Կարծիք

13.03.2023 10:22


Կոռուպցիայի նոր մեթոդ․ վարկեր իշխանության ներկայացուցիչներին

Կոռուպցիայի նոր մեթոդ․ վարկեր իշխանության ներկայացուցիչներին

Իշխանափոխությունից հետո պետական նորելուկ պաշտոնյաները հատուկ թուլություն ունեն վարկերի նկատմամբ։ Համատարած շարժական ու անշարժ գույք են գնում, և որպեսզի չերևա, թե այս կարճ ժամանակում որտեղից հասցրեցին կուտակել այդ հսկայական ունեցվածքը, վարկեր են ձևակերպում ու ցույց տալիս, թե վարկերով են գնել։

Նախկինում ապառիկով հեռուստացույց կամ փոշեկուլ հազիվ էին կարողանում գնել, իշխանափոխությունից հետո սկսեցին թանկարժեք մեքենաներ ու բնակարաններ գնել, առանձնատներ կառուցել, ճոխ ծախսեր անել։ Ում հարցնում ես, պարզվում է՝ վարկով է արել՝ հիպոթեք է ձևակերպել ու բնակարան կամ այլ գույք գնել։

Մեկը հարցնի՝ ի՞նչ հույսով եք մտել այդպիսի բեռի տակ և ինչո՞վ եք փակում այդ վարկերը։

Արդարանում են, որ բարձր աշխատավարձ են ստանում։ Չեն ասում, որ այդ բարձր աշխատավարձերն իրականում ստացվել են պետության հաշվին վճարվող պարգևավճարներից։ Եթե չլինեին պարգևավճարները, նախարարի աշխատավարձը կլիներ ոչ թե 1,5 միլիոն, այլ, ասենք՝ 700 հազար դրամ, հարկերը հանած՝ գուցե և ավելի քիչ։ Այդ գումարով նույն Սուրեն Պապիկյանն իր 69 մլն դրամանոց բնակարանի վա՞րկը պիտի սպասարկեր, թե՞ ապրեր։

Հիմա ո՞ւմ հաշվին են այս մարդիկ վարկերով այսպես համատարած բնակարան կամ այլ գույք գնում։ Պարզ չէ՞, որ պետության։ Պետությունից փողը վերցնում են ու լուծում իրենց խնդիրները։

Սա իրականում թաքնված կոռուպցիա է ու պետական միջոցների բացահայտ վատնում։

Սուրեն Պապիկյանը հիպոթեք է վերցնում 69 մլն դրամով մայրաքաղաքի կենտրոնում 165 քառակուսի մետր բնակարան ձեռք բերելու համար։ Դեռ մի կողմ թողնենք այն, որ բնակարանը ձեռք է բերվել շուկայականից անհամեմատ էժան գնով, ինչը շատերի մոտ արդարացված կասկածներ է առաջացրել՝ գործարքի կոռուպցիոն ռիսկերի առումով։ Մինչև իշխանափոխությունը Սուրեն Պապիկյանը նույնիսկ չէր կարող երազել այդպիսի բնակարան ունենալու մասին. մայրաքաղաքի կենտրոնում 165 քառակուսի մետր։ Այլևս նախկինը չեն, մեկ-երկու սենյականոցով կամ 60-70 քառակուսի մետրանոց բնակարանով արդեն չեն բավարարվում, պետք է էլիտար բնակարաններ լինեն կամ առանձնատներ։

Ամեն մարդ չի կարող իրեն թույլ տալ այդպիսի բնակարան գնել, բայց պետական պաշտոնյաները, պարզվում է, լավ էլ կարող են։ Ու սա միայն Սուրեն Պապիկյանին չի վերաբերում։

Հայտնի մյուս օրինակն էլ Արարատ Միրզոյանն է, ով վերջերս 280 հազար դոլարանոց առանձնատուն ձեռք բերեց ու կրկին հիպոթեքով։ Նախկինում ապառիկով հեռուստացույց հազիվ էր կարողանում ձեռք բերել, հիմա 280 հազար դոլարանոց առանձնատուն է գնում։

Կամ Ալեն Սիմոնյանը, որը իշխանափոխությունից շատ չանցած վաճառեց իշխանափոխությունից մեկ տարի առաջ 22 մլն դրամով գնած շուրջ 78 քառակուսի մետր բնակարանը 120 միլիոն դրամով և նույն մուտքում, նույն ժամանակահատվածում գնեց գրեթե կրկնակի մեծ՝ 145 քառակուսի մետր բնակարան, բայց ավելի ցածր գնով՝ 114 միլիոն դրամով։

Եվս մեկ առանձնատուն՝ 140 հազար դոլարով Ալեն Սիմոնյանի ընտանիքը ձեռք բերեց 2020 թվականին:

Կամ Նիկոլ Փաշինյանի աներձագը, որն իշխանափոխությունից հետո հասցրել է մի քանի շարժական ու անշարժ գույքի տեր դառնալ։

Իսկ քանի՞ այդպիսի այլ պաշտոնյաներ կան, որոնց ձեռքբերումները դեռ չեն հանրայնացվել։

Շենքը, որտեղ բնակարան է գնել Սուրեն Պապիկյանը, կառուցապատող ընկերությունը՝ ի դեմս նախկին պաշտոնյա ու պատգամավոր, ներկա իշխանությունների հետ սերտ հարաբերություններ հաստատած Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ Գրուպի», փորձել է պարզաբանել գնային այն «արտոնյալ» կարգավիճակը, որը ստացել է Պաշտանության նախարարը և համարել, որ դրանում արտառոց ոչինչ չկա. նախապես ամրագրում իրականացրած անձինք հետագայում գնման իրավունքի պայմանագիր կնքում և անշարժ գույքը ձեռք են բերում ամրագրման պահին սահմանված արժեքով:

«Հետևաբար՝ ակնհայտ է, որ ավելի վաղ ամրագրում իրականացրած անձինք անշարժ գույքը ձեռք են բերում ավելի ցածր գնով, քան ավելի ուշ ամրագրում իրականացրած կամ ընդհանրապես առանց ամրագրման գնում իրականացնող անձինք»,-հայտարարել է «Ջերմուկ գրուպը»՝ հավանաբար չպատկերացնելով, թե դրանով ինչ հարվածի տակ է դրել իրեն։

Ո՞վ կարող է երաշխավորել, որ ամրագրումները նախկինում են կատարվել և դրանով ընկերությունը, ստվերային պայմանավորվածությունների ու ֆինանսական շարժերի միջոցով, արհեստականորեն չի նվազեցրել բնակարանների գները, որպեսզի ավելի քիչ հարկային պարտավորություններ գոյանան պետության նկատմամբ։ Կասկած չկա, որ դա կարող է ձեռնտու լինել՝ ինչպես գնորդի, այնպես էլ՝ կառուցապատողի համար։ Մեկի դեպքում չեն երևում իրական ֆինանսական շարժերը, որոնք նպատակահարմար չէ, որ երևան, որովհետև հարցեր կարող են առաջանալ դրանց ծագման վերաբերյալ, մյուսի դեպքում՝ թույլ են տալիս խուսափել հարկային պարտավորություններից։

Այլապես, ինչպե՞ս կարող էր կարճ ժամանակում գների գրեթե 2,5 անգամ տարբերություն առաջանալ։

Հայտնի է, որ վաճառքի գներն արհեստականորեն նվազեցնելու և հարկերից խուսափելու պատճառաբանությամբ իշխանության եկած այս քաղաքական թիմը ժամանակին նախկինների նկատմամբ տարբեր քրեական վարույթներ էր հարուցում։ Այլ բան, որ դա գուցե իշխանությանը սերտաճած գործարարներին կամ նախկինից եկած պաշտոնյաներին չի սպառնում, նրանք վայելում են իշխանության բարձր օղակների հովանավորությունը ու կարող են իրենց հարցերն այլ ճանապարհներով լուծել։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահին, ով երկար տարիներ պետական բարձր պաշտոններ է զբաղեցրել նախկինների օրոք, իշխանափոխությունից հետո սահուն անցել է նորերի կողմը, և չգիտես՝ իր որ արժանիքների համար շարունակում է բարձր պաշտոն զբաղեցնել, հարցնում են, թե՝ որտեղի՞ց ձեզ և ձեր ընտանիքին այդ քանակության անշարժ գույքերը՝ ավտոկայանատեղիները, շենք-շինությունները, հողամասերը, կաթսայատները և այլն, ասում է, որևէ նման «անհամար քանակներ չկան»։ Մյուսների դեպքում հատուկ գործողություններ են իրականացնում ու բացահայտումներ անում, իսկ յուրայինները ստվերում են։

Այսպես են պայքարում կոռուպցիայի ու չարաշահումների դեմ։

Կոռուպցիայի դեմ պայքարից են խոսում, բայց պետական ամբողջ համակարգը՝ վերից վար, թաթախված է կոռուպցիայի մեջ։

Նախկիններից էին բողոքում, որ պետական գնումներում կոռուպցիա կա, հիմա իրենք մասսայաբար պետական գնումները կատարում են մեկ անձից, որը համարվում է ամենաբարձր կոռուպցիոն ռիսկ պարունակողը։ Զարմանալի չէ, որ այդպիսի գնումները կատարվում են հենց իշխանություններին մոտ կանգնած կամ ուղղակիորեն առնչություն ունեցող ընկերություններից։

Ինչպե՞ս է ստացվում, որ պետական հիմնարկները, այդ թվում՝ կառավարության աշխատակազմը, նախընտրում են ԱՊՊԱ պայմանագրերը կնքել հենց իշխանության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ փոխկապակցված ընկերությունից։ Մեկ այլ դեպքում պետական արարողակարգի հետ կապված ճաշկերույթները հանկարծ սպասարկում է իշխանությունների հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ գտնվող մեկ այլ ընկերություն ու կրկին մեկ անձից կատարվող գնման միջոցով։

Պետական գնումները դարձել են իշխանությունների հետ փոխկապակցված անձանց համար փող աշխատելու լավ միջոց։ Բոլորը հանկարծ դարձան հաջողակ գործարարներ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը