Քաղաքական

09.03.2023 20:58


Հավելյալ սպառնալիք ենք տեսնում խաղաղ գործընթացի համար Հարավային Կովկասում արևմտյան միջնորդության մեջ․ ՌԴ ԱԳՆ

Հավելյալ սպառնալիք ենք տեսնում խաղաղ գործընթացի համար Հարավային Կովկասում արևմտյան միջնորդության մեջ․ ՌԴ ԱԳՆ

Մենք բավականին հստակ ասացինք եւ հարկ համարեցինք բացատրել, որ դրանում (Հարավային Կովկասում արեւմտյան միջնորդության մեջ - խմբ.) չենք տեսնում ոչ թե հավելյալ արժեք, այլ դրանում տեսնում ենք հավելյալ սպառնալիք խաղաղ գործընթացին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եթե հիշատակված (արեւմտյան – խմբ.) միջնորդությունը բերում կամ կբերի հավելյալ օգուտ, կապահովի փոխշահավետ, փոխադարձ հարգանքով համագործակցություն տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ…

Համարում ենք, որ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետապնդած նպատակները ուղղված են ոչ Հարավային Կովկասում նշվածին հասնելուն եւ ոչ էլ խաղաղությանն ու անվտանգությանը հասնելուն, այլ նրան, որ պարզապես ներխուժեն խաղաղ գործընթացի մեջ եւ մեծ հաշվով յուրացնեն մեր ձեռքբերումները, փորձեն հաստատ ոչ կառուցողական դեր խաղալ, այլ պարզապես ներկայության դեր։ Սա լավագույնն է, որ մենք տեսնում ենք այս հարցում, իսկ գուցե նաեւ՝ ապակառուցողական դեր:

Մենք մշտապես կոչ ենք անում ապավինել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների պայմանավորվածություններին, որոնք որոշել են Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը»,-ընդգծել է նա։

***

Մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն եւ Երեւանը պետք է անշեղորեն պահպանեն բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթները, այդ թվում կապված Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման եւ Լաչինի միջանցքի օգտագործման հետ։ Այս մասին մարտի 9-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կարծում ենք, որ ներկայիս լարվածության թուլացմանը կնպաստեր Երեւանի մասնակցությունը փոխադարձ ընդունելի հանգուցալուծումների որոնմանը»,-ասել է նա։

Զախարովան հիշեցրել է, որ ՌԴ ՊՆ պաշտոնական տեղեկագրում նշված է մանրամասն տեղեկատվություն տվյալ միջադեպի մասին (Ադրբեջանի դիվերսիայի-խմբ․)՝ հաշվի առնելով տեղում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը։

«ԱԳՆ մեկնաբանությունը քաղաքական գնահատական է տալիս տեղի ունեցածին։ Այդ մեկնաբանության առանցքում զսպվածություն ցուցաբերելու, իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու, ինչպես նաեւ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների շրջանակներում բանակցություններին վերադառնալու կողմերին ուղղված կոչն է։ Ռազմատենչ հռետորաբանությունը ցանկացած կողմից հակաարդյունավետ է, այն չի օգնում խաղաղության օրակարգի առաջմղմանը»,-նշել է Զախարովան։

***

Կողմերի հետ համապատասխան շփումներ են տեղի ունենում՝ մեր գերատեսչության հետ համագործակցությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության մասնակցությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Շարունակվում է Լաչինի միջանցքի շուրջ եւ ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների որոնումը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 28-ին Բաքվում հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի գործունեության ռեժիմը պետք է լիովին համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի առաջին եռակողմ հայտարարությանը։ Նա պարզաբանել է, որ անցակետերի ստեղծում նախատեսված չէ, սակայն հնարավոր է տեխնիկական միջոցներով վերացնել այն կասկածները, որ միջանցքն իսկապես օգտագործվում է իր նշանակությամբ։

«Սերգեյ Լավրովի ասած խոսքերին ավելացնելու ոչինչ չկա։ Մանրամասների մեջ մտնելը, հրապարակավ քննարկելը, կարծում եմ, անիմաստ է՝ այս հարցի զգայունության պատճառով»,-ասել է Զախարովան։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը