Լրահոս

01.10.2011 13:38


Գագիկ Մինասյանը՝ Լևոն Զուրաբյանի հեռախոսազանգի մասին. «Ասաց, որ իրենք կասեցնում են իրենց կասեցումը»

Գագիկ Մինասյանը՝ Լևոն Զուրաբյանի հեռախոսազանգի մասին. «Ասաց, որ իրենք կասեցնում են իրենց կասեցումը»

ՀՀԿ–ական պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՀՀ–ում տեղի ունեցող վերջին քաղաքական գործընթացներին՝ մասնավորապես, ՀԱԿ-իշխանություն առկախված երկխոսության վերսկսման կոնգրեսի առաջարկին։

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հեռախոսազանգի հետ կապված հարցին Մինասյանը պատասխանել է.

-Պարոն Զուրաբյանը իսկապես ինձ երեկ զանգահարեց և ասաց, որ իրենք կասեցնում են իրենց կասեցումը։ Ըստ էության, մենք միշտ կողմ ենք եղել երկխոսությանը, որովհետև համոզված ենք, որ քաղաքական խնդիրների կարգավորման ամենաարդյունավետ և ամենաքաղաքակիրթ ճանապարհը երկխոսությունն է։ Ցավոք, մեր գործընկերները ընդհատեցին այդ երկխոսությունը, կոնկրետ ի՛նձ համար՝ լրիվ անհսականալի պատճառներով, լրիվ անհիմն։ Ինչո՞ւ նրանք այն ժամանակ կասեցրեցին երկխոսությունը, որքանո՞վ տուժեց դրանից մեր պետությունը և արդյոք դա չի՞ կրկնվի նորից, որքա՞ն պատասխանատու է ՀԱԿ–ը մոտենում այս երկխոսությանը։ Այնուամենայնիվ, ես իմ անձնական կարծիքն եմ արտահայտում, մենք դեռ համապատասխան քննարկումներ չենք իրականացրել։

Ինչ վերաբերվում է երկխոսությունը շարունակելու վերաբերյալ կոալիցիայի որոշմանը, ապա Մինասյանը նշել է, թե համապատասխան քննարկումները, երևի, տեղի կունենան երկուշաբթի օրը։

Հարցին՝ իսկ իշխանությունները պատրա՞ստ են, հանուն երկխոսության, բավարարել վերջին հանրահավաքում ՀԱԿ–ի հայտարարած պահանջները, Մինասյանը պատասխանել է.

-Այդ հարցերը գտնվում էին այն նույն օրակարգի մեջ, որը ձևավորվել էր աշխատանքային խմբերի քննարկումների արդյունքում։ Եթե մենք դրանով էլ զբաղվում էինք, ի՞նչ իմաստ ուներ ընդհատել դա և շաբաթներ հետո անդրադառնալ այդ խնդրին։ Ես կուզենայի պարզաբանումներ ստանալ։

Այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ՀԱԿ–ի շուրջօրյա հանրահավաքի, նստացույցի մասնակիցները կարգուկանոն են պահպանում, Մինասյանը պատասխանել է՝ ողջամտությամբ։

Ինչ վերաբերում է երկխոսության շարունակության վրա այդ նստացույցի ազդեցությանը, ապա Մինասյանը նշել է, թե նստացույցը, իհարկե, ցանկալի չէ, բայց իր կարծիքով՝ տրամաբանական կլինի, եթե այն սահուն փոխակերպվի երկխոսության։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը