Մեկնաբանություն

16.03.2023 23:30


Սորոսանիկոլական պարեկների արկածները Հայաստանում

Սորոսանիկոլական պարեկների արկածները Հայաստանում

Գրեթե օր չի անցնում, որ ոստիկանական պարեկների հետ կապված մի արկածային պատմություն չհայտնվի լրահոսում և հանրության ուշադրության կենտրոնում: Չենք հասցնում ինչպես հարկն է՝ «խորանալ» այն զմայլելի տեղեկության վրա, որ այնինչ պարեկը այսինչ գյուղում բռնվել է գողություն կատարելու վրա և տանտիրոջ կողմից ենթարկվել թռիչքի՝ երկրորդ հարկի պատշգամբից: Հասկանալի է, բռնվել է: Եվ մեկ էլ, խնդրեմ, մեկ ուրիշ պարեկ ինչ-որ բյուրեղային թմրամիջոց տարածելու վրա է բռնվել: Մեկը՝ մյուսից գլուխգործոց են:

Կամ էլ մի 20-25 պարեկ-ոստիկանով Հանրապետության հրապարակում ընկնում են ավտոխուլիգանի ետևից ու... չեն կարողանում վնասազերծել: Կամ էլ հակառակը՝ մարզերից մեկի գյուղերից մեկում տանտերն ահազանգում է, որ գոմից գողություն են ուզում անել, պարեկները գալիս են ու ենթադրյալ գողին այնպես են վնասազերծում, որ նա արդեն հանգուցյալ է: Կամ էլ՝ ինչպես նախօրեին, էլի մարզերից մեկի գյուղամեջում ինչ-որ ծեծկռտուք է տեղի ունենում՝ էլի պարեկների մասնակցությամբ, ըստ պաշտոնական վարկածի, նրանց ինչ-որ մեկը հայհոյել է (հենց այնպե՞ս): Կամ գնում են, օրվա իշխանության քաղաքական հակառակորդների ետևից են ընկնում ճանապարհներին...

Քրդին քոլոզ չեկավ, Հայաստանին՝ պարեկ: Պարեկներն առօրյա խոսքուզրույցում արդեն անեկդոտային պերսոնաժներ են դարձել ու ընկալվում: Սոցցանցերը հեղեղված են պարեկների արկածներին վերաբերող սրախոսություններով, վրդովված արձագանքներով, ծաղրական դիտարկումներով:

Մեկ էլ իմանում ես, որ մի 5-6 ոստիկանով գնացել ու այգում գիրք կարդացող կնոջն են հակաօրինական կարգով փորձում խուզարկել, այսպես ասած՝ «անձնական զննության» անվան տակ: Կամ էլ տեղեկանում ես, որ ոստիկանները ծեծել են ծեծի ենթարկված քաղաքացու, որպեսզի իմանան, թե նրան... ով է ծեծել: Դե, քննության ժամանակ կարևորը սեփական «պոչի» վրա չկանգնելն է:

Եվ այս ամենը տեղի է ունենում մեր օրերում, մեր կողքին: Տեղի է ունենում այն պայմաններում, երբ դրսից ստացված գրանտային ու ոչ միայն ահռելի գումարներ են ուղղվել ոստիկանության այսպես կոչված «բարեփոխմանը»: Ահռելի միջոցներ են ծախսվել պարեկային ծառայություն հավաքագրելու և նախապատրաստելու վրա: Պետական միջոցներից ուղղակիորեն միլիարդներ են տրվել (շրջանառվում էր 9 միլիարդ դրամ թիվը) ոստիկանությանը, որպես պարգևավճար: Ավելին, շատ է խոսվում այն մասին, որ սորոսական շրջանակներն են հանձն առել ոստիկանության «բարեփոխման աշխատանքները»: Եվ՝ ի՞նչ: Սա՞ է արդյունքը: Նման «արկածներ», առհասարակ, առանց նման ծախսերի էլ կարելի էր ապահովել:

Ի դեպ, այսօր երկրում իշխանության է մի խումբ, որի կարկառուն ներկայացուցիչները՝ Փաշինյանի գլխավորությամբ, երբ դեռ ընդդիմություն էին «աշխատում», օրումեջ հայտարարություններ էին անում, թե՝ Հայաստանը ոստիկանապետության է վերածվել ու նման բաներ: Բայց հենց Նիկոլ Փաշինյանը գրավեց իշխանությունը, երկրում միակ կառույցը, որն անշեղորեն աճել ու բարգավաճել է, ոստիկանությունն է: Եվ բաշխվում էին պարգևավճարները, որոնցով Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ուղղակիորեն գնեց ոստիկաններին, որոնք կրծքով պաշտպանում էին փաշինյանական իշխանությունը: Հիմա էլ, ուրեմն՝ պարեկները: Արկածային:

Ո՞ւր են այն «ռոմանծիկները», որ, հիշո՞ւմ եք, «Հոկտեմբերյանից «քաշած» եկել էին» հրապարակ 2018-ին... Ա՜, նրա՞նք էլ են պարեկ հավաքագրվել: Դատելով արկածներից՝ միանգամայն հնարավոր է:

Անհամբեր սպասում ենք պարեկների մասնակցությամբ հերթական արկածին, ցանկալի է, իհարկե, առանց զոհերի ու վնասվածքների, առանց այդ էլ՝ Փաշինյանի իշխանության օրոք զոհերի ու մահերի մասին տեղեկությունները առօրյա են դարձել:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը