Քաղաքական

25.02.2023 08:27


Լաչինի միջանցքում տրանսպորտային բոլոր միջոցների ազատ երթևեկությունը պետք է շտապ վերականգնվի․ ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը

Լաչինի միջանցքում տրանսպորտային բոլոր միջոցների ազատ երթևեկությունը պետք է շտապ վերականգնվի․ ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատելու նպատակով փետրվարի 17-19-ը Հայաստան կատարած այցից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգը (Շվեդիա) հանդես են եկել հայտարարությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԽԽՎ-ի կայքէջը, համազեկոցողները ընդգծել են, որ իրավիճակը Լաչինի միջանցքում պահանջում է անհապաղ գործողություններ։

«Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն կարող ազատ դուրս գալ այնտեղից, և, ինչպես մեզ տեղեկացրել են, 954 մարդ դեռ մնացել է միջանցքի երկու կողմերում։ Այս միջանցքով թույլատրվում է տեղաշարժվել միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների մեքենաներին, ինչն ակնհայտորեն բավարար չէ բնակչության կարիքները բավարարելու համար։

Ավելին, կենսական նշանակություն ունի, որ ապրանքները ժամանակին առաքվեն ցանքի սեզոնին։ Բոլոր տրանսպորտային միջոցների ազատ երթևեկությունը պետք է շտապ վերականգնվի ՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության»-նշել են համազեկուցողները։

Բացի այդ, ըստ ԵԽԽՎ համազեկուցողների, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման և էլեկտրամատակարարման բազմակի ընդհատումները հանգեցրել են բնակիչների իրավունքների լուրջ խախտումների. բազմաթիվ մարդիկ արդեն կորցրել են աշխատանքը, իսկ երեխաները զրկված են կրթությունից, քանի որ դպրոցները ստիպված են եղել փակել ։

«Հիշեցնում ենք Ադրբեջանի հարցով համազեկուցողների հետ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի մեր համատեղ հայտարարությունը, որում կոչ էր արվում վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը, որով կոչ էր արվում Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել բոլոր միջոցները «Լաչինի միջանցքով» անվտանգ երթևեկությունն ապահովելու համար, մասնավորապես՝ «բժշկական օգնության կարիք ունեցող ծանր հիվանդ մարդկանց և ճանապարհին դժվար կացության մեջ հայտնված այլ մարդկանց»։ Մենք նաև ի գիտություն ենք ընդունում Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, որում նշվում է, որ «Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները ՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»։ Մենք հրավիրում ենք Վեհաժողովի բոլոր անդամներին այս իրավիճակը հասցնել իրենց համապատասխան ազգային խորհրդարանների ուշադրությանը և միանալ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը անհապաղ դադարեցնելու մեր կոչին»,-նշում են համազեկուցողները։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին, ԵԽԽՎ համազեկուցողները ուսումնասիրել են Ջերմուկ քաղաքում և Սոթք գյուղում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ադրբեջանական զորքերի հարձակումների հետևանքները։

«Արձանագրեցինք, որ քաղաքացիական գոտիներում կասետային զինամթերքի կիրառման ապացույցները հավաքվել և պահպանվել են հետագա փորձաքննության համար։ Մեզ ցույց տվեցին ադրբեջանական ռազմական դիրքերի առկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում, երբեմն վիճելի սահմանագծից շատ հեռու»,-նշել են ԵԽԽՎ համազեկուցողները։

Նրանք բարձր են գնահատում սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության ծավալումը՝ նշելով նախորդ առաքելության զգալի շոշափելի արդյունքները լարվածության նվազեցման գործում։

«Մենք կոչ ենք անում երկու կողմերին առաջ մղել սահմանի սահմանազատման շուրջ քննարկումները և պայմանավորվել սահմանից զորքերի հայելային հետքաշման մասին ՝ որպես վստահության ամրապնդման անհապաղ քայլ։ Մենք մեր եզրակացությունների մասին կհայտնենք ԵԽԽՎ մոնիտորինգի կոմիտեին՝ նրա հաջորդ նիստում։ Մենք նախկինի պես խիստ ուշադիր ենք վերաբերվում ապագա իրադարձություններին և վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը խորհրդարանական մակարդակով ցուցաբերել այն ողջ քաղաքական աջակցությունը, որն անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու համար»,-եզրափակել են ԵԽԽՎ համազեկուցողները։

Համազեկուցողներն իրենց այցի ընթացքում այցելել են Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներ և հարակից տարածքներ, ինչպես նաև Լաչինի միջանցքի մուտքը հայկական կողմից: Նրանք հանդիպել են Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառով Գորիսում արգելափակված տեղի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ։

Այս խորագրի վերջին նյութերը