Քաղաքական

07.03.2023 20:24


Արամ Գաբրելյանովին թույլ չեն տվել մտնել Հայաստան

Արամ Գաբրելյանովին թույլ չեն տվել մտնել Հայաստան

Ռուս լրագրող և հրատարակիչ, «Նյուս Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան։ Sputnik Արմենիայի աղբյուրի փոխանցմամբ՝ նա անցանկալի անձանց ցուցակում է։

«Երևան ժամանելուն պես նրան խնդրել են սպասել, հետո հայտարարել են, որ անձնագրի հետ կապված խնդիրներ կան։ Վերջնական արդյունքում պարզվել է, որ նա անցանկալի անձանց ցուցակում է»,-պատմեց մեր աղբյուրը։

Մեր տեղեկություններով՝ լրագրողն արդեն փոխել է տոմսը և պատրաստվում է Ռուսաստան վերադառնալ առաջիկա չվերթով։

Գաբրելյանովը Երևան էր գալիս լրագրողների համար ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի կազմակերպած դասընթացի շրջանակում դասախոսություն կարդալու նպատակով։

Նշենք, որ Գաբրելյանովը խիստ քննադատում էր Հայաստանի իշխանություններին և մեղադրում նրանց հակապետական դիրքորոշման մեջ։ Նա պարբերաբար իր Telegram ալիքում տեղեկատվություն էր հրապարակում Նիկոլ Փաշինյանի, նրա տիկնոջ և մերձավոր շրջապատի գործունեության վերաբերյալ։

2022 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին և Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին Հայաստանի կառավարությունն արգելել է մուտք գործել երկիր։

Այս խորագրի վերջին նյութերը