա կոնկրետ փաստ՝ տիկինը եղել է դատավոր և ձեռնարկատեր, ինչը անհամատեղելի է:

Անցած օրերին, ԱԺ-ում ելույթ ունեցան ու հարցեր ուղղեցին լիքը ՔՊ-ականներ՝ հիմնականում շեղվելով թեմայից դեպի Ռոբերտ Քոչարյան, որը բոլորովին կապ չուներ Սեդա Սաֆարյանի՝ ՍԴ դատավոր լինելուն զուգահեռ «բիզնես լեդի» լինելու մեջ։ Բոլոր ելույթ ունեցող ՔՊ-ականները հաստատեցին, որ Սեդա Սաֆարյանը խախտել է սահմանադրություն և օրենք։ Բայց ի՞նչ են ասում․ ասում են՝ խախտել է օրենքը, բայց շահույթ չի ունեցել։ Նախ ի՞նչ գիտես շահույթ ունեցել ա, թե չէ, կարող ա ունեցել ա՝ պետությանը հարիֆացրել ա․ նա քաղաքացուն մատուցել է փաստաբանական ծառայություններ, կարող ա դրա դիմաց բան ա ստացել։ Բայց դա հարցի երկրորդ կողմն է․ ի՞նչ կապ ունի՝ շահույթ ունեցել ա թե չէ, օրենքը ասում է, որ պետք է չունենա բիզնես, ունեցել ա։ Հաջորդ ՔՊ-ականն ասում է խախտում արել ա, դեմ չեմ, բայց մանր խախտում ա։ Երրորդն ասում ա խախտում է արել, բայց մնացած հարցերում խախտում չի արել, իր պարտականությունները կատարել է։ Ոնցոր ասես՝ դե հա բան չասի, մարդ է սպանել, բայց զաթո դիակը տեղափոխել է անվտանգ վայր։ Կամ ասես, դե հա գողություն ա արել, լավ չի, բայց դե տուն չի տարել, կամ տարել էրեխեքին ա տվել։ Նախ, իր անմիջական պարտավորությունը չի կատարել, որովհետև երբ ընտրվել էր դատավոր, պետք է անմիջապես գնար ու ԱՁ-ից հրաժարվեր, չի արել։ Էն մեկելն ասում ա՝ դե անփությունի է արել։ Հայաստանի դատարանները էս պահին քննում են բազմաթիվ գործեր անփությունների մասին, որոնք բերել են լուրջ հետևանքների։ Դե կոչ արեք, որ անփությության համար չպատժեն, օրենքում էլ փոփոխություն արեք՝ այլևս անփութության համար, որևէ մեկը չպիտի հետապնդվի։

Ինձ համար ամենաաբսուրդ արդարացումը դիջեյ դեպուտատինն է, ասում է՝ դե լավ, ոչինչ, եթե ստուգենք, էնքան մարդու մոտ կլինի էդ խախտումը։ «Նավակ ճոճողն» էլ լրիվ առաջ գնաց, ասում է՝ Հայաստանում օրենքները մարդկանց կյանքը բարդացնելու համար են։ ԱԺ պատգամավորները, օրենք հեղինակողները կամ դակողներն ասում են՝ դե ոչինչ, որ մեր գրած օրենքները խախտում են։ Ասում են ոնց ուզում եք՝ վարվեք մեր օրենքի հետ, հատկապես եթե ՔՊ-ական եք։ Սա իշխանության մեսիջն է ժողովրդին։ Քանի դեռ պատասխանատվություն չկա, բարդակ է, արեք ինչ ուզում եք, մենք՝ որպես օրենսդիր մարմին, արտոնում ենք։ Բա էն մարդը, որ HUMMER-ը քշում էր ոնց ուզում էր, ինչի՞ եք բռնել․ ինքը ավելի վտանգավոր բան ա արել, քան սահմանադրությունը խախտած Սեդա Սաֆարյանը՞։ Ի դեպ, հենց ՔՊ-ականներն էլ իրենց օրինակով ցույց են տալիս, որ օրենքի վրա թքած ունեն, երբեմն էդ գործունեության ընթացքում էլ բռնվում են հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։ Իրենց տներ են առնում, իրենց պարգևատրում են ու զանազան նման բաներ։

Էն մի գիշերում ԲՀԿ-ից ՔՊ-ացած Սերգեյ Բագրատյանը հարցնում ա՝ էդ որ դուք ուզում եք ապօրինությունը վերացնեք, ձեր նպատակը ո՞րն ա։ Հետո, որ տեսնում ա, որ իր ասածները չի անցնում, ավելացնում ա՝ բայց դուք չե՞ք հաշվել, որ մենք մեծամասնություն ենք, էլի Սեդային ենք ընտելու, եթե հանեն գործից, մենք շատ ենք։ Ասում ա ուղիղ տեքստով․ էլ ո՞նց ասի, որ իրենք խախտումներով լիքը հակասահմանադրական օրենքներ են անցկացրել, խախտումներով ում որ պաշտոնին ուզեցել են, նշանակել են, էլի կանեն, թքած ունեն օրենքի էլ, սահմանադրության վրա էլ։ 5 տարի ինչ ուզում անում ենք, եկել ասում եք, թե Սեդան․․․

Փոխանակ ՔՊ-ն ինքը բերեր էս նախագիծը, թեկուզ ժողովրդի աչքին թոզ փչելու համար, ասեր՝ տեսեք, մենք արդարության ջահակիր ենք, ասում են՝ արդարությունը վերականգնեք, մեկ ա, էլի խախտելու ենք, մեծամասնություն ենք։ Իսկ պատկերացնում ե՞ք, եթե Սեդա Սաֆարյանը հանկարծ լիներ ընդդիմադիր, սա վստահ եմ, լինելու էր կալանքի թեմա։ Օրինակ են բերել, թե ոնց է դատավորը հեռացվել աշխատանքից՝ մեկ օր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար, ասում են՝ մեզ դա չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է մեր Սեդան։ Գիտե՞ք, մի օր իհարկե, իր տեղը կընկնի սա, հաջորդ իշխանությունն անդրադառնալու է էս ապօրինությանը ու բոլոր աչք փակածները պատասխանատվություն են կրելու՝ որպես հանցակիցներ, բայց կարծում եմ՝ իրավաբանները կասեն, որ բոլոր այն որոշումները, որոնց կայացմանը մասնակցել է դատավոր աշխատող Սեդա Սաֆարյանը, ենթակա են վերանայման և բոլոր նրանք, ովքեր գործ են ունենալու Սահմանադրական դատարանի հետ, պետք է հաշվեն, որ այդ դատարանում կան կասկածելի պաշտոնավարող դատավորներ։

Ի դեպ, խորհրդարանում Սեդա Սաֆայանին չէին էլ պաշտպանում, ուղղակի թեման էին շեղում։ Էդ կնոջը պաշտպանող չկա, անգամ հեռուստաեթերում որպես կողմնակից անձ գնացել էր դատարանի որոշմամբ օր ու մեջ տուգանվող եղբայրը։

Ասում են՝ բա նախկինում․ այո, նախկինում էլ կար․ բայց դուք նախկինը մերժելով եք եկել՝ նույն բանն եք անում, շատ ավելի վատ ձևով եք անում։ Դուք մերժել եք միայն անձին, երևույթները դուք երբեք չեք մերժել։ Բռնի կամ կամավոր ՔՊ-ացած Սերգեյ Բագրատյանն ասում է՝ Սեդա Սաֆարյանը խախտում արել է, թե ոչ՝ դատավորը ժողովուրդն է։ Եթե ամեն ինչի դատավորը ժողովուրդն ա, բա դատարաններն ինչի՞ համար են, բա Սեդային ինչի՞ եք նշանակել դատավոր, ժողովուրդը Ֆեյսբուքում լայք դնի, որոշենք։ Բա եթե դատավորը ժողովուրդն ա, 2018 թվականին էլ Նիկոլն ա հայտարարել, բա հանձնեք, թող ժողովուրդը դատի։

Կարճ ասած՝ հասկանում եմ, որ մեր երկրում ամեն ինչ խառնվել է իրար, սահմանադրությունը, իմ կարծիքով, լիովին տապալված է, էնպես որ մի Սեդա ավել կամ պակաս ապօրինություն բան չի փոխի։ Մեր երկիրը սեդաների իշխանությունը էնպես է քանդում, որ դա շտկելու համար կտրուկ քայլեր ու որոշումներ են պետք։

Ու մի բան էլ, կոմունիստական, ռամկավար և այլ մի քանի կուսակցություն ու թիմ փոխած, ու հիմա ԱԺ-ում օդը փչացնող Վիգեն Խարչատրյանն ասում է՝ էս քննարկումներով դուք իշխանության հեղինակությունը բարձրացնում եք, ընդդիմությանը՝ իջեցնում։ Ուզում եմ ասել, որ Հայաստանում ու աշխարհում չկա մի բան, որ կարող է ձեր հեղինակությունը բարձրացնել․ այո, կարող են լինել բաներ, որոնք կգցեն ընդդիմության հեղինակությունը, բայց ձեր հեղինակությունը, թե՛ անձամբ ձեր, թե՛ ձեր ՔՊ-ի ու իշխանության, ոչինչ չի կարող բարձրացնել, անհնար է։ Պատերազմից հետո ասում էինք ՔՊ-ականերին ինքնսպանությունը կհերոսացնի, բայց հիմա դա էլ չի անցնի։ Ու այս ամենը միայն մի բանից է, որ դուք այդպես էլ չսովորեցիք ձեր սխալներին տեր լինել, անդադար սխալներ եք անում դուք, ու ձեր առաջադրած պայմանական սեդաները ու ո՛չ դուք, ո՛չ ձեր սեդաները պատասխանատվություն չեն կրում։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը