Քաղաքական

30.09.2011 14:43


Կառավարություն ունենք աշխարհը չունի

Կառավարություն ունենք աշխարհը չունի

Նախորդ շաբաթ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում, դիմելով սոցցանցի օգտագործողներին, հորդորել էր գրել հայատառ: «Բարեկամներ, գիտակցում եմ, որ մեր շատ հայրենակիցներ, մանավանդ արտերկրում, չեն կարող գրել հայատառ, քանի որ չունեն յունիքոդ: Սակայն բոլորին կոչ եմ անում հնարավորության դեպքում գրել միայն հայատառ»,- գրված էր վարչապետի էջի «պատին»:

Ի հեճուկս այդ հորդորի, այսօր ՀՀ կառավարության [email protected] էլեկտրոնային հասցեից ստացանք հետևյալ լատինատառ երկտողը. «Hargeli qaxaqaci, nshvac xndirnerov tej gic@ chi zbaxvum, ajd masin greq dimum HH varchapeti anunov, nsheq hasce, storagreq ev postov uxarkeq HH Karavarutjun»: Ներկայացնենք այդ երկտողի բառացի թարգմանությունը «Հարգելի քաղաքացի, նշված խնդիրներով թեժ գիծը չի զբաղվում, այդ մասին գրեք դիմում ՀՀ վարչապետի անունով, նշեք հասցե, ստորագրեք և փոստով ուղարկեք ՀՀ կառավարություն»:

Իհարկե, խնդիրն այստեղ միայն հայատառ չգրելը չէ: Հարցն այն է, որ մենք Գյումրու անօթևան ընտանիքների ծանր վիճակի մասին պատմող հոդվածներն ու տեսանյութերը ԶԼՄ-ներից բացի ուղարկում ենք նաև կառավարության էլեկտրոնային հասցեով: Հավանաբար մեր այդ գործելակերպը նրանց դուր չի եկել և որոշել են մեզ խորհուրդներ տալ: Ավելացնենք, որ կոնկրետ այս դեպքում խոսքը վերաբերում է անցած օրը մեր կողմից տարածված և մեր կայքում տեղադրված «Գյումրի. Անտուն և անտեսված որբ երեխաներ» (http://shirakcentre.org/hy/lurer/1167-shirak-centre-ngo) վերնագրով տեսանյութին: Այն պատմում էր ծանր սոցիալական պայմաններում ապրող գյումրեցի անօթևան, երեք միակողմանի որբ անչափաս  երեխաներ խնամող Էլմիրա Թամազյանի ընտանիքի մասին:

Բնականաբար, մենք գրություն կամ նամակ գրելու ձևերը գիտենք: Իսկ վերոհիշյալ երկտողում նշված չափանիշներով դիմումներ ու նամակներ էլ հաճախակի ենք ուղարկում ՀՀ վարչապետին, օրինակ անցած 4-5 ամիսներին մեր  ուղարկած նման գրությունները կազմել են առնվազն 500 էջ:

Պարզապես չէինք պատկերացրել, որ ՀՀ կառավարության «թեժ գծի» համար անտուն ու որբ երեխաների թեման կարող էր անհետաքրքիր լինել, և միամտաբար մտածում էինք` վատ չի լինի, եթե  ՀՀ կառավարությունն էլ տեղյակ լինի, թե ինչ վիճակում են ապրում հասարակ մարդիկ Գյումրիում, ինչը նաև արդյունք է իրենց գործունեության: Բարեբախտաբար, ի տարբերություն ՀՀ կառավարության` մեր  հրապարակած նյութերին պատշաճ արձագանքողներ էլ են լինում: Հենց այդ նույն հրապարակումից ընդամենը մեկ-երկու ժամ անց նամակ ստացանք Կանադայում բնակվող հայ հոգևորական Տ. Միւռոն Քհնյ. Սարգիսեանից, այդ ընտանիքին երկարատև օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին («Արձագանքը չուշացավ»  (http://shirakcentre.org/hy/lurer/1168-shirak-centre-ngo):

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը