Լրահոս

03.10.2011 13:40


Է. Շարմազանով. «Կլինի՞ երկխոսություն, թե՞ ոչ, ես ապագայի մասին ոչինչ ասել չեմ կարող»

Է. Շարմազանով. «Կլինի՞ երկխոսություն, թե՞ ոչ, ես ապագայի մասին ոչինչ ասել չեմ կարող»

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «7օր»–ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ինչպես է վերաբերվում այն փաստին, որ ՀԱԿիշխանություն երկխոսության հարցը կախված է ոմն երիտասարդից (խոսքը Տիգրան Առաքելյանի մասին է, ում ազատազրկման փաստն առկախեց երկխոսությունը, իսկ վերջերս էլ նույն երիտասարդի նամակով Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարեց երկխոսությունը շարունակելու պատրաստակամության մասին), ասել է, որ իր կարծիքն այս հարցի վերաբերյալ միշտ էլ նույնն է եղել։

–Եթե նման խնդիր կա, ցանկացած դեպքում այդ հարցը պետք է իրավապահ դաշտում քննարկեն։ Կարծում եմ (այսինքն, ոչ թե կարծում եմ, այլ երևաց), որ Կոնգրեսն էլ այդ կարծիքին է, և պահանջը հանեցին,–ասել է նա։

Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ այն հայտարարությունը, թե Տիգրան Առաքելյանը նամակ է գրել խնդրանքով, որ իր կալանքը երկխոսության առկախման պատճառ չդառնա, պարզապես մանևրելու ձև է։

–Սա մարտավարական հնարք է,–ընդգծել է նա։

Հարցին՝ իսկ ՀՀԿ–ն իմանալով, որ այս ամենը ՀԱԿ–ի կողմից խաղ է, տրվելո՞ւ է խաղերին և շարունակելո՞ւ է երկխոսությունը, ՀՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանել է, որ ՀՀԿ–ն երբեք չի տրվում խաղերին։

–ՀՀԿ–ն՝ որպես քաղաքական ուժ, ինքն է առաջարկում իր օրակարգը՝ երկրի շահերից ելնելով։ Կոնկրետ երկխոսության հետ կապված ասեմ, որ այն առկախել է ՀԱԿ–ը, և պարոն Մինասյանն էլ ասել է, որ ՀԱԿ–ը պետք է բացատրություն տա՝ ինչու առկախեց երկխոսությունը և ինչու է ուզում շարունակել։ Քանի դեռ կոալիցիոն աշխատանքային խումբը չի վերսկսել քննարկումները՝ կլինի՞ երկխոսություն, թե՞ ոչ, ես ապագայի մասին ոչինչ ասել չեմ կարող,–ասել է նա։

Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ այսօր պետք է սկսվեն կոալիցիոն քննարկումները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը