Քաղաքական

05.03.2023 19:41


Արցախի ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է Ադրբեջանի դիվերսիայի տեսանյութը և հարձակման ենթարկված ավտոմեքենայի երթուղին

Արցախի ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է Ադրբեջանի դիվերսիայի տեսանյութը և հարձակման ենթարկված ավտոմեքենայի երթուղին

Արցախի ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է մարտի 5-ին Ադրբեջանի դիվերսիայի տեսանյութը և հարձակման ենթարկված ավտոմեքենայի երթուղին:

Հաղորդագրության մեջ նշված է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այսօր «Խայփալու» կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն հարձակումը՝ Ստեփանակերտից հերթափոխի ուղևորված ոստիկանական մեքենայի անձնակազմի վրա փորձելով հիմնավորել կեղծ և սուտ այն թեզով, թե իբր ՀՀ-ից Արցախ զենքի տեղափոխում է կանխել։

Ներկայացնում ենք ադրբեջանական հարձակման տեսանյութը արդեն 84 օր շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախի ոստիկանության անձնակազմի վրա, որտեղ հստակորեն երևում է մեքենայի շարժի ուղղությունը (Ստեփանակերտից դեպի հերթափոխի վայր`Շուշիի շրջան) և անառարկելիորեն ապացուցում է ադրբեջանական պաշտպանության նախարարության պնդման կեղծ լինելը:

Նախ, մեքենայում ոչ մի զենք չկար՝ բացի ոստիկանների ծառայողական զենքերից: Երկրորդ, չէր էլ կարող զենքի տեղափոխություն իրականացվել, քանի որ նրանք ոչ թե ՀՀ-ից, այլ Ստեփանակերտից էին շարժվում դեպի իրենց հերթափոխի վայր:

Տեսանյութում հստակորեն երևում է նաև ադրբեջանական զինծառայողների տեղաշարժը և այն դրվագը, թե ինչպես են մոտենում մեքենային, բացում դուռը և կրկին կրակում ու հետ փախչում»:

Ավտոմեքենայի երթուղու տեսանյութը ներկայացնող հաղորդագրությունում նշված է. «Ստեփանակերտից ուղևորված մեքենայի երթուղին մեկնարկային կետից մինչև ադրբեջանական դիվերսիայի հարձակման վայր՝ «Խայփալու» կոչվող տեղանք»:

Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր. «Մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.

Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան

Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան

Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:

Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:

ՆԳ նախարարությունն այս ծանր պահին կիսում է զոհված ոստիկանների կորստի վիշտը, զորակցություն հայտնում նրանց ընտանիքների անդամներին»։

Այս խորագրի վերջին նյութերը