Քաղաքական

28.02.2023 17:10


Անդրանիկ Թևանյան․ «2021-ի ընտրության արդյունքները լեգիտիմ չեն» (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյան․ «2021-ի ընտրության արդյունքները լեգիտիմ չեն» (տեսանյութ)

ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորև․

․ ․ ․

Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղի է ունեցել մեծ խաբեություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և դրա առաջնորդը 2021–ի նախընտրական ծրագրով խոստացել են՝

– պաշտպանել Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն՝ առանց սահմանափակումների,

–պայքարել ԼՂԻՄ տարածքների դեօկուպացիայի համար,

–հակամարտությունը կարգավորել Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով:

ՔՊ–ն ասել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո, և որ Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։

Այսպիսի խոստումներ տալով նրանք քվե են ստացել և խաբել։ Ի դեպ, այդ քվեին հղում անելով է Ալիևը հայտարարում, որ հայ ժողովուրդն ընտրել է Փաշինյանին, ուրեմն համաձայնել է անդադար զիջումների։ Այնինչ դա ոչ թե հայ ժողովրդի, այլ Փաշինյանի դիրքորոշումն է, որը լեգիտիմ չէ։

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները հիմա անում են այն, ինչի համար քվե չեն ստացել։ Անում են իրենց ասածների հակառակը։ Վարում են Արցախն Ադրբեջանին հանձնելու քաղաքականություն, հակադրում 120 հազար արցախցուն 3 միլիոն հայաստանցու հետ՝ ներազգային ռասիզմ, մարդակերություն և թշնամանք սերմանելով։

2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում Փաշինյանն ընդունել է, որ Արցախն Ադրբեջանինն է, ինչը դարձել է Ալիևի կողմից հանցավոր կերպով Լաչինի միջանցքը փակելու պատճառներից մեկը։ Պրահյան համաձայնությունները Փաշինյանն օրերս վերահաստատել է Մյունխենում տեղի ունեցած հակահայկական դավադրության շրջանակներում։ Ինչպես որ 1938–ին նույն Մյունխենում Հիտլերին «խաղաղեցրին», այնպես էլ 2023–ին Ալիևին են «խաղաղեցնում»։

Իշխող ուժն այժմ առաջնորդվում է «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսով, ինչին հաջորդել է Ալիևի կողմից «Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է, և վե՛րջ» ծրագրի հռչակումը։

ՔՊ–ն խաբել է նաև հայ–թուրքական հարաբերությունների հարցում՝ հայտարարելով, որ դրանք առանց նախապայմանների են։ Սո՛ւտ է։ Կա՛ն նախապայմաններ ու դրանց մասին բաց խոսում է Անկարան։ Փաշինյանը հիմա այդ նախապայմանների բավարարմամբ է զբաղված՝ գերեզմանային «խաղաղության դարաշրջան» նախապատրաստելով։

Փաշինյանի սուտը վերաբերում է նաև հայ–ռուսական հարաբերություններին։ Նա խոստացել էր ռազմավարական դաշինքի խորացում, բայց միացել է հակառուսական կոալիցիային ու հակառուսական հիստերիա բարձրացրել մեզ մոտ՝ Հայաստանը դարձնելով Արևմուտք–Ռուսաստան բախման թատերաբեմ։

Եվ այսպես, իշխող ուժը խաբեությամբ է քվե կորզել, ինչը ապալեգիտիմացնում է 2021–ի ընտրության արդյունքները։

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ձեզ խաբել են, խաբում են ու շարունակելու են խաբել, քանի դեռ հանդուրժում եք դա։ Պետք է, հետևաբար, ամեն մեկս իր քայլն անի՝ մերժելով ստին։

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը