Մեկնաբանություն

23.03.2023 00:55


ԱՄՆ պետքարտուղարության «մտրակն» ու «բլիթը»

ԱՄՆ պետքարտուղարության «մտրակն» ու «բլիթը»

Նախ, «մտրակի» մասին: Որքան էլ զարմանալի կամ տարօրինակ թվա, ԱՄՆ-ն որոշել էր մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցում չխնայել Նիկոլ Փաշինյանին ու գրեթե բացեիբաց խոսել է նրա իշխանության օրոք Հայաստանում ստեղծված խայտառակագույն վիճակի մասին: Այսինքն, ամերիկյան քաղաքականության հանրահայտ թեզը, թե՝ «Սամոսան շան տղա է, բայց նա մե՛ր շան տղան է», կոնկրետ այս դեպքում չի կիրառվել:

Ինչ ասես, որ չեն արձանագրել ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում Հայաստանի մասով. Է՛լ խոսքի ազատության սահմանափակումներ, է՛լ կամայական ու հանիրավի ձերբակալումներ ու կալանավորումներ, է՛լ խոշտանգումներ ու էլ որն ասես, էլ որը:

Նիկոլ Փաշինյանի քարոզչությունը մեջտեղից ճղվում ու ճողվում է, թե՝ ժողովրդավարության սուպերգավաթակիր է դարձել Հայաստանը, ԱՄՆ պետքարտուղարությունն այնտեղից ասում է՝ դատարաններն անկախ չեն, բանակում ոչ մարտական պայմաններում մահերը պատշաճ չեք քննում, համակարգային կոռուպցիայի մեջ եք: Դաղել է, որ դաղում են «իրենց» Նիկոլ Փաշինյանին:

«Բլիթի» մասին, եթե առհասարակ, դա կարելի է այդպիսին համարել: Ավելի շուտ աղաբլիթ է, իսկ եթե ավելի խիստ մոտենանք, ապա աղ է, առանց բլիթի: Աղն էլ, ի դեպ, ոչ թե «նատրիումի քլորիդ» է, այլ՝ համարյա թե «ցիանական կալիում»:

ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան զեկույցի հրապարակման նախօրեին ոչ պակաս ուշագրավ հայտարարույթուններ եղան Հայաստանի ու Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Հիշեցնենք. երկուշաբթի ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը տարածեց տեղեկատվություն, որ «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի առաջարկի ԱՄՆ-ի օգնությունը՝ Ադրբեջանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններին աջակցելու նպատակով: Պետքարտուղար Բլինքենը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ խաղաղությանն ուղղված Հայաստանի շարունակական հանձնառության համար և կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ չլուծված հարցերի լուծումներ գտնելու համար»:

Սա էլ՝ «բլիթը», Բլինքենի «շնորհակալության» տեսքով: Բայց մեջբերված կոչն է հետաքրքիր: Նախ, այդ ի՞նչ չլուծված հարցեր են, որոնք լուծելու համար ԱՄՆ-ից Փաշինյանին կոչ կամ հորդոր են ուղղում: Հասկանալի է, թերևս, որ Նիկոլ Փաշինյանը Արևմուտքի առաջ ստանձնել է միանգամայն կոնկրետ հանձնառություններ, որոնք սակայն դեռ չի կատարել: Ու ահա, սա էլ երևի արդեն երկրորդ, եթե ոչ երրորդ դեպքն է վերջին մեկ ամսվա ընթացքում, երբ Արևմուտքից բացահայտ կոչեր են հղում Փաշինյանին, կարծես հարցնելով՝ «հը՞ն, ի՞նչ եղավ, ինչո՞ւ հանձն առածդ չես անում»:

Տպավորությունն այնպիսին է, որ Փաշինյանին հասկացնում են, որ փախչելու տեղ այլևս չունի: Իսկ եթե կարծում է, որ ունի, ապա կարող են հաշված վայրկյանների ընթացքում նրա այդ պատրանքները ցրել և ամբողջ աշխարհի առաջ ասել, թե իրականում ինչ կոշմարային ռեժիմ է նրա գլխավորած իշխանությունը, ինչպես են Հայաստանում խոշտանգում ձերբակալվածներին, ինչքանով է կոռուպցիան համակարգային ու նման բաներ: Սա նույնիկս «մտրակ» չէ, այլ՝ դագանակ:

Իսկ ամենից վատն այն է, որ ժողովուրդը, որպես այդպիսին ամենևին տեղյակ չէ, թե այդ ինչ «չլուծված հարցեր» է Նիկոլ Փաշինյանը հանձն առել լուծել: Նիկոլ Փաշինյանը, որ մեծ-մեծ խոսում էր մի քանի տարի առաջ, թե՝ գալու է և հրապարակում հայտնի, թե ինչեր է պայմանավորվել, բնականաբար, չի ասում: Չնայած, հրապարակում էլ կարծես ոչ մեկը չի պահանջում, որ ասի: Երևի ոչ մեկին դա չի էլ հետաքրքրում:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը