Քաղաքական

11.03.2023 13:11


«Մեդլայն Կլինիկ»-ի տնօրենին կալանավորելուց առաջ «Մխիթար Հերացու» մեդալ են տվել

«Մեդլայն Կլինիկ»-ի տնօրենին կալանավորելուց առաջ «Մխիթար Հերացու» մեդալ են տվել

Հակակառուպցիոն կենտրոնը երեկ՝ մարտի 10-ին հայտնեց, որ ձերբակալել է 11 անձի՝ կորոնավիրուսի ժամանակ չարաշահումների համար։

Մինչ ձերբակալումը, խուզարկել էին Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակը (Գևորգ Սիմոնյանը 2020-22 թվականներին եղել է առողջապահության փոխնախարարը)։

Ձերբակալվածների թվում է նաև «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բաբկեն Շահումյանը, որը այսօր կալանավորվեց։

Բաբկեն Շահումյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, կազմակերպել է նույն ընկերության բժիշկների կողմից պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելը և իրացնելը, ինչպես նաև նույն անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։

Մասնավորապես՝ Բ. Շ.-ի կազմակերպմամբ բժշկական կազմակերպության բժիշկներից առնվազն 8-ը սոմատիկ բաժանմունքում 2020թ. հուլիսից 2021թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում ստացած 385 պացիենտի հիվանդության պատմագրերում կեղծ տեղեկություններ են ներառել, թե իբր հիշյալ պացիենտները բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում, որի վերաբերյալ այնուհետև կեղծ հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Պարզվում է, սակայն, որ նույն կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում ներդրած ավանդի համար «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի հիմնադիր Բաբկեն Շահումյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից 2021 թվականի մայիսի 26-ին պարգևատրվել է «Մխիթար Հերացու» մեդալով:

Ելույթում Բաբկեն Շահումյանն ասել էր «Սա մեր ողջ անձնակազմի թիմային աշխատանքի, նվիրումի գնահատականն է: «Մեդլայն Կլինիկ»-ի ինֆեկցիոն մասնաճյուղն իր գործունեության ընթացքում ընդունել և սպասարկել է 4800 քաղաքացու: Ցավոք, ունեցել ենք նաև մահվան 200 դեպքեր, որոնց առթիվ խորին ցավակցությունս եմ հայտնում հարազատներին:

Համավարակն իրական մարտահրավեր էր առողջապահական համակարգի համար, և, ուրախությամբ, մեզ վստահված առաքելությունն այսօր համարում եմ պատվով իրականացված»:

Իսկ թե որ առաքելությունն են պատվով իրականացրել, այդ մասին հաղորդագրությունը տարածեց հակակոռուպցիոն կոմիտեն։

Այս խորագրի վերջին նյութերը