Մեկնաբանություն

03.03.2023 14:10


Գերմանիայի կանցլեր Շոլցը բացահայտեց Փաշինյանի սուտը

Գերմանիայի կանցլեր Շոլցը բացահայտեց Փաշինյանի սուտը

Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել՝ ընտանյոք, աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա: Գիտեք: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպում է ունեցել: Գիտեք: Համատեղ ասուլիսով են հանդես եկել: Երևի տեսաք, լսեցիք:

Եվ ահա, Գերմանիայի կանցլերը, պետության գործադիր իշխանության ղեկավար Շոլցը, ասուլիսի հենց սկզբնամասում, ըստ էության, մերկացրեց Նիկոլ Փաշինյանին, գործնականում բացահայտեց նրա ու քպ-ական թիմակիցների հնչեցրած այն սուտը, թե՝ «միջազգային հանրությունն» իրենց ստիպում է իջեցնել Արցախի հետ կապված պահանջների նշաձողը, այս, այն: Այն, ինչ հայտարարեց Շոլցը, փոխաբերական իմաստով ոչ միայն ստախոսության բացահայտում էր կամ ստախոսածի մերկացում, այլև շրխկան ապտակ Նիկոլ Փաշինյանին ու նրա ամբողջ «կամանդին»:

Բոլորը երևի լսեցին կամ առնվազն կարդացել են Գերմանիայի կանցլերի՝ Փաշինյանի ներկայությամբ արած այն հայտարարությունը, որ Արցախի խնդրի կարգավորումը տեսնում են ինչպես տարածքային ամբողջականության, այնպես էլ՝ «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի» սկզբունքի հիման վրա: Կարելի է ասել, հայտնի «մադրիդյան սկզբունքները»՝ մի փոքր սեղմ ձևակերպմամբ:

Իսկ ի՛նչ էին այս վերջին տարիներին հայտարարում Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները: Հայտարարում էին, թե «միջազգային հանրությունը» շարունակ պահանջում է Արցախի հարցում իջեցնել նշաձողը, ինքնորոշման իրավունքը չեն ճանաչում և այլն:

Ի դեպ, Շոլցից հետո խոսք ստացած Փաշինյանը, որ ընդունելության համար շնորհակալության տեքստն էլ էր թղթից կարդալով արտասանում (դեռ լավ է, գերմաներեն չկմկմաց, այլ հայերեն), խոսում էր իսկապես ստախոսության մեջ բռնվածի մոնոտոն-հանգած ձայնով ու վշտացած դեմք էր ընդունել:

Ավելին, միայն Շոլցը չէ, որ մերկացրել է «միջազգային հանրության» պահով Փաշինյանի սուտը։ Ֆրանսիայի Սենատն էլ, հիշեցնենք, Արցախի ինքնորոշման ու անկախության ճանաչման պահն ընդգծել էր: Առհասարակ, անգամ Փաշինյանի ստորագրած 9.11.2020 եռակողմ հայտարարությունից հետո Մինսկի խմբի համանախագահները միառժամանակ ընդգծում էին կարգավորման՝ հայկական կողմի համար համեմատաբար ձեռնտու սկզբունքներին վերադառնալու մասին, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ իր գրավոր ու բանավոր այլ պայմանավորվածություններով նման շեշտադրումներն էլ չէր ջրել: Ի դեպ, Ռուսաստանն էլ, տարբեր առիթներով, մի փոքր քողարկված, ակնարկել է խնդրի վերջնական լուծումը հետագային թողնելու մասին: Ինչևէ:

Այս ամենից ա՛յլ հարց է ծագում. իսկ ո՞րն է կամ ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանի և նրա ՔՊ-ի պատկերացրած «միջազգային հանրությունը»՝ Անտարկտիդայի պինգվիննե՞րը:

Նիկոլ Փաշինյանի ու նրա քպ-ականների պատկերացրած «միջազգային հանրությունը» ուղղակիորեն Թուրքիան ու Ադրբեջանն են, քանի որ ինչպես նայում ես, միայն նրանք էին հանդես գալիս ու հանդես են գալիս Արցախը ադրբեջանացնելու, Հայաստանի կողմից Արցախի անունն ու տեղը մոռանալու «նշաձողով»: Ըստ որում, Նիկոլ Փաշինյանը այդ «նշաձողը» գործնականում ընդունել է Պրահայում, իսկ Մյունխենում էլ, կարելի է ասել՝ վերահաստատել, ինչից էլ Ալիևը է՛լ ավելի է ոգևորվել:

Պարզ է, որ Փաշինյանն ու նրա սատարիչները «միջազգային հանրություն» ասելով նկատի ունեն միմիայն Թուրքիան ու Ադրբեջանը, ինչպես Արևմուտք ասելով պատկերացնում են... նույն Թուրքիան։

Ա.Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը