Քաղաքական

16.03.2023 07:04


Փաշինյանը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղը Հայաստան է, և վե՛րջ»․ և ինչպե՞ս դա ստացվեց նրա մոտ․ Զատուլին

Փաշինյանը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղը Հայաստան է, և վե՛րջ»․ և ինչպե՞ս դա ստացվեց նրա մոտ․ Զատուլին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն իր Telegram-ալիքում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները այն պատճառների մասին, որոնք դրդել են Հայաստանի իշխանություններին արգելել որոշ անձանց մուտքը երկիր։

«Երեկ ՀՀ վարչապետ Փաշինյանը հարկ համարեց մեկնաբանել Հայաստան անցանկալի հայրենակիցների եւ Հայաստանի բարեկամների մուտքը արգելելու իր անխոնջ գործունեությունը։ Նրան հարցրեցին Մարգարիտա Սիմոնյանի Արամ Գաբրելյանովի, իմ եւ անհայտ թվով անձանց արգելքի մասին, որոնց ցուցակը չի հրապարակվել։

Պարոն Փաշինյանը, ի պատասխան, ստեց։ Արդեն որպես ավանդույթ։ Ստացվում է, որ «նրանք», այսինքն՝ մենք, չէին կարողանա «առանց վիզայի նույնիսկ մտնել իրենց հայրենիքի տարածք», եթե հայրենիքի (Ռուսաստանի) հանդեպ անեին «առնվազն 1 տոկոսն այն ամենի, ինչ են արել են Հայաստանի հանդեպ»։

Իսկ ի՞նչ են արել «նրանք», այսինքն՝ մենք։

Ես ունեմ իմ ցուցակը: Ես հայ չեմ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեմ եւ երբեք չեմ եղել։ Բայց իմ հասարակական, քաղաքական եւ խորհրդարանական գործունեության ավելի քան երեսուն տարիների ընթացքում հանդես եմ եկել պատմական հիշողության, ռուս եւ հայ ժողովուրդների բարեկամության, հենց Հայաստանի կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սատարելու օգտին։ Դե, օրինակ, 1995 թվականին դարձել եմ Ռուսաստանի Դաշնության կողմից Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման բանաձեւի հեղինակ։ Կամ, ավելի մոտ այսօրվան, ստեղծել եմ 2018 թվականին ռուս-հայկական «Լազարեւյան ակումբը» եւ կազմակերպել Լեռնային Ղարաբաղի բնակչության պատվաստումը կորոնավիրուսի դեմ 2021 թվականին։ Եվ այլն:

Ես Հայաստանում շատ ընկերներ ունեմ, բայց, վարչապետի կարծիքով, սխալ մարդկանց հետ եմ ընկերություն անում։ Ի դեպ, արդեն անցյալ տարի արգելքից հետո նա ինձ մոտ է ուղարկել ՀՀ ներկայիս դեսպանին՝ հուսալով «պարտադրել ընկերություն անել նրանց հետ», ում հետ անհրաժեշտ է։ Խե՜ղճ դեսպան։ Բայց այն ամենը, ինչ երեկ հնչեց ՝ «ոմանց», այսինքն իմ հանդեպ Փաշինյանի պահանջների ցանկում, ինչ-որ զառանցանք է, որ «ոմանք» Հայաստանի կառավարությունից պահանջում են կատարել միջանցք տրամադրելու իր խոստումները։

Պարզություն մտցնեմ։ Անցյալ տարի փաշինյանական քարոզիչների ստերից զոմբիացած մի լրագրող ինձ հեռախոսով հարց տվեց. «Ինչո՞ւ է Ռուսաստանը պահանջում Հայաստանից Ադրբեջանին Զանգեզուրի միջանցք տրամադրել»։ Ստիպված էի ասել, որ բանն ամենեւին էլ Ռուսաստանը չէ, նրան պետք չէ որեւէ միջանցք Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, այլ «հաղորդակցությունները բացելու» Հայաստանի ներկայիս իշխանության որոշ խոստումները, մասնավորապես, Ադրբեջանի հետ Արեւմուտքում ստորագրված արձանագրությունը։ Այսինքն՝ մեզ մի դիմեք ինչ-որ միջանցքների հարցով։ Ահա այսքանը: Պետք է ապուշ կամ Փաշինյան լինես, որ այս հիմքով պնդես, որ Հայաստանի կառավարությունից պահանջում եմ միջանցք բացել իր տարածքով։ Երեւում է, Փաշինյանի համար ինչ-որ Կորոտչենկոյի հետ նույն դեմքն ունեմ, ինչպես Ֆրունզիկը Բուբայի հետ «Միմինո»-ում՝ ճապոնացիների համար։

Իմ նկատմամբ Նիկոլ Փաշինյանի հակակրանքի իրական պատճառը նույնն է, ինչ մյուսների նկատմամբ։ Նիկոլը կարծում է, որ «Հայաստանը ես եմ»։ Դե, Լյուդովիկոս XIV-ը գոնե ինչ-որ հիմքեր ուներ։ Որո՞նք են Փաշինյանի հիմքերը։

Ինչպես հայտնի է, նա հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղը Հայաստան է, եւ վե՛րջ»․ Եվ ինչպե՞ս դա ստացվեց նրա մոտ։

Կոնստանտին Զատուլին»,-ասվում է գրառման մեջ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը