Մեկնաբանություն

21.03.2023 00:03


Ինչպես է «գերագույն» Նիկոլը փորձում փրկել շարքային Պապիկյանին

Ինչպես է «գերագույն» Նիկոլը փորձում փրկել շարքային Պապիկյանին

Երբ «թավշյա» պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի թանկարժեք բնակարանի «հարմար ու էժան» գնման մասին բացահայտումներից հետո նաև ասուլիսում այդ հարցն առճակատ տրվեց Նիկոլ Փաշինյանին, վերջինս սկսեց «կռուտիտներ» անել: Ավելի կոնկրետ, Սուրեն Պապիկյանի անմիջական ղեկավար Նիկոլ Փաշինյանը միացրեց «գեղցի շուստրավատի» ռեժիմն ու ինչ-որ չարչիաբրոքերային առաջարկներ սկսեց թոթվել, թե՝ Պապիկյանի տված գնով բնակարանը վերցրեք, հետո ձեր ասած թանկով վաճառեք, ֆլան-ֆստան:

Բայց հասկանալով, որ այստեղ այդօրինակ տարբերակներն այն էֆեկտը չեն տալիս՝ նիկոլական քարոզչությունն անցավ մշտապես պահեստային հնարքին, այն է՝ «բա նախկիննե՜րը...»: Այս կոնկրետ դեպքում Նիկոլ Փաշինյանի քարոզիչները (եթե ոչ ինքն անձամբ), իրեն բնորոշ ոճով, հրապարակ նետեցին պայմանական ասած՝ «բա հլա սրա (նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի) տանը կամ տներին նայե՜ք...»:

Եթե անգամ Հովիկ Աբրահամյանն այն տարիներին տուն կամ դղյակ է ունեցել, դա ի՞նչ կապ ունի Սուրեն Պապիկյանի, Արարատ Միրզոյանի, Փաշինյանի աներձագի հիմա՛ թանկարժեք տներ կամ դղյակներ, ամառանոցներ ունենալու հետ: Կամ, ունեցել է, արդեն 5 տարի իշխանություն եք, էհ, իրավական ընթացք տայիք, ումի՞ց եք բողոքում: Եվ վերջապես, ինչքան հայտնի է, Հովիկ Աբրահամյանի այդ՝ աչք ծակող տունն արդեն որքան ժամանակ է, ինչ Նարեկ անունով նիկոլական նորահայտ ինչ-որ օլիգարխային խորհրդավոր կերպար է ձեռք բերել:

Հիմնական հարցն այն է սակայն, որ Նիկոլ Փաշինյանն իր կառավարության ու իր թիմակիցների, այսպես ասենք՝ «թալանչիությունը» փորձում է քողարկել ու թաքցնել «նախկինների թալանչիության» տակ, ինչն արդեն ձանձրալի է դառնում: Իբր, տեսեք, «նախկինները» շատ էին թալանում, երկհարկանի դղյակ էին կառուցում, իսկ իրենք՝ նիկոլականները՝ մեկ հարկանի կամ նման մի բան: Խղճուկ է: Ծիծաղելի էլ չէ, այլ հենց խղճուկ է:

Գուցե հիշեցնե՞նք, որ աղմուկ-աղաղակով «հեղափոխություն» էիք անում ու իշխանություն էիք վերցնում ոչ թե այն կարգախոսներով, որ դուք իբր, ավելի քիչ (քի՞չ) եք «թալանելու», այլ այն կարգախոսներով, որ պետական միջոցների հաշվին չաղանալու երևույթն էիք ուզում արմատախիլ անել:

Դուք, ի դեպ, «հեղափոխություն» էիք անում, որ այսպես կոչված «օլիգարխիային» վերջ տաք: Տվեցի՞ք: Այն էլ ինչպե՜ս. նախկիններից մնացած «օլիգարխոտ» օդիոզ կերպարները, գրեթե ամբողջ կազմով, Նիկոլ Փաշինյանի կողքին են կամ իր խմբակցության կազմում, կամ իշխանության մերձակայքում: Դեռ չենք խոսում անցյալից ռեանիմացված, նաև արդեն վերջին 5 տարում ձևավորված «օլիգարխների» մասին:

Բավականին յուրօրինակ «էվոլյուցիա» է դիտարկվում Նիկոլ Փաշինյանի «կռուտիտային» տեխնոլոգիաների մեջ: Այսպես, մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հիմնական «կոդերից» մեկն այն էր, թե՝ «ժողովուրդ, մենք անձեռնահաս ենք, անտեղյակ, բան չենք հասկանում, բայց զատո՝ թալանչի չենք»: Սա արդեն արխիվային է: Մի երկու-երեք տարվա ընթացքում, երբ իշխանության բարեկեցիկ քաղցրության համը բերաններն առավ, սկսեցին այլ «կոդերով» երգել, թե՝ «ժողովուրդ, հա, մենք էլ ենք «ուտում», բայց զատո «նախկիններից» քիչ ենք ուտում»: Ասել կուզի՝ «հա, թալանչի ենք, բայց մի քիչ քի՛չ թալանչի ենք»:

Կարելի է գրեթե անսխալ ենթադրել, թե որն է լինելու հաջորդ «կոդը», եթե Նիկոլ Փաշինյանի մղձավանջային կառավարումը շարունակվի: Ասելու են. «Ո՞նց թե՝ «ինչ եք թալանում», ինչ ուզում ենք, էն էլ թալանում ենք, լավ ենք անում, դուք ո՞վ եք, վաբշե...»:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը