Մեկնաբանություն

16.03.2023 19:30


Ինչպե՞ս կարող է աղետաբերը խաղաղություն բերել, որքա՞ն կարելի է… «կուտ ուտել»

Ինչպե՞ս կարող է աղետաբերը խաղաղություն բերել, որքա՞ն կարելի է… «կուտ ուտել»

Լավ, ի՞նչ էր ուզում իր վերջին ասուլիսով, որը կարելի է հակիրճ բնորոշել որպես «մուտիտ, սուտիտ, կռուտիտ»: Չէ, թաքնաբանական մտավարժանքների անհրաժեշտություն չկա՝ այնքան ակնհայտ ու բացահայտ է ամենը:

Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանի ասուլիսի խնդիրը ասուլիսատուին կանխատեսվող նոր աղետներից կամ դրանց հետևանքների համար պատասխանատվությունից ապահովագրելն էր: Իբր՝ տեսեք, ասացի, չէ՞, որ վատ է լինելու կամ նման մի բան:

Եթե կողմնակի դիտորդի կարգավիճակում լինեինք, այդ ամենը կարող էր անգամ զավեշտական թվալ: Բայց վատն այն է, որ ոչ թե կողմնակի դիտողի կարգավիճակում ենք, այլ այս մղձավանջի մեջ ուղղակիորեն տապակվողի վիճակում:

Տեսեք, Նիկոլ Փաշինյանը, թե՛ կապիտուլյացիոն հայտարարությամբ, թե՛ առավել ևս վերջին երկու տարիներին վարած քաղաքականությամբ ու քայլերով, թե՛ մանավանդ, Պրահայում Ալիև-Էրդողան զույգի հետ նույնիսկ կապիտուլյացիայից վատ պայմանավորվածություններ կայացնելով, գործնականում ամեն ինչ արել է, որպեսզի իրադարձությունների ընթացքը հանգի հերթական ռազմական լարվածության: Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է, որպեսզի գրգռի արևմտյան ու արևելյան թուրքերի ախորժակը՝ Հայաստանը վերջնականապես վերացնելու առումով: Եվ մեկ էլ՝ հո՛պ, Նիկոլ Փաշինյանը ելնում է ու կեղծավոր-մոնոտոն ձայնով հայտարարում է, թե էսկալացիայի, ասել է թե՝ լարվածության սպառնալիքն իրական է, այս, այն:

Մեկ այլ օրինակ (իրականում շատ երկար կարելի է շարունակել). Նիկոլ Փաշինյանն ու նրա քպ-ական թիմը գործնականում ամեն ինչ արել և անում են՝ ՀԱՊԿ-ից տարանջատվելու, Ռուսաստանին հնարավորինս դուրս մղելու կամ առնվազն Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար (այլ բան որ չլինի, Հայաստանում ռուսական ռազմաբազայի գոյությունն անվտանգության սպառնալիք բնորոշելու մասին հայտարարությունը լիովին բավարար էր, չնայած միայն դա չէ): Եվ մեկ էլ՝ հո՛պ, նույն Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում հայտարարում է, թե… մտահոգված են ՀԱՊԿ-ի պահով, այս այն: Հա, բայց ինքն է նախորդած քայլերով ձգտել դրան:

Ասուլիսի ժամանակ գործընկերներից մեկը շատ լավ ծաղկաքաղ էր արել Նիկոլ Փաշինյանի՝ տարբեր տարիների հայտարարություններից, որոնք խորապես միմյանց հակասում են, ու փորձեց պարզել, թե այդ հակասական բաները ասած Նիկոլ Փաշինյաններից ո՞րն է «բնօրինակը»:

Բայց թույլ տանք մեզ ենթադրել, որ այդ բոլոր հակասական Նիկոլ Փաշինյաններն են հենց հավաքական «բնօրինակը»: Դա հենց ինքն է, հասկանո՞ւմ եք: Ինքը միշտ էլ ասել ու ասում է մի բան, որից հանգիստ կարող է կարճ ժամանակ անց հրաժարվել, ավելին՝ հայտնի մատաղացու կենդանուն հիշեցնող հայացք ընդունելով գրեթե երդվել, որ ինքը երբեք նման բան չի ասել: Հիշո՞ւմ եք՝ «ես գործարա՞ն եմ բացել… ես նման բա՞ն եմ ասել…»: Քանի՜ անգամ է եղել:

Դա նրա գործելակերպն է՝ գրել-հերքել, գրել-հերքել, գրել-հերքել-գրել-ժխտել, կարևորը, վերջում մի անհեթեթ «սիրում եմ բոլորիդ» ասել, ու՝ վերջ:

Եվ հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է Հայաստանի ու Արցախի վրա հարձակվելու վերաբերյալ ադրբեջանական սպառնալիքներից, երբ խոսում է լարվածության աճի սպառնալիքից և այդպես շարունակ, նա ընդամենը փորձում է ինքզինքը ապահովագրել: Շատ հնարավոր է, որ նա արդեն լարվածության ու մնացյալի մասին նախապայմանավորվել է:

Առհասարակ, «ժողովուրդ», «լեգիտիմ», «ժողովրդավարություն» բառերից հետո, հատկապես վերջին տարիներին, Նիկոլ Փաշինյանը գերչարաշահել է «խաղաղություն» բառը: Բայց ոչ մի խաղաղություն նա չի բերել ու չէր էլ կարող բերել: Նա ասել է՝ «խաղաղություն» ու բերել մահ, ավեր, կորուստ, ողբերգություն: Ու, քանի դեռ նա ասում է՝ «խաղաղություն», նշանակում է՝ հող է նախապատրաստում հաջորդող աղետներից հետո «կռուտիտներ» անելու համար: Եթե, իհարկե, «կռուտիտ անելու» տեղ և բնակչություն մնա: Մյուս կողմից՝ որքան կարելի է «կուտ ուտել»:

Այսքանից հետո մեկ հիմնական հարց է բաց մնում. դեռ որքա՞ն է հանդուրժվելու Նիկոլ Փաշինյանի աղետաբեր, գլխակեր իշխանությունը: Ի վերջո, այդ իշխանությունից ձերբազատվելու, ազատագրվելու հողը, եթե ոչ՝ հողերը վաղո՜ւց նախապատրաստված են:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը