Մեկնաբանություն

15.03.2023 19:55


Իսկ ո՞վ է «բանակի 5-րդ շարասյան» գլխավոր հրամանատարը

Իսկ ո՞վ է «բանակի 5-րդ շարասյան» գլխավոր հրամանատարը

Վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը «սուզվեց» իրեն հոգեհարազատ շրիշակատակերը և հայտարարեց, թե պատերազմում պարտվելու պատճառն այն է, որ «բանակում 5-րդ շարասյուն» կար: Ասել կուզի՝ բանակում, զինված ուժերում դավաճանների կազմակերպված խումբ է եղել, որն էլ քաղպայմանագրի «Նապոլեոնի» պարտվելու և երկիրը, ազգը, բանակը աղետի մատնելու պատճառն է դարձել:

Ախ, այդ դավաճանները… «խեղճ Նիկոլն ի՜նչ աներ», չէ՞:

Սա, կներեք, արդեն ծիծաղելի էլ չէ: Թերևս միայն ստախոսության ու «կռուտիտների» մրցաշարին կարելի էր Փաշինյանի այդ հայտարարույթունը ներկայացնել:

Դե ինչ, Նիկոլ Փաշինյանը չի հոգնում ստելուց, իրողությունները խեղաթյուրելուց, անհեթեթություններ ասելուց, մենք էլ չենք հոգնի նրա ստերն ու հորինվածքները մերկացնելուց:

Նախ, բանակում «5-րդ շարասյան» մասին: Սա հայտարարում է մեկը, ում ձեռքերում ահա արդեն գրեթե 5 տարի է, ինչ կենտրոնացված է պետության ամբողջ իշխանությունը, կենտրոնացած են բոլոր իրավապահ, քննչական, հատուկ մարմինները, որի կրնկի տակ են դրված դատախազությունը, դատարանները: Կարճ ասած, բացարձակ բռնապետ է և բացարձակ իշխանություն: Առանց Նիկոլ Փաշինյանի իմացության անգամ գյուղապետ, ասենք, ի՜նչ գյուղապետ, գյուղի գրադարանավարուհի չի փոխվում կամ նշանակվում: Ու նման իշխանություն կենտրոնացած անձնավորությունը, պարզվում է, բանակում «5-րդ շարասյուն» լինել-չլինելու մասին խոսում է պատերազմից… գրեթե երկուսուկես տարի անց:

Սա այն նույն Նիկոլ Փաշինյանն է, որ սահմանային մարտերից հետո բռերով մեդալներ ու շքանշաններ էր բաժանում, բանակի մասին բարձրագոչ հայտարարություններ էր անում: Եվ ընդհանրապես, երկու տարի, նախքան 2020 թվականն ինչո՞վ էր զբաղված:

Բայց, եթե եղել է բանակում «5-րդ շարասյուն», ապա այդ «5-րդ շարասյան» գերագույն գլխավոր հրամանատարը եղել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

Իշխանությունը վերցնելուց հետո, իսկապես, ինչո՞վ էր զբաղված Նիկոլ Փաշինյանը: Իսկ ահա, թե ինչով էր նա զբաղված: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը զբաղված էր Արցախի խնդրի կարգավորման բանակցային գործընթացը բացարձակ փակուղի մղելով, զբաղված էր խնդրի վերաբերյալ հակասական հայտարարություններ անելով, զբաղված էր բանակցային գործընթացի նախորդած տասնամյակների արդյունքները զրոյացնելով: Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանը զբաղված էր նրանով, որ հնարավորինս լեգիտիմացնի թշնամու՝ ռազմական գործողույթունների դիմելու նրկտումները:

Է՛լ ինչով էր զբաղված Նիկոլ Փաշինյանը: Զբաղված էր Ալիևի ներկայացուցչից իր բանագնացի միջոցով նամակ-մամակ ստանալով:

Զբաղված էր բանակային խոշոր ստորաբաժանումների հրամանատարներին փոփոխելով, զբաղված էր ԼՂՀ ՊԲ հրամանատարական կազմը կազմաքանդելով: Առհասարակ, բանակը կազմաքանդելով էր զբաղված:

Վերջնահաշվում Նիկոլ Փաշինյանը, ստանձնելով Հայաստանի վարչապետի պաշտոնը, զբաղված էր Արցախը հանձնելու նախապատրաստական աշխատանքներով: Եվ նա՞ է խոսում «5-րդ շարասյունից»:

Ո՞վ, եթե ոչ Նիկոլ Փաշինյանն էր, որ պատերազմի ընթացքում գործնականում բանակից տարանջատված պահեց առավել փորձառու ռազմական գործիչներին: Ո՞վ, եթե ոչ Նիկոլ Փաշինյանն էր՝ իր քարոզչամեքենայով, որ 44 օր շարունակ տարածում էր «Հաղթելու ենք», անգամ 2020-ի նոյեմբերի 9-ի երեկոյան, երբ արդեն ինքն էլ գիտեր, թե ինչ կապիտուլյացիոն հայտարարություն է ստորագրելու, անգամ այդ պահին, ահա, նա ապատեղեկացնում էր հանրությանը, թե՝ «Շուշիի համար համառ մարտերը շարունակվում են» ու նման բաներ:

Ո՞վ է խոսել «Իսկանդերի» 10 տոկոս կրակելուց: Ո՞վ է անհրթիռ Սու-եր գնելու որոշում ընդունել: Ախր ո՞ր մեկն ասես, ո՞րը թողնես…

Առհասարակ, ո՞վ է 4-5 տարվա մեջ պաշտպանության 4-5 նախարար նշանակել:

Կամ, լավ, 2020-ին բանակում, իբր «5-րդ շարասյուն» է եղել, հապա 2021-ի՞ն, բա 2022-ի՞ն:

Եղել է, թե չի եղել «5-րդ շարասյուն», թող պատկան մարմինները հայտարարեն, թող Նիկոլ Փաշինյանին «չեստ տված գեներալները» ասեն:

Բայց այն, որ Նիկոլ Փաշինյանը «5-րդ շարասյան» գլխավոր հրամանատար է, անգամ ասել պետք չէ: Ցավոք, դրա տեսանելի հետևանքները՝ ի դեմս ծվատված Արցախի ու պարբերական հարվածի տակ դրված Հայաստանի Հանրապետության, ինքնին խոսուն են:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը