Կարծիք

02.10.2011 15:13


Խուճապ, որ ցնցում է վարչախմբի հիմքերը

Խուճապ, որ ցնցում է վարչախմբի հիմքերը

Բավական էր, որ ԲՀԿ անդամ, պատգամավոր Վարդան Բոստանջյանը շեշտի, թե  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրությանը մասնակցելու է առանձին ցուցակով, եւ որ մրցակից է համարում ՀՀԿ-ին, ու նախագահականում անմիջապես խուճապ սկսվեց: Ավելին, նույն նախագահի ազդեցության գոտում լրատվամիջոցները շտապեցին ԲՀԿ-ին մեղադրել կոալիցիոն հուշագիրը խախտելու մեջ: Ավելին, նրանք Բոստանջյանի հայտարարությունը սենսացիա են համարում եւ աղմկում, թե Գագիկ Ծառուկյանը խզել է հուշագիրը:

Այս խուճապը վկայում է միայն այն մասին, որ Սերժ Սարգսյանի դիրքերն այնքան թույլ են, որ նույնիսկ Բոստանջյանի հայտարարությունը կարող է լուրջ իրարանցում առաջացնել: Ամենայն հավանականությամբ, օգտվելով երկխոսող կողմերից մեկի աջակցությունից եւ հասնելով կոալիցիոն արհեստական հուշագրի ստորագրմանը, Սերժ Սարգսյանի երիտասարդ թիմը մտածեց, թե ԲՀԿ-ն արդեն իրենց գրպանում է: Մինչդեռ դեռ կոալիցիոն հուշագրի ստորագրումից անմիջապես հետո կարծիքներ հնչեցին, որ այս արհեստածին փաստաթուղթը երկար կյանք չի կարող ունենալ, եւ ավելին, որ այն դոգմա չէ եւ օրենքի ուժ էլ չունի: Իսկապես, որեւէ մեկը, որեւէ քաղաքական ուժի չի կարող մեղադրել կոալիցիան լքելու մեջ: Նման պրակտիկա կա քաղաքակիրթ աշխարհում: Իսկ առայժմ ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս գալու մասին չի էլ հայտարարել, բայց ուշագրավն այստեղ վարչախմբում տեղի ունեցողն է:

Դժվար չէ ենթադրել, որ հիմա Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու է իր բնական դաշնակցին` Լեւոն Տեր-Պետրոսյանին օգնելու համար: նա ամեն ինչ անելու է, որ ՀԱԿ-ը արմատական ընդդիմության դեր խաղա` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Բայց Սերժ Սարգսյանը եւ նրա երիտասարդ թիմակիցները պետք է հասկանան, որ իրենց գնացքը վաղուց արդեն գնացել է եւ իրենք այլեւս չեն կարող մոլորության մեջ գցել մի ողջ ժողովուրդ: Կլինեն մոլորյալներ, կլինեն խեղճ ու կրակներ, որոնք ինչ որ հրաշքով դեռ կմասնակցեն Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի բեմադրած ներկայացումներին, բայց իրավիճակն արդեն ամբողջովին փոխվել է: Չի բացառվում, որ հիմա Սերժ Սարգսյանը կփորձի ճնշում գործադրել բոլոր նրանց վրա, ովքեր դուրս են մնացել իր ազդեցության գոտուց, բայց կարծում ենք, որ դա այլեւս ոչ մի արդյունք չի կարող տալ:

Հիմա Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ գտնվող եւ խիստ «ընդդիմադիր» եւ «ազատ» լրատվամիջոցներն ու փորձագետները նոր արշավ կսկսեն ԲՀԿ-ի, նրա առաջնորդի, ինչպես նաեւ Ժառանգության եւ ՀՅԴ-ի դեմ: Ամեն ինչ այնքան պարզ է, որ նույնիսկ արդեն դժվարություն չի ներկայացնում կռահել, թե որ թերթը կամ որ փորձագետն ինչ է ասելու: Կարծում ենք, որ այստեղ Սերժ Սարգսյանի թիմի դեմ գործեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը շատ հստակ հայտարարեց, որ ԼՂ խնդիրը ռազմական լուծում չունի: Այսպիսով, վարչախումբն այլեւս չի կարող ադրբեջանական վտանգը թմբկահարելով կեղծ ազգային համաձայնություն ձեւավորել եւ պարտադրել այս կամ այն տիպի հուշագրեր ստորագրել:

Սերժ Սարգսյանի հույսը մնացել է ընտրակեղծիքը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ահա այսպիսի տխուր պատկեր: Տիգրան Սարգսյանը համառորեն չի ընդունում, որ երկրի տնտեսությունը տարել եւ գցել է ձորը, Սերժ Սարգսյանը չի ընդունում, որ մարդկանց կենսամակարդակն անկում է ապրում: Այս իրավիճակում Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի վարկանիշի բարձրացման մասին խոսք անգամ լինել չի կարող: Այնպես որ, Սերժ Սարգսյանին մնում է ճիշտ գնահատել իրավիճակը եւ ճիշտ հետեւություններ անել կամ շարունակել նույն խաղը եւ երկիրը ներքաշել վտանգավոր խաղերի մեջ:

Հետեւելով նախագահականի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների հրապարակումներին, պարզ է, որ նրանց հիմա անհանգստացնում է ընդամենը մեկ հարց` որն է ԲՀԿ-ի դիրքորոշման պատճառը: Նրանք իրենց հույս են տալիս, թե հնարավոր է Բարգավաճ Հայաստանն այսպես փորձում է փրկել իր ինքնուրույնությունը, բայց ներքուստ համոզված են, որ պատճառը Ռուսաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններն են: Նրանք այլ կերպ չէին էլ կարող մտածել, քանի որ տարիներ շարունակ Հայաստանում կատարվող իրադարձությունները կապում էին Ռուսաստանի հետ: Տեղի, անտեղի շեշտում էին, թե որքան լավ հարաբերություններ ունի Սարգսյանը Մեդվեդեւի հետ, եւ որ Քոչարյանն էլ Սարգսյանին մրցակից չի կարող լինել, քանի որ Պուտինը նախագահական հավակնություններ առնվազն մինչեւ 2015 թվականը չի ունենա: Մի խոսքով, վարչախումբն ընկավ իր իսկ լարած ծուղակի մեջ:

Իրականում Բարգավաճ հայաստանի գործողությունները կապված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: ԲՀԿ-ն տեսնում է, թե ամեն օր ինչ նոր խնդիրներ են առաջանում Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականությունների պատճառով եւ չի կարող մասնակից լինել այդ գործողություններին: Հիմա ԲՀԿ-ին մնում է ավելի հստակեցնել տնտեսության եւ քաղաքականության վերաբերյալ հարցերում, որից հետո Սերժ Սարգսյանի տրամադրությունն ավելի կընկնի:

Հիմա Սերժ Սարգսյանի երիտասարդ խորհրդականներին մնում է փորձել բամբասանքի մակարդակով վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին եւ քիրվայություն անել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը