Քաղաքական

28.02.2023 22:29


Սուրեն Պապիկյանը 168․000 դոլարով բնակարան է գնել, որն այսօր 412.000 դոլար արժե

Սուրեն Պապիկյանը 168․000 դոլարով բնակարան է գնել, որն այսօր 412.000 դոլար արժե

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանում թանկարժեք բնակարան է գնել։ Գործարքը տեղի է ունեցել 2022 թ․ ամռանը։ Բնակարանի ձեռքբերման գործարքը ֆինանսավորել է Ազգային Ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկը»։ Իսկ շենքը, որտեղ գտնվում է նախարարի բնակարանը, կառուցում է նախկին պատգամավոր, այժմ գործող իշխանությունների աջակցությունը վայելող Աշոտ Արսենյանի ընկերությունը։ «Հետքը» մանրամասներ է պարզել անշարժ գույքի ձեռքբերման գործարքի վերաբերյալ։

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կնոջ՝ Արմինե Մուրադյանի հետ նոր բնակարան է գնել, որը դեռ չի հանձնվել շահագործման։ Նորակառույց շենքը գտնվում է Արշակունյաց պողոտա 18/4 հասցեում՝ նոր ձևավորվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում։ Շենքն ամբողջությամբ կառուցված է, ընթանում են երեսպատման և ներքին հարդարման աշխատանքներ։

Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն, բնակելի համալիրի «Դ» մասնաշենքում Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի անունով «կառուցվող շենքում բնակարան ձեռքբերելու իրավունքը» գրանցվել է 2022 թ-ի ամռանը՝ հուլիսի 27-ին։

«Հետք»-ին այլ աղբյուրից հաջողվեց պարզել, որ նորակառույց շենքում գտնվող բնակարանը 165 քառակուսի մետր է, իսկ գործարքի գինը կազմել է 69 միլիոն դրամ։ Այս գումարը բնակարանը ձեռքբերելու ամսվա դրությամբ Կենտրոնական բանկերի սահմանած տարադրամի միջին փոխարժեքով կազմում է 168 հազար ԱՄՆ դոլար (1 ԱՄՆ դոլարը 410 դրամ): Այսինքն՝ 1 քմ-ի արժեքը հուլիսի 27-ի դրությամբ կազմել է 1019 դոլար։ Մենք զրուցել ենք «Բյուրեղ» բնակելի համալիրում բնակարան գնել ցանկացողների հետ, որոնց փոխանցմամբ՝ 2020 թ.-ին` մինչեւ պատերազմը, երբ անշարժ գույքի գներն ավելի ցածր էին, նշված համալիրում 1 քմ մակերեսով գույքn ավելի թանկ էր՝ սկսվում էր 1 քմ-ն 1200 դոլարից(Ցածր հարկերը՝ 1100 դոլարից)։

«Բյուրեղ» բնակելի համալիրում այսօր անշարժ գույքի 1 քմ-ի արժեքը սկսվում է 2500 ԱՄՆ դոլարից։ Այդ պայմաններում Սուրեն Պապիկյանի գնած գույքն արժե 169 միլիոն դրամ՝ շուրջ 412 հազար դոլար, բայց նախարարն այն գնել է 69 միլիոն դրամով (168 հազար դոլար)։

Գրավոր հարցմամբ դիմեցինք պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպե՞ս է իրեն հաջողվել այդ բնակարանը գնել շուրջ 100 միլիոն դրամ էժան։

Նախարարը գրավոր հայտնեց, որ 2022 թ-ի հուլիսին բնակարանը գնել է «Հայէկոնոմբանկի» վարկային միջոցներով։ «Անդրադառնալով ձեր կողմից բարձրաձայնված հարցին՝ պետք է նշեմ, որ հիշյալ բնակարանի շուկայական գնի վերաբերյալ առավել հստակ տեղեկատվություն ստանալու համար հարկ է դիմել բազմաբնակարան շենքի վաճառքով զբաղվող ընկերությանը»,-նշել է Սուրեն Պապիկյանը՝ փաստացի չպարզաբանելով հաջող գործարքի հանգամանքները։

Պարզաբանում ստանալու նպատակով գրավոր հարցմամբ դիմել ենք նաև «Բյուրեղ» բնակելի համալիրը կառուցող ընկերության՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տնօրենին։ Քանի որ ընկերության ներկայացուցչից հեռախոսով չկարողացանք հստակ պատասխան ստանալ, թե կոնկրետ երբ կպատասխանեն մեր հարցերին, որոշեցինք նյութը հրապարակել։ Հարցման պատախանը ստանալուն պես այն նույնպես կհրապարակենք։

Ո՞վ է կառուցել բնակարանը և ո՞վ է ֆինանսավորել գործարքը

412 հազար դոլար արժողությամբ բնակարանը 168 հազար դոլարով գնելու հնարավորությունը, հավանաբար, պայմանավորված է գործարքի կողմ հանդիսացող մյուս անձի՝ Աշոտ Արսենյանի գործոնով։

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Աշակունյաց 18/4 հասցեի բնակելի և հասարակական համալիրը կառուցում է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն, որը պատկանում է նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին։ Արսենյանը Ազգային ժողովի պատգամավոր է եղել 2003-2012 թթ-երին, անդամակցել է Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությանը։ Ամեն բան, սակայն, փոխվեց 2018 թ.-ից հետո։ 2019 թ.-ին «Ջերմուկ գրուպ»-ը Երևանի քաղաքապետարանին ձյուն մաքրելու մեքենաներ նվիրեց, ապա ստացավ Արշակունյաց պողոտայում բարձրահարկ բազմաբնակարան համալիր կառուցելու թույլտվությունը։ Նույն տարում քրեական գործ հարուցվեց Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի` բանակից ազատվելու հանգամանքները պարզելու վերաբերյալ, որը, շատ չանցած, կարճվեց։ Իսկ արդեն 2021-ի հոկտեմբերին նույն Վահագն Արսենյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակեց Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Պաշտոնակատարից համայնքապետ կես քայլ էր։ 2021 թ.-ի դեկտեմբերի 5-ին Ջերմուկ համայնքի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթեց, իսկ ՔՊ-ի ցուցակը գլխավորող Վահագն Արսենյանը դարձավ Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավար։

Պաշտպանության նախարարի բնակարանի գնման գործարքը վարկավորել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն, որի բաժնետոմսերի կեսից ավելին պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Բանկի պաշտոնական կայքի տվյալներով, բանկի գրանցված և ամբողջությամբ վճարված բաժնետիրական կապիտալի 57.52%-ը պատկանում է Սուքիասյաններին։

Ի դեպ, «Հայէկոնոմբանկն» է ֆինանսավորել նաև Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի առանձնատան ձեռքբերման գործարքը, որը կազմել է 280 հազար ԱՄՆ դոլար։

2019 թ.-ին, երբ Սուրեն Պապիկյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն էր, Արաբկիր վարչական շրջանում գտնվող Ադոնցի փողոցում նոր կառուցված շենքում ձեռք է բերել 86 քմ մակերեսով բնակարան։ Այս դեպքում կառուցապատողը «Միկշին» ՍՊԸն էր։ Բնակարանի արժեքը կազմել է 27 միլիոն դրամ։ Նույն տարում Սուրեն Պապիկյանը երկու տարբեր բանկերից վարկեր է վերցրել։ 18.7 միլիոն դրամ «Արդշինբանկից» է վարկ վերցրել, 1 միլիոն 850 հազար դրամ՝ «ՎՏԲ-Հայաստան» բանկից։ Բնակարանը ձեռք բերելիս պաշտոնյան օգտվել է «եկամտահարկի վերադարձի» որոշմամբ սահմանված արտոնությունից։

Այս խորագրի վերջին նյութերը