Քաղաքական

21.03.2023 12:28


«Սուրիկը չի լսել կրակոցները, մենք էլ այդ ընթանցքում անցել էինք թմբերի հետևը». հերհերի գյուղապետը մանրամասներ է հայտնում

«Սուրիկը չի լսել կրակոցները, մենք էլ այդ ընթանցքում անցել էինք թմբերի հետևը». հերհերի գյուղապետը մանրամասներ է հայտնում

Արցախի Մարտունու շրջանի Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Սուրիկ Բաղդասարյանը մարտի 19-ին իր տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս է եղել, երբ ադրբեջանցիները թիրախավորել նրա տրակտորը:

NEWS.am-ին Հերհերի գյուղապետ Արման Ալեքսանյանը պատմեց, որ Սուրիկը, սակայն, կրակոցները չի լսել։

«Մենք գյուղացիներով գնացել էինք աշխատելու Թաղավարդի հողամասերից մեկում, պարարտացնում էինք դաշտը։ Կրակոցները երբ սկսվեցին, արդեն ավարտում էինք մեր աշխատանքը, ավարտել ենք ու դուրս եկել։ Աշխատանքը կիսատ չենք թողել։ Մի անգամ կրակեցին, անցավ մի քանի րոպե, նորից կրակեցին։ Սուրիկը չի լսել կրակոցները, որովհետեւ տրակտորի ձայնը շատ բարձր էր, մենք էլ այդ ընթանցքում անցանք թմբերի հետեւը։ Բարեբախտաբար, ոչ տուժածներ ունենք, ոչ էլ վնասներ ենք կրել»,-ասաց Արման Ալեքսանյանը։

Արման Ալեքսանյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո գյուղը կորցրել է մոտ 2 հարյուր հեկտարի հասնող վարելահող։ Մնացել է միայն չեզոք դաշտավայր, որտեղ էլ ստիպված են աշխատանքներն իրականացնել։ Հիմա իրենց համար անակնկալ չեն ադրբեջանցիների կրակոցները։

Գյուղապետը նկատել է՝ սեզոանային աշխատանքներին զուգահեռ ադրբեջանցիները սկսում են ակտիվանալ։

«Չենք կարող չգնալ, չմշակել, չաշխատել, ի վերջո, ի՞նչ դաշտեր են մնացել, որ դրանք էլ չխնամենք, թուրքը հենց դա էլ կուզի։ Դաշտեր ունենք, որոնցից անզեն աչքով իրենք տեսանելի են, բայց մենք ռիսկով մշակել ենք։ Հարմարվել ենք իրավիճակին»,-պատմեց Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական մարտական դիրքերից մարտի 19-ին կրակ է արձակվել Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ: Դեպքի մասին հաղորդագրությունը փոխանցվել է ռուս խաղաղապահներին։

Այս խորագրի վերջին նյութերը