Մեկնաբանություն

21.03.2023 21:06


Նիկոլի անհրթիռ Սու-տը... (լուսանկար)

Նիկոլի անհրթիռ Սու-տը... (լուսանկար)

Համացանցը մի վատ հատկանիշ ունի. հիշեցնում է տարիներ առաջ նույն օրը արված հրապարակումները: Հիշեցրեց նախանցյալ տարի «բռնված» Նիկոլ Փաշինյանի բնութագրական ևս մեկ սուտ, որի մասին արժե հրապարակավ հիշեցնել: Մանավանդ, որ խոսքը Սու-30 էսէմ ռազմական ինքնաթիռների մասին է: Այո, այո, այն նույն սուպերթանկ օդանավերի, որոնք Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գնել էր պատերազմից առաջ: Բայց ինչպես հետագա դեպքերը ցույց տվեցին, այդ ռազմական գերժամանակակից տեխնիկան միայն մեկ նպատակի ծառայեց՝ Նիկոլ Փաշինյանի ինքնագովազդին: Նա, կհիշեք, ոնց էր թիթիզանում նշված օդանավերից մեկի օդաչուական խցիկում նստած, սելֆի-մելֆի էր անում: Նման քարոզչությունն, ինչ խոսք, կարող է ազդել թերևս միայն շատ միաբջիջ օրգանիզմների վրա, բայց հիմա դա չէ հարցը:

Հարցն այն է, որ երբ այդ սելֆի-մելֆիից մի քանի ամիս անց պատերազմ սկսվեց, Նիկոլ Փաշինյանի կառավարության ձեռք բերած Սու-30-երն ընդհանրապես չերևացին:

Իսկ երբ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին հարցրեցին, թե բա էն սուպեր օդանավերն ի՞նչ եղան, ինչո՞ւ դրանցով թշնամուն գոնե չանհանգստացրեցիք, նա ավելի սրամիտ բան չգտավ ասելու, քան այն, որ ռազմական օդանավը հասցրել էին գնել, բայց այ, մարտական հրթիռներ այդ օդանավի համար չէին հասցրել գնել:

Այ-այ-այ, ինչպիսի՜... հասկացաք, թե՝ ի՛նչ: Ոնց որ մեկը ասի՝ ավտոմատ եմ առել, բայց փամփուշտները չեմ վերցրել, կամ՝ ավտոմեքենա եմ առել, բայց շարժիչը դեռ չեմ հասցրել առնել:

Կարելի է որքան ասես՝ ծաղրել նման պատասխանն էլ, պատասխանողին էլ: Անգամ անեկդոտ հորինել պետք չէ, թե՝ հայկական Սու-ն օդ է բարձրանում, հետո թափով հետ է սուրում դեպի օդանավակայան, կողքից ՄիԳ-ը հարցնում է՝ ի՞նչ եղավ, էս ո՞ւր, Սու-ն էլ, թե՝ հրթիռներս տնական շալվարի գրպանում եմ թողել...

Բայց Սու-30 էսէմ մի ասա, Նիկոլի հերթական Սու-Տ ասա՛:

Ամբողջ հարցն այն է, որ նույն Նիկոլ Փաշինյանը, երբ Սու-ի հրթիռները գնել չհասցնելու և այդ պատճառով պատերազմի ժամանակ այդ օդանավերը օգտագործել չկարողանալու մասին խոսում էր, երևի մոռացել էր, թե նույն Սու-երի ֆոնին փիարվելու ժամանակ ինչեր էր ասել: Իսկ նույն Նիկոլ Փաշինյանը կոնկրետ 2020 թվականի հուլիսի 3-ին բառացիորեն գրել էր հետևյալը. «Մեր «Սու-30СМ»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել, փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար: Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»:

Այսի՞նքն: Եթե պատերազմից երկու ամիս առաջ նույն Սու-երը երկինք-երկիր հրթիռներով վարժանքի ժամանակ «բոլոր թիրախները խոցել» են, ուրեմն այդ օդանավերը գնվել են հրթիռներով հանդերձ: Հիմա, ո՞ր մի ասածն է ավելի սուտ: Ա՞յն, որ պատերազմից առաջ այդ Սու-երը, հրթիռներով հանդերձ, փորձարկվել են, թե՞ այն, որ օդանավերն առանց հրթիռների են գնել: Թե՞ երկուսն էլ սուտ են: Այն 10 տոկոսով «պայթած» «Իսկանդերի» շարքից:

Առհասարակ, երբևէ այդ Սու-երի գործարքը պետք է լուրջ քննության առարկա դառնա: Վերը նշեցինք՝ «Փաշինյանի կառավարության ձեռք բերած», բայց հարցն այն է, որ այդ միջոցները ռազմական տեխնիկայի ձեռքբերման նպատակով նախատեսված էին դեռ նախքան 2018-ի իշխանազավթումը: Ավելին, նախատեսված էր, որ այդ միջոցներով Հայաստանը պետք է ռուսական ժամանակակից ՀՕՊ (հակաօդային պաշտպանության) համակարգեր ձեռք բերի, որոնք կարող են «փակել երկինքը»: Բայց երևի դա Նիկոլ Փաշինյանի պարտվողական ծրագրերին համահունչ չէր, և բերեցին երկու ռազմական օդանավ, որոնք ոչ մի բանի պետք չեկան՝ Փաշինյանի փիարվելուց բացի:

Արթուր Խայթ

4

Այս խորագրի վերջին նյութերը