Մեկնաբանություն

03.03.2023 21:30


Փաշինյանը... ադրբեջանական «հեծանիվ» է հայտնագործել

Փաշինյանը... ադրբեջանական «հեծանիվ» է հայտնագործել

Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդում, «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը մասնակցող Նիկոլ Փաշինյանը երկար-բարակ ելույթ է ունեցել քաղաքական, հասարակական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների առջև: Հնարավոր է, ներկա փորձագետներից շատերի քմծիծաղը հարուցած լինի:

Համենայն դեպս, արձանագրված փաստն այն է, որ անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին՝ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է. «...նույնիսկ վստահ չեմ` արդյոք այդ մասին խոսելը ճի՞շտ է, թե՞ ոչ հիմա, բայց կարծում եմ, որ այժմ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի դիրքորոշումն է, որովհետև Ադրբեջանը մշտապես հորդորում է Թուրքիային չհաստատել հարաբերություններ Հայաստանի հետ: Գուցե ես չպետք է դա ասեի, բայց ցանկանում եմ, որ դուք իմանաք այդ գործընթացի շատ կարևոր նրբությունները»:

Դժվար է ասել, թե ինչ «նրբությունների» են տեղեկացել քննարկման օտարազգի մասնակիցները, բայց Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը «հեծանիվ» հայտնագործելու նման մի բան է: Ավելի ճիշտ, նման դեպքերում ժամանակին հեգնում էին. «Դու էլ գույտ արեցիր»: Գյուտ բառը, հասկանալի է, միտումնավոր սխալ էր արտասանվում, որպեսզի ծաղրը քիչ չթվա:

Հիմա Փաշինյանինն է:

Վերջին տասնամյակներում, ըստ էության՝ Հայաստանի անկախ պետականությունը վերականգնելուց ի վեր, ամեն անգամ, երբ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու, ավելի ճիշտ՝ հարաբերություններ հաստատելու հարց է ծագել, Թուրքիայից միշտ հնչել են նախապայմաններ: Ավելի կոնկրետ, Թուրքիան, իսկ Էրդողանի ներկայիս թուրքական ուլտրահակահայ ռեժիմն առավել ևս, Հայաստանի հետ հարաբերությունների հետ հաստատումը մշտապես պայմանավորել են «երրորդ երկրի»՝ Ադրբեջանի հետ կապված խնդիրներով: Այդ խնդիրներն էլ անհայտ չեն. հիմնական նախապայմաններից մեկը եղել է այն, որ Հայաստանը հրաժարվի Արցախից, ավելին՝ այն հանձնի Ադրբեջանին և դրանից հետո միայն կարող են Թուրքիայի հետ հարաբերություններ լինել: Այլ նախապայմաններ էլ կային, որոնք նմանապես հանրահայտ են:

Ու բոլորը, ովքեր քիչ թե շատ ծանոթ են խնդրին, այդ ամենին տեղյակ են: Ավելին, երբ Նիկոլ Փաշինյանը վազում էր Թուրքիայի գիրկը՝ հարաբերություններ հաստատելու համար, այնպես չէ, թե փորձագետներն (այս դեպքում՝ հայ) ու քիչ թե շատ բանիմաց մարդիկ Նիկոլ Փաշինյանին այդ ամենի մասին չէին ասում: Այնպես չէ, թե ոչ մեկը չէր զգուշացնում, որ այդ «խաղերը» ընդամենը հանգեցնելու են Թուրքիայի ու Ադրբեջանի «ախորժակը գրգռելուն», նորանոր պահանջներ առաջ քաշելուն, առավել ևս՝ Արցախը թշնամական հոշոտման ենթարկելուց և 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունն ստորագրելուց հետո:

Բայց Նիկոլ Փաշինյանը, «թողեք, թող աշխատենք», «ինչ ուզում ենք, էն էլ բանակցում ենք» տարբերակներով շարունակեց իր էշը քշել:

Հիմա ո՞ւմ է, կներեք, էշի տեղ դնում Նիկոլ Փաշինյանը:

Այսինքն, կամ նա ինքն է իրեն հիմար դրության մեջ դրել, կամ էլ այնքան «խորաթափանց» է, որ ակնհայտ բաները նոր-նոր են նրա գիտակցությանը հասել: Դեռ մի բան էլ ձևեր է թափում, թե՝ չգիտի, արժե՞ այդ մասին խոսել, թե չխոսի: Կարելի է կարծել, ասածը մի այնպիսի՜ անհայտ բան է, որ երևի միայն շշուկով կարելի է ասել, որ հանկարծ ուրիշները չիմանան:

Հա, բայց անկախ այն հանգամանքից, թե նշված «կամ»-երից ո՛ր տարբերակն է, դրանից Հայաստանի վիճակը չի թեթևանում: Հակառակը: Նիկոլ Փաշինյանը՝ իր քպ-ի հետ, Հայաստանն ընկղմել է ադրբեջանաթուրքական ծուղակաճահիճը, ի լրումն՝ աշխարհաքաղաքական հակամարտության լրացուցիչ վայրի է վերածում: Եվ, մինչև Հայաստանը վերջնականապես չխեղդի վերոնշյալ թունավոր ճահիճում, երևի իր հոգին չի փառավորվի:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը