Աշխարհ

30.09.2011 16:34


Թուրքիան իսրայելական «F-15» ինքնաթիռներին բռնելու համար օդ է ուղարկել իր կործանիչներին

Թուրքիան իսրայելական «F-15» ինքնաթիռներին բռնելու համար օդ է ուղարկել իր կործանիչներին

Ինչպես հայտնում է «The Jerusalem Post»–ը, հղում անելով հունական և թուրքական մամուլին, Թուրքիայի ռազմաօդային ուժերը մի քանի կործանիչներ են օդ ուղարկել՝ բռնելու իսրայելական երկու «F–15» մարտական ինքնաթիռներին, որոնք թռիչք են կատարել Կիպրոսի թե՛ հունական, թե՛ թուրքական կղզիների վրայով։

ԶԼՄ–ի հաղորդմամբ՝ իսրայելական կործանիչներն օդ են բարձրացել Թել Ավիվի բազայից, որից հետո ուղղություն են վերցրել դեպի Կիպրոս։ Թուրքական հակաօդային պաշտպանության այն զգուշացումներին, թե խախտվում է օդային սահմանը, իսրայելական կողմից ոչ մի արձանգանք չի եղել։ Միայն այն բանից հետո, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերի «F–16» կործանիչները դուրս են եկել ընդդեմ իսրայելական «F–15»–ի, ինքնաթիռները պտտվել և հետ են սլացել։

Երկու «F–15»–ները Կիպրոսի վրայով թռել են ցածր բարձրությամբ, ինչի շնորհիվ գետնից հեշտությամբ տեսանելի են եղել։

Բացի այդ, իսրայելական ռազմական ուղղաթիռը շատ ցածր բարձրությունից թռել է նաև թուրքական «Փիրի Ռեիս» երկրահետախուզական նավի վրայով, որն զբաղված է կիպրոսյան ստորջրյա ժայռերում նավթի որոնմամբ։

Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, երկրաբանները Միջերկրական ծովի արևելյան հատվածում ածխաջրածնային հումքի բավական մեծ պաշար էին հայտնաբերել։

Տարածաշրջանի բնական պաշարներին տիրանալու համար դիվանագիտական պայքար է սկսվել Իսրայելի, Լիբանանի, Հյուսիսային Կիպրոսի, Կիպրոսի Հանրապետության և Թուրքիայի  միջև։ Հակամարտության կողմերը տարատեսակ մեթոդներ են օգտագործում՝ ապացուցելու, որ իրավունք ունեն եկամուտ ստանալու նավթով և գազով հարուստ տարածքներից։

Այսպես, Թուրքիան հայտարարել է, որ կսկսի հորատել իր կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի թույլտվությամբ, իսկ Կիպրոսի Հանրապետությունն այդ քայլն անվանել է ներխուժում ուրիշ տնտեսական գոտի։ Իսրայելն իր հերթին հույն կիպրոսցիների հետ համաձայնության է եկել ստորջրյա ժայռերի բաժանման հացում, սակայն դա նյարդայնացրել է Լիբանանին, ով իրեն արհամարհված է համարում։ «Հըզբոլլահն» անգամ սպառնացել է ծովի «իր» հատված իսրայելցիների մուտքն արգելելու համար ուժ կիրառել։

Եվ այս ամենը տեղի է ունենում Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների լարման ֆոնին, ովքեր գործնականում սառեցրել են իրենց հարաբերությունների պաշտոնական մակարդակը։

Այս խորագրի վերջին նյութերը