Քաղաքական

18.03.2023 09:50


Իսկ Փաշինյանի արձանն օրինակա՞ն է դրված․ «Հրապարակ»

Իսկ Փաշինյանի արձանն օրինակա՞ն է դրված․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Երեկ լուր էինք հրապարակել, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը համայնքապետերին հրահանգ է ուղարկել, որ աջակցեն միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին տեղադրված խաչերը, խաչքարերն ու հուշարձաններն ապամոնտաժելուն։ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին հարցրինք, թե ինչպես է վերաբերվում այդ որոշմանը։

«Եթե նման բան կա, պետք է բացատրեն, թե ինչու, տրամաբանությունը ո՞րն է, եւ երկրորդը՝ ավելի լավ է իրենք այդ միջպետական ճանապարհներին եղած ու ընդհանրապե փողոցներին եղած անպետք, կեղտոտ կրպակներով զբաղվեն, որոնք կոչվում են «բուտկա», եւ այն այլանդակ շինարարություններով, որոնք տեղի են ունենում ամեն օր ու առանց որեւէ չափանիշների, առանց որեւէ չափորոշիչների․ իրենց պարտականությունն այդտեղ է ավելիով։ Խաչե՞րն են մնացել ու վնասում իրեն՝ չեմ հասկանում։ Ապօրինի արձաններ էլ կան տեղադրված, ընդ որում՝ իրենց քաղաքական ղեկավարի արձանը, օրինակա՞ն է այն տեղադրված, դա ապամոնտաժելո՞ւ են»,-պատասխանեց սրբազանը։

Տեսակետ կա, որ խաչերն ու խաչքարերը հեռացնում են ճանապարհներից՝ որպես բարեկամության ժեստ Ադրբեջանին, որ եթե մի օր ադրբեջանցիները Հայաստանի ճամփեքով անցնեն, հանկարծ խաչ ու խաչքար չտեսնեն։ «Ես չեմ կարող որեւէ մեկնաբանություն տալ, անկեղծորեն եմ ասում՝ չգիտեմ, ո՛չ որոշումը գիտեմ ինչ է, ո՛չ բովանդակությունը գիտեմ, ո՛չ էլ տրամաբանությունը։ Ամեն ենթատեքստ էլ կարող է լինել»,-արձագանքեց Բագրատ սրբազանը։

Ճանապարհներին տեղադրված խաչերն ու խաչքարերը, հուշարձանները հիմնականում տեղադրվում են քաղաքացիների կողմից՝ ի հիշատակ կորցրած հարազատի կամ հավատքից ելնելով։ Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին հարցրինք՝ արդյոք մարդու իրավունքների խախտում չէ՞, երբ նրանց տեղադրած հուշարձանները, խաչերը, խաչքարերը հեռացնում են, չէ՞ որ մարդիկ կրոնական զգացմունքներ ունեն։ Ալավերդյանը նշեց, որ պետությունը շարժվում է հարկադրանքի ու պատժի տրամաբանությամբ․ «Այդ հարցին կա դրական լուծում, ինչո՞ւ են այդպես անում, ի՞նչ հիմնավորում կա դրան։ Ես համոզված եմ, որ այդ որոշումը հիմնավորելու են նրանով, որ դրանք դրվել են առանց համապատասխան թույլտվության, ես այդպես եմ ենթադրում։ Կարծում եմ՝ եթե հիմնավորումը դա է, ապա նախեւառաջ ՏԻՄ-երը պետք է դիտարկեն տեղադրված խաչերն ու խաչքարերը, հստակեցնեն, թե ինչ առումով են դրանք անվտանգության սպառնալիք կամ այլ բան, եւ հետո պիտի դրանք օրինականացնեն։ Նախեւառաջ անհրաժեշտ է տեղում՝ ՏԻՄ-երում, անցկացնել քննարկումներ։ Այո, ցանկացած զոհվածի հարազատ կամ հուշարձանի տեղադրող վիրավորվելու է, որ անգամ իրենց չեն հարցրել։ Ի՞նչ է նշանակում, որ իրենք դա հանելու են, չէ՞ որ դա խաչքար է, դա ամենագռեհիկ լուծումն է, փոխարենը նրբանկատություն ցուցաբերեն։ Այստեղ ես տեսնում եմ այն բացը, որը բնութագրական է իշխանությունների առօրյա աշխատանքին, ես մի կողմ եմ թողնում, թե իրենք ինչի համար են եկել, իրենք այդ նպատակներին շատ հետեւողականորեն գնում են։ Ես խոսում եմ այն մասին, որ, բացի հարկադրանքից ու պատժից, ուրիշ այլ մեթոդով չեն գործում։ Անկախ նրանից, թե այդ ճանապարհը միջպետական է, թե ինչ է, եթե դա վերաբերում է համայնքի կոնկրետ բնակչին, ապա նախեւառաջ պիտի տեղի ունենար քննարկում, եւ մարդասիրական սկզբունքներով լուծում գտնվեր, այլ ոչ թե անմիջապես այդպիսի գործողությունների կամ հրամանների անցնեին»։

Այս խորագրի վերջին նյութերը