Մեկնաբանություն

18.03.2023 01:05


Եթե ո՛չ ինքնասպան ես եղել, ո՛չ էլ հեռացել ես, հիմա ումի՞ց ես ինչ ուզում

Եթե ո՛չ ինքնասպան ես եղել, ո՛չ էլ հեռացել ես, հիմա ումի՞ց ես ինչ ուզում

Անհավատելի կթվա, բայց Նիկոլ Փաշինյանի ԱԳՆ-ն հայտարարությամբ արձագանքել է իրենց սիրելի «կիրթ ու կառուցողական» գործընկեր, հայատյաց Իլհամ Ալիևի՝ Անկարայում հնչեցրած նոր սպառնալիքներին, մասնավորապես՝ «արևմտյան Ադրբեջանի», Արցախի հայաթափման, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հնչեցրածներին:

Ու ահա, Փաշինյանի ԱԳՆ-ն հակադարձում ու հայտարարում է, որ Ալիևը, Հայաստանի ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ, «կոպտորեն խախտում է ոչ միայն ՄԱԿ կանոնադրությունը, Պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության միջազգային իրավունքի սկզունքների վերաբերյալ ՄԱԿ ԳԱ հռչակագիրը, Ալմաթայի հռչակագիրը, այլ նաև Պրահայի և Սոչիի հայտարարություններով իր իսկ ստանձնած պարտավորությունները», որոնց հղում է անում իր ելույթում:

Փաշինյանի ԱԳՆ հայտարարությունն ամբողջությամբ չմեջբերենք, հետաքրրվողներն ինքնուրույն էլ կարող են այն բացել, ընթերցել: Այո՛, Ալիևը խախտում է, այն էլ՝ կոպտորեն ու ոչ առաջին անգամ: Իսկ Արարատ Միրզոյանն ու իր շեֆը ի՞նչ էին կարծում, որ չպիտի խախտի՞: Լո՞ւրջ: Այն որ Չավուշօղլուի հետ հարազատից էլ ջերմորեն գրկախառնվում-նկարվում էր Միրզոյան Արարատը, իսկապե՞ս կարծում էր, թե հարցերը լուծեցին, Ալիևից պրծան, Արցախը տվեցին, իրենց իշխանության մնալու դիմաց ու՝ վերջ:

Կամ, որ Պրահայում Էրդողանի ու Ալիևի պահանջներն ընդունեցին, ուրեմն՝ դրանով պրծա՞ն: Կներեք, եթե որևէ մեկը նման ընկալում է ունեցել, ուրեմն նման անձնավորությունը կա՛մ անուղղելի միամիտ է, կա՛մ անբուժելի անուղեղ:

Գնացել, պրահաներում ու մյունխեններում թշնամու պահանջները բավարարել են, հիմա էլ տեսեք-տեսեք՝ հայտարարություն են տարածում, թե՝ հասե՜ք, թշնամին սպառնում է մեզ կոտորել:

Կամ, օրինակ, որ Նիկոլ Փաշինյանի ԱԳՆ-ն անընդհատ Ալմաթիի հռչակագրին հղում է անում՝ դրանով թշնամու ձեռքը միտումնավոր լրացուցիչ կռվան տալով, ինչո՞ւ ոչ մի անգամ «չի հիշում», որ ԱՊՀ վերաբերյալ այդ անտեր հռչակագիրը Հայաստանը ժամանակին (ի դեպ, նախքան Ադրբեջանի միանալը) ընդունել է շատ կոնկրետ ու ներառյալ արձանագրված վերապահումներով առ այն, որ դա Արցախին չի՛ վերաբերվում:

Իսկ ամենից զավեշտականը Փաշինյանի ԱԳՆ-ի հայտարարության այս հատվածն է. «Անկարայում նման սադրիչ թեզեր հնչեցնելը նպատակ ունի ոչ միայն խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները, այլև արգելակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դրական դինամիկան»:

Վայ, ձյուն ու կարկուտ տեղա թուրքի հետ բարեկամություն անելու սիրահար, «թո՛ւրք» վիրավորական բնորոշումից չվիրավորվող ձեր թավշահեղափոխական գլուխներին: Բա երբ թշնամու հետ նամակագրական գաղտնի խաղեր էիք տալիս, թշնամու հետ վերելակվում էիք, թշնամու դիմաց կապիտուլյացվում էիք, ուրիշ բա՞ն էիք ակնկալում, որ լիներ: Այսինքն, Նիկոլ Փաշինյանն ու նրա Արարատ Միրզոյանը ուզում են ասել, որ լրջորեն հավատացել են, որ եթե Պրահայում Էրդողանի ու Ալիևի ասածներն ընդունել են, ուրեմն արդեն Ադրբեջանի հետ խաղաղ են լինելու, Թուրքիայի հետ էլ իրենք ու իրենց օլիգարխոները առուտուր են անելո՞ւ: Էրդողանն ասել է, որ եթե ուզում եք Թուրքիայի հետ տալ-առնելիք ունենալ, պիտի Ալիևի պահանջը կատարեք: Էհ, Մակրոնից սկսած, Մարիա Զախարովայով վերջացրած, բոլորն էլ գիտեն, որ ասել եք՝ հա: Էլ հիմիկվա կոտրատվելնե՞րդ ինչի համար է: Իբր՝ վայ, ինչպիսի՜ անակնկալ, Ալիևը Արցախն ուզում է հայաթափել, քիչ չի, Հայաստանն էլ «արևմտյան Ադրբեջան» է անվանում:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու Արցախը տարել է պարտության: Նիկոլ Փաշինյանը հնարավոր ու անհնար ամեն ինչ արել է, որպեսզի թշնամիներին Հայաստանի ու Արցախի վրա հարձակվելու լեգիտիմ հիմքեր տա, պատերազմի ժամանակ էլ որքան կարող է՝ սխալ ու աղետային որոշումներ է ընդունել, հետո էլ՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան:

Հիմա եթե նոյեմբերի 9-ից հետո ո՛չ ինքնասպան ես եղել, ո՛չ էլ անգամ հեռացել ես, ումի՞ց ես ինչ ուզում: Թե՞ նման հայտարարություն տարածելն էլ ակնհայտ նշմարվող վերահաս աղետներից հետո «կռուտիտ» լինելու համար չեն:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը