Կարծիք

10.03.2023 16:34


Ինչո՞ւ է Փաշինյանն ուզում Հայաստանը դուրս հանել ՀԱՊԿ-ի կազմից

Ինչո՞ւ է Փաշինյանն ուզում Հայաստանը դուրս հանել ՀԱՊԿ-ի կազմից

Եթե ուշադիր հետևենք այս չորս-հինգ տարվա Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանին, ապա տեսանելի կդառնա, թե ինչ քայլերի միջոցով է Փաշինյանը տարել Հայաստանի անվտանգության կազմաքանդման գործընթացը:

2018-ից մի քանի ամիս չանցած Փաշինյանն արդեն քրեական գործ հարուցեց այն ժամանակվա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ: Շատերը կարծում էին, թե դա Մարտի 1-ի գործոնով էր պայմանավորված: Մինչդեռ իրականում Խաչատուրովի դեմ գործընթացը Հայաստանի անվտանգության համակարգի կազմաքանդման առաջին քայլերից էր:

Հետո եղան բանակի վարկաբեկման քայլերը, մայիսի 8-ին արցախյան հերոսներին դատարանի առջև կանգնեցնելը, հետո հնչեցվեց այն միտքը, որ 2018-ի շարժումը ավելի մեծ նշանակություն ուներ, քան արցախյան հաղթանակները, հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծաղրելը և այդպես շարունակ:

Փաշինյանն այս ամենը իրականացնում էր հետևողական քայլերով, և իր քայլերի այս շղթան չի կարելի համարել պատահականություններ: Քանզի այդ չափ պատահականություններ չեն լինում:

2020 թվականի Ադրբեջանի ագրեսիան նույնպես այդ շղթայի օղակներից մեկն էր: Այն չէր լինի, եթե մինչ այդ չլինեին Փաշինյանի վերը նշված քայլերը:

Թվում էր թե 2020 թվականից հետո հայ հանրությունը պիտի կարողանար վռնդել Փաշինյանին քաղաքական ասպարեզից, քանզի ցանկացած այլ երկրում Փաշինյանի քայլերի նույնիսկ 10 տոկոսը կգնահատեին որպես պետական դավաճանություն:

Սակայն հայկական քաղաքական վերնախավն այդ խնդիրը չկարողացավ լուծել՝ բոլոր խնդիրները բարդելով իբր «անհասկացող ժողովրդական զանգվածների վրա»։

Հենց դրա պատճառով էլ Փաշինյանը ռիսկ է անում անցնել իր քայլերի, այսպես ասած, երկրորդ սերիային, որը պայմանականորեն կարելի է կոչել Հայաստանի կործանման գործընթացի վերջնամաս:

Առաջին փուլում նրան հաջողվել է գրեթե ամբողջովին կազմաքանդել Արցախի պետականությունը, որը կառուցվել էր 30 տարիների քրտնաջան աշխատանքի միջոցով:

Այսօր նա բացահայտորեն անցել է Հայաստանի անվտանգության համակարգի կազմաքանդման գործին, ընդ որում՝ երկրի քաղաքական վերնախավի գրեթե լռելյալն պայմաններում:

Սա, իհարկե, աննախադեպ երևույթ է մի ազգի համար, ով ցեղասպանություն է վերապրել և այսօրվա այս իրավիճակը միաժամանակ և՛ խայտառակություն է, անամոթություն, և՛ քաղաքական դատարկության ցուցանիշ: Քանզի մարդիկ նույնիսկ չեն հասկանում, թե ինչ է հետևելու, երբ պարզվի, որ Հայաստանի վրա այլևս չի գործում անվտանգության որևէ բարձիկ:

Իհարկե, ոմանք կարող են նշել, թե ՀԱՊԿ-ը մեզ համար այդպես էլ այդպիսի բարձիկ չդարձավ, և նման բան ասողներին կարելի կլինի հիշեցնել այն ժամանակ, երբ գա ժամանակը և բոլոր ՀՀ քաղաքացիները տեսնեն, թե ինչ աստիճանի են մենակ մնացել:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը