Կարծիք

30.09.2011 16:58


Կուսակցակա՞ն էր արդյոք հանցագործը

Կուսակցակա՞ն էր արդյոք հանցագործը

Պատվերի նպատակը պարզ է` վարկաբեկել ԲՀԿ-ն, պատվիրատուն` հայտնի է, պատվերի սխեման հստակ` ողջ երկրով մեկ եթե որևէ հակաօրինական դեպք է գրանցվում, ճշտել կա արդյոք ԲՀԿ-ական անդամ, ու եթե կա հաջորդ օրվանից «անկախ, սերժատու և լևոնական» լրատավամիջոցներով անընդհատ շեշտել, որ այս կամ անձը կամ անձիք ԲՀԿ-ական են:

Այս գործելաոճը, իհարկե, քաղաքական, ազդեցություն չի կարող թողնել, բայց զուտ էմոցիոնալ-մարդկային մակարդակում տհաճ է: Իսկ եթե այդպես է, ապա պատվիրատուն դա հավերժ կանի, մանավանդ, որ սերժալևոնական ընդհանուր լրատվական դաշտը կազմ ու պատրաստ է ու իրենից ֆինանսապես կախված:

Բայց քանի որ ազդեցությունը միշտ հակազդեցություն է ծնում, փորձենք խնդրին ավելի լայն նայել, որովհետև խնդիրը ոչ թե անհատների, այլ քաղաքական համակարգի մեջ է:

Հայաստանում կա երեք ազդեցիկ քաղաքական ուժ` ԲՀԿ, ՀՀԿ, ՀԱԿ ու հենց նրանց օրինակով նայենք խնդրին:

100 հազարավոր ՀՀ քաղաքացիներ կամավոր կամ ստիպողաբար այս կուսակցությունների անդամ են: Նրանց որակյալ կազմը բնականաբար խիստ տարբեր է` պարկեշտ, քաղաքական մտածողությամբ անհատներից մինչև կրկնահանցագործներ կամ պուտանկեք: Օրինակ` Լ. Տեր-Պետրոսյանը և Տիգրան Առաքելյանը նույն քաղաքական ուժից են: Մեկը լուրջ լեզվաբան է, մյուսը` անչափահասությունը նոր ավարտած զոմբի: Կամ Ս. Սարգսյանը և ՀՀԿ-ի Մարիշը, որի չստացված ակտի պատճառով մեկ այլ հհկ-ական մարդ սպանեց` նույն կուսակցության անդամ են: Նույն տրամաբանությամբ Գ. Ծառուկյանը և որևէ թաղի «ավտարիտետ» ԲՀԿ-ական են: Սա, հայաստանյան քաղաքական դաշտի էությունն է: Սա խորքային պրոբլեմ է, որի արդյունքում կուսակցությունները համալրվում են, ոչ թե գաղափարակից համախոհներով, այլ շատ ավելի հաճախ գլխաքանակի և ձայնաքանակի նկատառումներով: Իհարկե, կան որոշ նրբերանգային տարբերություններ` Լ. Տեր-Պետրոսյանը հրապարակավ պաշտպանում և արդարացնում է ոստիկանին հայհոյողին և խփողին (ավելին` նրան համարում քաղբանտարկյալ ու դրա շուրջ կառուցում իր քաղաքականությունը), իսկ Ս. Սարգսյանը թև ու թիկունք չի լինում ՀՀԿ-ի Մարիշին, թեև չի էլ հասնում նրան, որ սպանության մեջ բոլոր մեղավորները պատժվեն: Ի դեպ, սպանվողը նույնպես ՀՀԿ անդամ է, բայց ձայն չբերող:

Ամեն օր նայելով 02-ի հաղորդագրությունները, կարելի է անընդհատ վերնագրեր ստեղծել` ՀՀԿ-ական այսինչը սպանեց, ԲՀԿ-ական այսինչը գողացավ, ՀԱԿ-ից այսինչը թալանեց, ՀՅԴ-ից այսինչը դանակահարեց, ՄԻԱԿ-ական այսինչը բռնաբարեց կամ բռնաբարվեց: Սա ունի երկու տարբերակ` կամ ընդունել, որ այս կամ այն հանցագործը որևէ կապ չունի այն կուսակցության հետ, որի ֆորմալ անդամն է ու հարցը չկուսակցականացնել կամ հակառակը` հետևողական յուրաքանչյուր հանցագործության տակ գրել հանցագործի կուսակցական պատկանելիությունը: Վստահ ենք, դրանից ոչ ոք չի շահի` փաստեր և ապացույցները անվերջ կան: Մնում է նպատակահարմարության խնդիրը:

Արման Սահակյան

Հ. Գ.։ Սա, իրոք, օբյեկտիվ պրոբլեմ է: Եթե 20 տարի շարունակ մարդկանց ստիպողաբար դարձնում են սկզբում ՀՀՇ-ական, հետո ՀՀԿ-ական, թաղի թափթփուկից մինչև նախարար, ապա մի օր էլ նրանք կուսակցական պատկանելիությունը պետք է կիրառեն հանցագործության մեջ:

Ի դեպ, երբեմն թաղի թափթփուկը ավելի մեղմ հանցանք է գործում, քան բարձրաստիճան պաշտոնյան: Մենք հո ամեն օր չենք գրում, որ ՀՀԿ-ական Տիգրան Սարգսյանը քանդեց տնտեսությունը, որի տակից հազիվ թե դուրս գանք, չենք գրում չէ ամեն օր, որ ՀՀԿ-ական Ներսես Երիցյանը անմեղսունակի խանդավառությամբ Գյումրիիում բարձրահարկեր էր կառուցում ու այն ծովափնյա քաղաք պատկերացնում, չենք գրում չէ, որ ՀՅԴ-ական գործիչները կախված «Փալմիրայում» կամ «Մեղեդիում» վաճառքի թվերից փոխում է իր քաղաքական վերաբերմունքը իշխանությունների հանդեպ, չենք գրում չէ, թե ՀԱԿ-ական Գ. Ջհանգիրյանը քանի կոնկրետ բանակային մարդու խորտակված կյանքի համար է պատասխանատու…:

Իրականում գրում ենք, բայց ամեն անգամ չենք շեշտում կուսակցական պատկանելիությունը…

Այս խորագրի վերջին նյութերը