Քաղաքական

10.03.2023 19:21


Հայաստանն իր ձեռքով ոչնչացնում է իր անվտանգության հովանոցը. քաղաքագետը՝ ՀԱՊԿ-ի քվոտայից հրաժարվելու մասին

Հայաստանն իր ձեռքով ոչնչացնում է իր անվտանգության հովանոցը. քաղաքագետը՝ ՀԱՊԿ-ի քվոտայից հրաժարվելու մասին

Որպեսզի Հայաստանի ներկայիս ղեակավարը քաղաքական աջակցություն, քաղաքական լոյալություն, անվտանգության երաշխիքներ ստանա Արեւմուտքից, ինքը որոշակի քայլեր պետք է կատարի, որպեսզի Արեւմուտքի համար էլ պարզ լինի, որ նա վստահելի գործընկեր է, այսինքն մի գործիչ, ում շնորհիվ հնարավոր է Արեւմուտքի շահերը տարածաշրջանում կյանքի կոչել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին ներկայացրել է առաջարկ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու վերաբերյալ։

Նա հիշեցրեց, որ 2018-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտնգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը եկավ Հայաստան եւ դրանից հետո որոշակի գործընթացներ սկսվեցին. «2018-ի վերջին հանդիպում տեղի ունեցավ Դավոսում Ալիեւի եւ Փաշինյանի միջեւ, որից հետո ակնհայտ դարձավ, որ բանակցային գործընթացը դանդաղում է, տապալվում է: Հայկական կողմը կարծես հետ էր կանգնել իր ստանձնած պարտավորություններից: Դրանից հետո մենք տեսանք, որ Ջորջ Սորոսը իր հայտնի գրառումն արեց, որ անհրաժեշտ է աջակցել Հայաստանի քաղհասարակությանը, դրանից հետո որոշակի գործընթացներ տեղի ունեցան Արցախի, Հայաստանի քաղաքական եւ առաջին հերթին ռազմական վերնախավի դեմ, ինչը հնարավորություն տվեց հասցնելով բանակցային գործընթացը փակուղային իրավիճակի,բերել պատերազմի՝ համապատասխանն հետեւանքներով:

Հիմա իրավիճակը գլոբալ առումով կրկնվում է. քիչ է, որ դու պարտավորություններ վերցնես Արեւմուտքում, անհրաժեշտ է, որ դու գործնական քայլերով ապացուցես, որ պատրաստ ես այդ պարտավորությունները կյանքի կոչել: Երբ դու հայտարարում ես, որ 102-րդ ռազմաբազան սպառնալիք է Հայաստանի համար, ճիշտ է, դա Արեւմուտքի, Թուրքիայի, Ադրբեջանի համար սա լուրջ ազդանշան է առ այն, որ դու պատրաստ ես քո ձեռքով ոչնչացնել քո անվտանգության համակարգը, բայց դա պարզապես հայտարարություն է: Դրան պետք է որոշակի գործընթացներ հետեւեն, պետք է լինեն հստակ քայլեր Ռուսաստանի դեմ, ՀԱՊԿ-ի դեմ: Բայց մեզ պետք է հետաքրքրի այն, որ անվտանգության համակարգն է ոչնչացվում, սա պատմական նոնսենս է, երբ պետությունն իր իսկ ձեռքով ոչնչացնում է իր անվտանգության հովանոցը»,-ասաց քաղաքագետը:

Դիտարկմանը, որ շատերը նշում են, որ ՀԱՊԿ-ն այդպես էլ չդարձավ մեզ համար անվտանգության հովանոց, նա արձագանքեց. «Դրա մասին կխոսենք որոշ ժամանակ անց, երբ մեր հասարակությունը տեսնի, թե քաղաքական աշխարհաքաղաքական ու տարածշրջանային վակուումի եւ մենության մեջ է Հայաստանին թողնելու իշխանությունների վարած այս քաղաքականությունը: Սրանք շատ վտանգավոր գործընթացներ են»:

Նա ընդգծեց, որ այս քայլով Հայաստանը ցույց է տալիս, որ պատրաստ է Հայաստանը դուրս բերել Ռուսաստանի ազդեցության գոտուց, դարձնել Հայաստանը լավագույն դեպքում բուֆեր. «ՀԱՊԿ-ում քվոտայից հրաժարումը դրա դրսեւորումն է, մաքուր քաղաքական քայլ: ՀԱՊԿ-ը մեզ համար Ռուսաստանն է: Սա առաջին հերթին դեմարշ է ՌԴ-ի նկատմամբ: Սա ընդամենը քայլերից մեկն է: Հրաժարվել ՀԱՊԿ-ի զորավարժություններից, չընդունել ՀԱՊԿ-ի դիտորդներից, հրաժարվել մասնակցել զորավարժություններին, որոնք Հայաստանի տարածքում չեն, հրաժարվել ՌԴ ԱԳ նախարարի նախաձեռնած հանդիպումից, հիմա էլ հրաժարվել ՀԱՊԿ-ի քվոտայից: Այս ամենը տրամաբանական շղթայի դրսեւորումներն են: Խնդիրը այսքան սուր չէր լինի, եթե մենք հստակ ձեւավորված այլընտրանք ունենայինք: Խնդիրն այն է, որ Արեւմուտքում մեզ ոչ մի երաշխիք ու այլընտրանք չեն առաջարկում: Ամերիկացի համանախագահը գալիս է այստեղ ու ասում՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հարցը անգամ չի քննարկվում: Իսկ սա իրենց հասու գործիքակազմ է»:

Այս խորագրի վերջին նյութերը