Կարծիք

27.04.2009 12:33


Վարդան Օսկանյանի ելույթը Բեյրութում՝ ապրիլի 24-ին

Վարդան Օսկանյանի ելույթը Բեյրութում՝ ապրիլի 24-ին

Սիրելի բարեկամներ,

Այս տարի ապրիլի 24-ին ես եկել եմ Հայաստանից, որտեղ ապրում եմ և որի քաղաքացին եմ, Սիրիայի ճանապարհով, որտեղ ծնվել եմ, Լիբանան, որտեղ ես ինձ տանն եմ զգում, որպեսզի ասեմ հետևյալը:

Մենք ապրում ենք փոխկապակցված աշխարհում և այդ պայմաններում պիտի գործենք:

Բոլոր երկրներն ապրում են ընդհանուր համայնքում, և մենք պետք է պահպանենք դա:

Բոլոր հարևանները պետք է կարողանան հատել սահմանը համագործակցության և փոխըմբռնման հասնելու համար, և ոչ թե փակեն այն և թշնամանք ու վախ սերմանեն:

Սա է այսօրվա աշխարհը, այն աշխարհը, որտեղ ես ուզում եմ ապրել: Իմ նախարարության տասը տարիները եկան վերահաստատելու իմ այն համոզմունքը, որ մենք հայերս ապրելով մի երկրում, որն իր պատմության ընթացքում ամենաշատ ոտնակոխ եղած տարածքն է, պետք է լինենք տարածաշրջանային համագործակցության նախաձեռնողը և մեր գործունեությամբ պետք է նպաստենք մեր բոլոր հարևանների հետ մերձեցմանը և անցյալի բարդ խնդիրների հաղթահարմանը:

Ես սա գիտեմ, որպես պատմության ուսանող, որպես դիվանագետ, որպես մարդ, որը հավատում է, որ քաղաքականությունը հնարավորության արվեստ է:

Այս տարի ցեղասպանության զոհերի հիշատակի 94-րդ տարելիցը մենք հույս ունեինք նշել մի փոքր այլ մթնոլորտում, մի փոքր ավելի հուսադրող և պակաս դառը հանգամանքներում, մեր ցավի մեջ պակաս միայնակ, մեր հարևանների հանդեպ պակաս անվստահության պայմաններում, մեր հնարավորությունների հանդեպ մի փորք նվազ վերապահումով, արդարության մեր փնտրտուքում միայնակ չլինելու զգացումով: Այս տարի մենք ուզում էինք մեր հարևանների աչքերում պատմության բեռն ընդունելու պատրաստակամության սկիզբը տեսնել: Բայց դա տեղի չունեցավ: Հակառակը՝ այսօր ինձ մոտ ավելի մեծ է կասկածն ու տարակուսանքը, քան մեր անկախության բոլոր նախորդ տարիների ընթացքում:

Ես բնույթով լավատես եմ: Բոլոր այն տարիներին, երբ ես ելույթ եմ ունեցել ապրիլի 24-ին, ես միշտ նրբանկատ եմ եղել, ասելով, որ մենք չենք նույնացնում այսօրվա Թուրքիայի կառավարությունը և ժողովրդին ցեղասպանություն գործած Օսմանյան կայսրության հետ:

Անկախացումից ի վեր մենք խոսել ենք Թուրքիայի հետ նորմալ երկկողմ հարաբերություններ հաստատելու մասին, առանց նախապայմանների և փոխզիջման ոգով: Անցյալը միասին հաղթահարելու մեր ցանկությանը Թուրքիան տարիներ շարունակ արձագանքել է ձգձգմամբ, տարատեսակ խոչընդոտներով և երկակի խոսակցությամբ, իսկ վերջերս էլ՝ ժեստերով:

Անզիջող հարևանի հետ սահմանը բացելու պատրաստակամությունը զիջում է: Իրենց նախնիների գործած ցեղասպանության մերժումը հովանավորող կառավարությանը համագործակցության ձեռք մեկնելը փոխզիջում է՝ լուրջ, մեծ, անվտանգության տեսանկյունից հնարավոր հետևանքներ ունեցող փոխզիջում:

Մենք ակնկալում ենք, որ աշխարհը հասկանա չճանաչված, չդատապարտված ցեղասպանության թողած իրական հետևանքները: Մենք ակնկալում ենք, որ կառավարությունները հասկանան, որ պատմական իր մեղքը չընդունող, պատմական և քաղաքական ճշմարտությունը շարունակ հերքող հզոր հարևանի հետ ապրելը անվտանգության հետ կապված մտահոգությունների առիթ է:

Եկեք մի պահ վերհիշենք անկախությունից ի վեր և այսօր դեռևս առկա մեր առաջ դրված նրանց պահանջները:

Առաջինը ցեղասպանության ճանաչման խնդրից Հայաստանի և հայերի հրաժարվելն է: Վերջերս այս պահանջը ձևակերպվել է համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու առաջարկի տեսքով: Դրա նպատակն ակնհայտորեն ցեսապանության փաստը կասկածի տակ դնելն է և գործընթացը անվերջ քննարկումների վերածելը: Ինչ պատմական հանձնաժողովի մասին է խոսքը: Ակնհայտ է' Թուրքիայից դուրս սա բոլորովին պատմական հարց չէ: Միայն Թուրքիայում է, որ պատմությունը կասկածի տակ է դրվում: Եթե դեռևս կան երկրներ, որոնք պատրաստ չեն ճանաչելու հայոց ցեղասպանությունը, դրա պատճառները քաղաքական և տնտեսական հետևանքների մասին մտահոգությունն է, այլ ոչ թե այն, որ նրանք կասկածի տակ են դնում ցեղասպանության փաստը:

Ես խնդիր չեմ տեսնում միջկառավարական հանձնաժողով ստեղծելու մեջ, որը կաշխատի բաց սահմանները հատելով, նորմալ պայմաններում հանդիպելով և տարբեր, այդ թվում և պատմական  խնդիրնեը քննարկելով: Բայց ոչ թե ցեղասպանության փաստը և պատմությունը կասկածի տակ դնելու, այլ պատմական խնդիրները միասին հաղթահարելու ուղիներ փնտրելու համար: Բայց այնպիսի հանձնաժողովի կամ ենթահանձնաժողովի ստեղծումը, որը պետք է հետազոտի ցեղասպանության խնդիրը, որպեսզի եզրակացնի, արդյոք տեղի ունեցածն իրոք ցեղասպանություն էր, թե՝ ոչ, պարզապես անընդունելի է: 

Նրանց երկրորդ պահանջն է, որ Հայաստանն ու հայերը հրաժարվեն Թուրքիայից որևէ տարածքային պահանջից: Սա ի վերջո կարող է դրսևորվել սահմանների փոխադարձ ճանաչման ձևով, դիվանագիտական հարաբերությունների հաստատման արդյունքում: Այս հանգամանքը ճշգրիտ գնահատելու համար, մենք պետք է տարանջատենք պատմական և քաղաքական իրողությունները: Աշխարհն ընդունում է մեզ' Թուրքիային և Հայաստանին մեր այսօրվա սահմաններով, և դա քաղաքական իրողություն է: Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար մենք պետք է ճանաչենք Թուրքիայի ներկայիս սահմանները: Բայց այս քաղաքական իրողությունը չպետք է ստվերի պատմական իրողությունները քննարկելու մեր իրավունքը կամ հերքի մի օր արդարության հասնելու մեր հույսերը:

Պետք չէ մոռանալ այն պատմական իրողությունը, որ հայերը ապրել են այդ տարածքներում հազարավոր տարիներ, և Հայաստանի սահմանները հազարամյակի ընթացքում հսկայական փոփոխությունների են ենթարկվել: Ոչ ոք չպետք է զարմանա, որ Արարատը պատկերված է մեր երկրի զինանշանի վրա: Հայկական թագավորությունը ժամանակին ձգվում էր ծովից ծով: Մեր սահմանների վերջին փոփոխությունը տեղի ունեցավ 20-րդ դարի սկզբին: Սևրի պայմանագրի դրույթների համաձայն Հայաստանի տարածքն այսօրվա Հայաստանից 10 անգամ ավելի մեծ պետք է լիներ: Թուրքիան մերժեց պայմանագիրը, որ ստորագրվել էր իր իսկ կառավարության կողմից, և ուժի կիրառմամբ ստեղծեց նոր դե ֆակտո իրավիճակ, որը հանգեցրեց Լոզանի պայմանագրի ստորագրմանը, որը սահմանեց մեր երկրի այսօրվա սահմանները: Դարձյալ ուզում եմ կրկնել, ես խնդիր չեմ տեսնում սահմանների ճանաչման մեջ, առանց հրաժարվելու մեր պատմությունից կամ ապագայի հանդեպ մեր հույսերից:

Վերջապես, Թուրքիան ակնկալում է ղարաբաղյան հարցի կարգավորում: Խնդիրն այն է, որ նրանց կողմից ակնկալվող լուծումը լիովին տարբեր է մեր ակնկալիքներից: Այս հարցում համընկնող շահեր չկան: Ավելին, քանի որ Թուրքիան հասկանում է, որ ղարաբաղյան հարցում համապարփակ լուծումը մոտ ապագայի խնդիր չէ, նրանք պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները վերադարձվեն Ադրբեջանին: Եթե նախորդ երկու նախապայմանների դեպքում որոշ դիվանագիտական ձևակերպումներով փոխհամաձայնության հասնելու հնարավորություն կա, ապա այս դեպքում դա բոլորովին անհնար է:   

Թուրքիան ուզում է, որ մենք սահմանի բացման դիմաց հրաժարվենք հենց այն տարածքներից, որ մեզ պաշտպանում են 2015-ին 1915-ի հնարավոր կրկնությունից:

Սիրելի բարեկամներ,

Ցեղասպանության հետևանքով մեր կորուստները հսկայական են և անհամար' տարածքային, մարդկային, մշակութային, հոգեբանական: Դրանք անդառնալի կորուստներ են:

Այս դեռևս չսպիացած արհավիրքը Թուրքիան ավելի է խորացնում՝ ժխտելով ցեղասպանության փաստը: Ցեղասպանության ժխտումը ցեղասպանության շարունակություն է: Թուրքիան պնդում է, որ 1915 թ. իրադարձությունները ցեղասպանություն որակելը վիրավորանք է ուղղված թուրք ժողովրդին: Ես կարծում եմ, որ հասուն հասարակության համար, որն ընդունում է խոսքի ազատությունը, վիրավորանքի պատրվակը պարզունակ և անհեթեթ պատճառաբանություն է: Բայց, եթե նույնիսկ ընդունենք, որ դա այդպես է, հեշտությամբ կարելի է ասել, որ թուրքական պետությունն ինքն է ստեղծել սեփական իմիջը, սեփական ինքնությունը, իրականությունը չարտացոլող սեփական նորագույն պատմությունը: Այժմ էլ, ստեղծելով տեղեկատվական ու կրթական այդ անջրպետը, Թուրքիան մտահոգված է, որ իր սեփական ժողովուրդը կվիրավորվի ճշմարտությունից: Բարեբախտաբար սակայն, թուրք հասարակության մեջ գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ փորձում են հաշտվել իրենց սեփական և մեր ընդհանուր պատմության հետ: Պետք է ընդունել, որ նրանք փոքրաթիվ են, բայց նրանք խոհեմ, անկեղծ և համարձակ մարդիկ են: Ոգեշնչվելով Հրանտ Դինքի նվիրումից և առաջնորդվելով սեփական բարոյականությամբ, նրանք աշխատում են նվազեցնել մեր միջև եղած անջրպետը: Ոչ ոք չի ակնկալում, որ սա արագ և հեշտ գործընթաց կլինի: Բայց մենք միշտ գիտեինք, որ այդ գործընթացի հաջողության համար կարևոր է, որ այն նախաձեռնվեր թուրք հասարակության ներսից:

Նրանց համար ամենամեծ խոչընդոտն իրենց սեփական կառավարությունն է: Պարզապես անհեթեթ է, որ 94 տարի անց Թուրքիան դեռևս շարունակում է պնդել, որ հայերի կողմից ցեղասպանության վերաբերյալ պնդումները երբևէ պատմական ու իրավական հիմք չեն ունեցել:

Ի լրումն սեփական պատմությունը և պատասխանատվությունը հերքելուն, Թուրքիան հիմա էլ չարաշահում է Հայաստանի կառավարության բարի կամքի դրսևորումը: Ես չեմ ուզում, որ մենք կասկածենք, որ Հայատանի կառավարությունը անկեղծ էր Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մեջ: Բայց այդ կամքի դրսևորումից մինչ օրս իրավիճակն այնքան է փոխվել, այնքան շատ նախապայմաններ են առաջ քաշվել, որ ամբողջ գործընթացը անորոշության մեջ է: Սրա ամենաթարմ դրսևորումը ցեղասպանության տարելիցից ընդամենը երկու օր առաջ երկու երկրների արտգործնախարարությունների համատեղ հայտարարությունն էր:

Եթե ապրիլի 24-ի նախօրեին նման հայտարարությունը պարզապես պատահականություն է, ապա սա վկայում է, որ մեր իշխանություններն անտարբեր են մեր համընդհանուր զգացմունքների հանդեպ: Սա անհասկանալի է: Բայց եթե սա արվել է միտումնավոր, ինչ որ մեկի առաջարկով կամ գուցե պնդմամբ, դրա փոխարեն ինչ որ բանի ակնկալիքով, դա նշանակում է, որ մենք ցեղասպանության ճանաչման խնդիրն առևտրի առարկա ենք դարձրել: Սա արդեն ոչ թե անհասկանալի է, այլ անընդունելի:

Անկախությունից ի վեր Հայաստանի բոլոր կառավարություններին հաջողվել է դիմագրավել Հայաստանից զիջումներ պոկելու Թուրքիայի և Ադրբեջանի ջանքերին: Ես հույս ունեմ, որ այսօրվա հայրենի իշխանությունները նույնպես բավականաչափ խոհեմություն, համարձակություն ու հաստատակամություն կունենան անելու նույնը:

Սիրելի բարեկամներ,

Միայն 20-րդ դարում 15 ցեղասպանություն է տեղի ունեցել: Այդ ցեղասպանությունների զոհերն ունեն իրենց հիշողության վայրերը: Այն ինչ ֆրանսիացիները կոչում են  "les lieux infames de mռmoire"  (հուշերի տխրահռչակ վայրեր) ամենուր են:  Դրանք' մարդկանց որևէ հատվածի, դասի, ազգային խմբի, ցեղի կամ կրոնի պատկանելու համար, նրանց կրած սարսափի, ջարդերի, կոտորածների ու անխնա սպանությունների վայրերն են: Կամբոջացիների համար դրանք սպանդի դաշտերն են, 21-րդ դարի երեխաների համար' Դարֆուրը: Հայերիս համար' Տեր Զորի անապատն է: Ես այս շաբաթվա սկզբին Տեր Զորում էի և ես հասկացա, որ մեր մեծ հայրերի և մայրերի կյանքի և մահվան միջև կանգնել է միայն բախտը և անապատի ավազը: Ես մտածեցի, թե ինչպես է հնարավոր, որ 94 տարի անց էլ մենք դեռ ճանաչման կոչ ենք անում, որպեսզի 2015 թ. մենք հավաքվենք միայն հիշատակման համար: Որոնք են մարդկային արժեքները, եթե մենք՝ զոհերս, դեռ ստիպված ենք աշխարհին և ցեղասպանություն իրականացնողների հետնորդներին բացատրել, որ մեր միակ ցանկությունն է անցյալի սխալների ընդունումը և ապագայում ճիշտն անելու պատրաստակամությունը:

Այս խորագրի վերջին նյութերը