Քաղաքական

16.03.2023 09:34


«Հեղափոխությունը» ազգի ու պետության գլխին թափվող փորձանքների տեսքով շարունակվում է․ «Փաստ»

«Հեղափոխությունը» ազգի ու պետության գլխին թափվող փորձանքների տեսքով շարունակվում է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Խորհրդային ժամանակների մի քայլերգ կար՝ հանրահայտ Իոսիֆ Կոբզոնի կատարմամբ: Ասում էր՝ հեղափոխությունն ունի սկիզբ, հեղափոխությունը վե՛րջ չունի: Հիմա մերն է, ավելի ճիշտ՝ «քայլողներինը»: Նախօրեի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե բա՝ «հեղափոխությունը չի հասել իր տրամաբանական ավարտին, հեղափոխությունը շարունակվում է»: Այս դեպքում իսկապես կարելի է ասել՝ էդ մեզ սպառնո՞ւմ ես: Չէ՛, լո՞ւրջ: Բոլորս էլ գիտենք, տեսնում ենք, որ «հեղափոխությունը», ազգի ու պետության գլխին թափվող շարունակական փորձանքների տեսքով ու որպես մի հավաքական պատուհաս, շարունակվում է:

Թե բա՝ «փլուզվող աշխարհ», «փլուզվող շենք», չմոռանանք՝ «ակը տակից թռած ավտո»: Իրավիճակում, կամ ավելի տեղին է ասել՝ մղձավանջի, եթե կուզեք՝ քպղձավանջի պայմաններում, որի մեջ հայտնվել ենք, հայտարարել, թե՝ «հեղափոխությունը շարունակվում է», նույնն է, թե ասես՝ «պատուհասը շարունակվելու է»: Թեպետ, երևի դա էլ նկատի ուներ, ասելն էլ ինչպե՞ս է լինում: Նիկոլ Փաշինյանի մի քանի ժամանոց ճապաղ ասուլիսի հիմնական միտքն այն էր, որ փորձանքներն ու կորուստները շարունակվելու են: Այո, տեսնում ենք, որ «հեղափոխությունը շարունակվում է»: Եվ քանի դեռ «հեղափոխությունը շարունակվում է», «ապագա» չի լինելու, առնվազն Հայաստանի, Արցախի ու հայության համար: Չի՛ լինելու, որովհետև այդ «հեղափոխության» գլխավոր թիրախը Հայաստանն ու Արցախն են, նպատակը՝ Հայաստանն ու Արցախը կործանելն է:

Քանի դեռ վերջնական կործանումը արձանագրված չէ, իսկ «շարժիչ ուժն» էլ ղեկի մոտ է, «հեղափոխությունը շարունակվելու է»: Այսինքն՝ շարունակվելու են աղետները, մահերը, կորուստները: «Պրոֆեսիոնալ հեղափոխականներին» (այսինքն՝ իրենց համար «հեղափոխությունը» մասնագիտություն է, ապրուստի միջոց) նման շարունակությունը պետք է, դա իրենց հացուջուրն է: Բայց երկրի հետ կործանվող մնացյալի՞ ինչին է պետք այդ մահաբեր ու երկրաքանդ «հեղափոխության» շարունակումն ու «տրամաբանական ավարտը», թող յուրաքանչյուրն ինքնուրույն հետևություն անի»:

Այս խորագրի վերջին նյութերը