Մեկնաբանություն

17.03.2023 12:40


Պրահա կա, ապագա՛ չկա... Փաշինյանի հետ

Պրահա կա, ապագա՛ չկա... Փաշինյանի հետ

Այն, որ Նիկոլ Փաշինյանը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում Միշելի ու Մակրոնի միջնորդությամբ Ալիև-Էրդողան զույգի հետ շփումներում 2022-ի հոկտեմբերին վերջնականորեն ընդունել է թշնամու տարբերակը՝ «Արցախը Ադրբեջան է, և՝ վերջ», շատերին պարզ էր այդ «շփումներից» անմիջապես հետո հնչած հայտարարություններից: Մյուսները, ովքեր քպ-ական չեն կամ քպ-ական թմրաքարոզչութան տակ չեն մնացել, նույնքան արագ հասկացան, որ Պրահայում էլի կտրուկ «իրավիճակ» է փոխվել՝ է՛լ ավելի վատանալու ուղղությամբ: Ճակատագրի դառնագույն ծաղր է հնչում, բայց Պրահայում Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, թշնամիների հետ պայմանավորվել է մի բան, որը շատ ավելի վատն է, քան մենք ստացանք 44–օրյա պատերազմի արդյունում:

Այն, որ Փաշինյանը Պրահայում համաձայնել է հանձնել Արցախը, առավել քան թափանցիկ հուշում են նաև օտարագզի գործիչների, կոնկրետ՝ Ռուսաստանից հնչող հայտարարությունները: Նախ՝ ՌԴ նախագահ Պուտինը դեռ ամիսներ առաջ ակնարկեց դրա մասին: Հետո՝ ԱԳ նախարար Լավրովը: Իսկ նախօրեին էլ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան միանգամայն պարզորոշ նշեց. «...Հայաստանի ղեկավարության հայտարարությունները մենք դիտարկում ենք որպես այն գծի շարունակություն, որը որդեգրվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթաժողովում՝ Եվրամիության հովանու ներքո։ Ուստի թողնում ենք հայկական կողմի խղճին, նկատի ունեմ Հայաստանի ղեկավարության, Լեռնային Ղարաբաղի ճակատագրի համար երրորդ երկրների վրա պատասխանատվությունը դնելու փորձերը»:

Ի վերջո Պարահայում ձեռք բերված համաձայնություններից Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ խոսեց նաև Ալիևը։

Հընթացս նկատենք, որ եթե ոչ այնքան վաղուց Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին արձագանքել էր Պուտինը, ապա դրանից հետո նաև սահուն իջեցվել է այն ստատուսային աստիճանը, որով Ռուսաստանից հակադարձում են «ՀՀ վարչապետ» գրությամբ սաղավարտով ատոմակայանում շրջողին: Նրա հայտարարույթուններին արդեն ոչ թե նույնիսկ Լավրովն է արձագանքում, այլ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը: Պետք է ենթադրել, որ հաջորդ արձագանքը Նիկոլ Փաշինյանի ասածներին կբարձրաձայնի Ռուսաստանի ԱԳՆ պահակը կամ բակապան-դվոռնիկը:

Այս «պատմության» մեջ անգամ խնդիր չկա: Պրահայում Նիկոլ Փաշինյանը ընդունել է Ալիևի պահանջը, որ Արցախը ադրբեջանական է, ինչից է՛լ ավելի ոգևորված՝ Ալիևը դրանից անմիջապես հետո ձեռնմուխ է եղել Արցախի հայությանը շրջափակմամբ ու ճնշման այլ եղանակներով հայրենազրկելուն: Եվ, եթե Փաշինյանն ընդունել է, որ Արցախն ադրբեջանական է, ապա Բերձորի (թշնամականով՝ Լավչինի) միջանցքի հարցն էլ է օրակարգից դուրս գալիս: Միջանցք դեպի՝ ո՞ւր, դեպի «ադրբեջանական տարա՞ծք»: Եվ, միաժամանակ, օրակարգից դուրս է գալիս նաև ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը, և գոհ են թե՛ Ադրբեջանն ու Թուրքիան, թե՛ Արևմուտքը: Իսկ Ռուսաստանին էլ, նման պայմաններում, այլ բան չի մնում, քան Ալիևի հետ առանձին պայմանավորվելը: Դրա համար էլ, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախի անվտանգության երաշխավորության հարցը ուզում է ռուսական գրպանը նետել, Մարիա Զախարովան դա թողնում է «հայկական կողմի խղճին»: Չնայած, երևի Կրեմլում էլ հրաշալի տեղյակ են, որ «հայկական կողմը»՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, խիղճ, որպես այդպիսին, չունի, անխիղճ է:

Այնպես որ՝ Պրահա կա, ապագա՛ չկա... Փաշինյանի հետ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը