Քաղաքական

11.03.2023 12:17


Պետք է գործ հարուցվի և քննարկման առարկա դառնան Փաշինյանի կամ ԶՈւ այն պատասխանատու անձանց գործողությունները, որով գրավոր ու բանավոր հրամաններով դիրքերը հանձնվել են. Արամ Օրբելյան

Պետք է գործ հարուցվի և քննարկման առարկա դառնան Փաշինյանի կամ ԶՈւ այն պատասխանատու անձանց գործողությունները, որով գրավոր ու բանավոր հրամաններով դիրքերը հանձնվել են. Արամ Օրբելյան

Օրերս ՀՀ գլխավոր դատախազությունից 168.am-ի գրավոր հարցմանը, թե 2021 թվականին Գորիս-Կապան ճանապարհը թշնամու կողմից զավթելու վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնվե՞լ է և կա՞ն մեղադրյալներ, պատասխանել էին, որ քրեական գործ չի հարուցվել, հետևաբար՝ չկան մեղադրյալներ։

Արդյոք օրինաչափությո՞ւն է, որ Գլխավոր դատախազությունն այս դեպքով քրեական գործ չի հարուցել, հետևությունը ո՞րն է։

168.am հետ զրույցում «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանը պատասխանելով մեր հարցերին, ասաց՝ առաջինը Հայաստանը տեղադրելով մաքսակետեր, և Նիկոլ Փաշինյանը՝ ադրբեջանական ձևակերպումներով տեղանունները հայտնելիս, մոտավորապես իր դիրքորոշումն է հայտնել, որ իր կարծիքով՝ դրանք Ադրբեջան են։

«Սա չի նշանակում, որ այդպես է, բայց ես ասում եմ քաղաքական իշխանությունների մոտեցումը։ Դատախազության համակարգը Սահմանադրությամբ նախատեսված է եղել, որ պետք է լինի անկախ, որպեսզի նման դեպքերում կարողանա վարչապետի նկատմամբ քրեական գործ հարուցել ոչ թե նրա համար, որ բռնի զավթում է եղել Ադրբեջանի կողմից, այլ նրա համար, որ ինչ-որ փոխընկալումների ու բանավոր պայմանավորվածությունների արդյունքում հանձնվել են այդ հողերը։

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի կիրառման արդյունքում ադրբեջանական զինուժի առաջխաղացումը նոյեմբերի 9-ի դրությամբ եղած դիրքերից չպետք է տեղի ունենար մինչև համապարփակ կարգավորումը։ Բայց դրանից հետո, դեկտեմբերին, եթե չեմ սխալվում, կրկին փաստաթղթեր կամ փոխըմբռնումներ են եղել։ Սա ոչ միայն Որոտանի, այլև Կապանի գյուղերի և Կապանին հարակից որոշակի ճանապարհներին է վերաբերում»,-նշեց Արամ Օրբելյանը։

Ըստ նրա, խնդրի երկրորդ ասպեկտը պետք է դիտարկել նաև այլ տեսանկյունից. Փաստաբան Օրբելյանն անձամբ հաղորդում է ներկայացրել քրեական գործ հարուցելու վերաբերյալ, սակայն չի հարուցվել, Դատախազին բողոքարկելուց հետո կրկին չի հարուցվել։ Բողոքարկել է նաև դատարան, որը պարտավորեցրել է վերացնել իրավունքի խախտումը և քրեական գործ հարուցել, Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանները՝ նույնպես։

«Այժմ պետք է քրեական գործ հարուցված լինի, բայց այս պահին վերջնական տվյալներ չունեմ, կստանանք՝ դրա մասին կտեղեկացնենք։

Ինչ վերաբերում է Շուռնուխում տեղի ունեցած բռնությանը, ապա փորձեմ պարզաբանել։ Անկախ նրանից՝ ո՞ւմ է պատկանում այդ տարածքը, ինչո՞ւ եմ ասում՝ անկախ, ինձ համար դա Հայաստանի Հանրապետություն է, բայց զուտ քրեադատավարական դաշտում՝ անկախ դրանից, դա Հայաստա՞ն է, Ադրբեջա՞ն, թե՞ Արցախ, երբ տուն են մտնում զինված ուժերի ներկայացուցիչներ կամ զինված չնույնականացվող անձինք և ասում են՝ դուրս եկեք ձեր տնից, հակառակ դեպքում սպանելու կամ էլ պատանդ ենք վերցնելու, սա արդեն միջազգային հանցագործություն է և ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների տակ է ընկնում։ Մենք հաղորդում ենք ներկայացրել, որպեսզի քրեական գործ հարուցվի, այդ մարդկանց որպես տուժող հարցաքննեն, ուսումնասիրվի, այդ փաստերն ամրագրվեն քրեադատավարական վարույթների շրջանակներում, այդ թվում՝ նաև հայ-ադրբեջանական շրջանակում քննարկման ժամանակ ինչ-որ գործընթացներ կարգավորելու համար ամրագրված ապացույցներ ունենալու համար։ Դատախազության և քննչական մարմինների մոտեցումներն ինչ-որ շատ երկար տեքստերով անուղղակիորեն արձանագրելով, որ իրենց կարծիքով՝ դա Հայաստան չէ, չեն հարուցել քրեական գործ։ Կրկնում եմ, որ մենք առհասարակ չենք բարձրաձայնել պատկանելիության հարցը»,-ընդգծեց Ա. Օրբելյանը։

Նրա կարծիքով՝ հիմքեր կան քրեական գործ հարուցելու համար, նաև գործընթացը պետք է քննարկման առարկա դառնա քրեադատավարական վարույթի շրջանակներում Դատախազության կողմից։ Այդ թվում՝ պետք է գործ հարուցվի և քննարկման առարկա դառնա Նիկոլ Փաշինյանի կամ Զինված ուժերի այն պատասխանատու անձանց գործողությունները, որով ինչ-ինչ գրավոր ու բանավոր հրամաններով դիրքերը հանձնվել է, զորքերը հետ են քաշվել։ Եթե պարզվի, որ դա եղել է ստիպված գործողություն, որովհետև Ադրբեջանը սպառնացել է, կքննարկվի՝ արդյոք քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքներ կա՞ն, թե՞ ոչ։

«Միևնույն է, պետք է քրեական գործ հարուցվի, նախաձեռնվի քրեական վարույթ և միայն դրա շրջանակներում հանգամանքները պարզվեն»,-հավելեց միջազգային իրավունքի մասնագետ փաստաբանը։

Հարցին՝ վերջերս իշխանությունը Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծ էր ներկայացրել, ըստ որի, ՀՀ իշխանությանը սպառնացող հայտարարությունները, կոչերը կքրեականացվեն, արդյո՞ք Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցածի համատեքստում օրենքը տարածվում է իշխանությունների վրա, Արամ Օրբելյանը պատասխանեց, թե ինքն այլ կոնտեքստով է նայում խնդրին։

«Իրականում ՀՀ ինքնիշխանության պաշտպանություն և մի շարք այլ գործողություններ, որոնք պայմանական բռնի գործընթացի հետ չեն կապում, այլ քաղաքական գործընթացի հետ է կապվում, պետք է կարգավորվեն ոչ թե քրեադատավարական գործիքակազմով, այլ մի շարք քաղաքական ու այլ գործընթացների արդյունքում։ Բայց նույնիսկ, եթե այդ համատեքստում էլ դիտարկենք այդ ամենը, մոտվորապես մի շարք հոդվածների շարքին են դասվում՝ սահմանադրական կարգի տապալման և նմանատիպ ինչ-որ գործընթացների, որոնք իրենց էությամբ խառը տեքստ են, որի շրջանակներում փորձելու են քաղաքական ընդդիմախոսների պատասխանատվության ենթարկել։ Սա մոտավորապես նույնն է, որ ինչ-որ քաղաքական գործիչն առաջարկի, որպեսզի Հայաստանը միանա որևէ այլ երկրի, բայց այդ ժամանակ պետք է հասկանանք, որ ինքնիշխանության նվազեցում է լինելու, օրինակ՝ ԵԱՏՄ շրջանակներում հավելյալ ինտեգրացիոն գործընթացը։ Նման խնդիր է լինելու, օրինակ՝ ԵՄ-ի հետ համապատասխան ասոցիացման գործընթացների առաջ տանելը։

Հիմա որպեսզի մենք անիմաստ գործընթացների մեջ չընկնենք, օրինագծի հեղինակին պիտի ասենք՝ մարդավարի կարո՞ղ եք ասել՝ ինչի դեմ ենք պայքարում, որովհետև Քրեական օրենգրքով նախատեսել եք հոդված մի բանի համար, որը գոյություն չունի՝ անիմաստ է, օրինակ, ինչո՞ւ չեն նախատեսում այլմոլորակայինների հետ հարաբերվելու քրեական պատասխանատվություն»,-հեգնեց Արամ Օրբելյանը։

Այս խորագրի վերջին նյութերը