Մեկնաբանություն

06.03.2023 12:41


«Խաղաղություն... խաղաղություն...» ասելով՝ բերում են նոր զոհեր, նոր պատերազմ

«Խաղաղություն... խաղաղություն...» ասելով՝ բերում են նոր զոհեր, նոր պատերազմ

Այն, որ ադրբեջանական կողմը նորանոր ագրեսիվ գործողությունների է դիմելու, միանգամայն կանխատեսելի էր: Ու դա կանխատեսելու համար մի առանձնապես ջանք կամ խորաթափանցություն էլ չէր պահանջվում: Եթե դու՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու այս դեպքում նաև ի դեմս Արայիկ Հարությունյանի, շարունակ տեղի ես տալիս, զիջում ես Ալիևին, ապա պարզից էլ պարզ է, որ թշնամին, դրանից է՛լ ավելի ոգևորված, շարունակելու է իր ագրեսիան:

Մարտի 5-ին ադրբեջանական կողմը Շուշիի մատույցներում դիվերսիոն գործողության դիմելով, հարձակվել է ավետոմեքենայի վրա, ինչի հետևանքով 3 հայ ոստիկան է զոհվել: Պատասխան գործողությունների արդյունքում հաջողվել է վնասազերծել հետ քաշվող ադրբեջանական դիվերսանտներից մի քանիսին: Միառժամանակ, նշված վայրում փոխհրաձգությունը շարունակվել է:

Ինչի մասին են վկայում թշնամու նախահարձակ գործողությունն ու ագրեսիվ դիրքավորումը:

Ամենից առաջ, ինչպես տեսնում ենք, ադրբեջանական կողմի ու Արցախի ներկայացուցիչների այսպես ասած՝ «ուղիղ շփումները», որոնց հետ ոմանք զանազան-զարմանազան հույսեր են կապում և շտապում են հետևություններ անել, ի հակառակ այդ սնամեջ սպասումներին, ոչ թե նվազեցնում են լարվածությունը, այլ հակառակը՝ թշնամու կողմից լարվածությունը մեծացնելու տեղիք են տալիս: Այսինքն, կարելի է ենթադրել, որ Ալիևը՝ ադրբեջանական կողմը, ստանալով իր քաղաքական նպատակներին հասնելու ինչ-ինչ ազդակներ կամ նման տպավորություն ունենալով, փորձում է նաև ռազմական ճանապարհով որոշակի քայլերի դիմել: Հնարավոր է նաև, որ ադրբեջանական կողմը բորբոքում է իրավիճակը հետագայում ավելի լայնածավալ գործողությունների դիմելու պատրվակներ ունենալու համար՝ կարծելով, որ կարող է հասնել հաջողության:

Ամեն պարագայում կապը չափազանց տեսանելի է՝ այն չնկատելու համար: Եղան Արցախ-ադրբեջանական ուղիղ շփումներ, մի քանի օր անց տեղի ունեցավ թշնամու դիվերսիոն հարձակումը, որի հետևանքով երեք հայ ոստիկան զոհվեց:

Մյուս դիտարկումը նույնպես, կարելի է ասել՝ «մակերեսին է դրված»: Տեղի ունեցածը ևս մեկ ակնառու դրսևորումն է այն իրողության, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա «կամանդը» որքան էլ «խաղաղության օրակարգից» խոսեն, ինչքան էլ ասեն՝ «խաղաղություն... խաղաղություն...», իրենց գործունեությունը հանգեցնում է նոր կռիվների, բախումների, մարտական գործողությունների, լարվածության ու նոր զոհերի: Դեռ չենք խոսում նոր տարածքային կորուստների մասին, ինչպես դա եղել է վերջին «հետպատերազմական» երկու տարիների ընթացքում:

Նիկոլ Փաշինյանն ուզում է բոլորին համոզել ու ներկայանալ, մանավանդ արտերկրում, որպես «խաղաղության կուսակցություն», մինչդեռ նրա կառավարումը հանգեցնում է շարունակական և հարաճուն լարվածության, պատերազմի, զոհերի, կորուստների: Ինքը ոչ թե «խաղաղության», այլ պատերազմի ու պարտության կուսակցությունն է: Չնայած, իրեն դրանից ի՞նչ: Չէ՞ որ իր կրեդոն «պարտությամբ հպարտանալն» է:

Այդ ամենից բացի, մանավանդ իշխանական քարոզչությունը, ասենք, հենց նիկոլական իշխանության «դեմքերը», իրենից սկսած, վերջին շրջանում շարունակ Հաագայի դատարանի որոշումից են խոսում, եվրոպական դիտորդների առաքելությունից, ինչ-որ երևակայական «միջազգային մեխանիզմներից», իբր այդ ամենը մեծ ձեռքբերումներ են, որոնք հանգեցնելու են խաղաղության, կայունության, անվտանգության ապահովման:

Իրականությունը գլխիվայր հակառակն է. Բերձորի (Լաչինի) միջանցքով անցնող ճանապարհը շարունակում է մնալ Ադրբեջանի կողմից շրջափակված, Հաագայի դատարանի որոշումը՝ չկատարված, խաղաղություն ու կայունություն չկա ու չկա, իսկ անվտանգությունն էլ՝ թշնամական հարձակման ենթարկված մեքենայի հողմապակու նման «մաղ» է դարձել:

Մի այդպիսի գործիչ կար 20-րդ դարում, որ ծանր ժամանակներում անգլիական նավի ղեկը վերցրեց: Խաղաղության մասին իմաստուն բաներ էր ասել: Ասածի իմաստն այն էր, որ խաղաղություն մուրացողը հա՛մ պատերազմ է ստանում, հա՛մ պարտություն ու անպատվություն: Հա, բայց անգլիացիները, ի տարբերություն ոմանց, «խաղաղություն մուրացողին» մի կողմ դրեցին, ղեկավար վերցրեցին չմուրացողին: Հանրագումարում՝ հաղթեցին:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը