Մեկնաբանություն

23.02.2023 15:57


Լաչինից մինչև Ամուլսար

Լաչինից մինչև Ամուլսար

1988–ի Ղարաբաղյան շարժմանը զուգահեռ առաջ եկան «բնապահպաններ», որոնք մեր երկրում բնապահպանական աղետի, տնտեսական փլուզումների, մարդկային խեղված ճակատագրերի պատճառ դարձան։

Փակված ատոմակայանը բազմաթիվ ծառահատումների բերեց։ Փակված գործարանները մարդկանց մի մեծ խմբի գցեց աղքատության գիրկը։

«Բնապահպաններն» իրենց սև գործն 90–ականների սկզբում արեցին ու ծլկեցին։ Բայց նրանց հետևորդները մնացել են ու շարունակում են վնաս տալ մեզ։

Լաչինում ադրբեջանցի «բնապահպանները» փակել են ճանապարհը՝ Արցախում դառնալով անվտանգային, հումանիտար, սոցիալ–տնտեսական ճգնաժամի պատճառ։

Ադրբեջանցի իրենց գործընկերներից պակաս վնասակար չեն իրենց հայ գործընկերները։ Խաչիկ Սատմբուլցյանի մերօրյա հետևորդները 2018–ից փակել էին Ամուլսարի հանքի ճանապարհն ու չէին թողնում ոսկու արդյունահանում, թե բա՝ բնապահպանական աղետ է լինելու։

Նիկոլ Փաշինյանը պետբյուջեից 400 հազար դոլար ծախսեց, որպեսզի պարզի, թե ինչքանով է ոսկու հանքի շահագործումը վնասակար բնապահպանական տեսանկյունից։ Պարզել էին, որ վնասակար չէ, բայց հանքը չէր աշխատում, քանզի «բնապահպաններն» իրենց քամակները ճղում էին այդ հարցում։ Փողոցով ու ճանապարհ փակելով իշխանության եկած Նիկոլն էլ ընդառաջ էր գնում դրանց ճղճղոցներին, քանզի, ինչպես երեկ պարզվեց, իրեն դա ձեռնտու էր։ Արդյունքում մեր տնտեսությանը, պետության իմիջին հսկայական հարվածներ հասցվեցին, ունեցանք անդառնալի կորուստներ։

Երեկ հայտնի դարձավ, որ Ամուլսարի հանքը վերագործարկվելու է։ Հանքում փայ է ունենալու նաև Նիկոլ Փաշինյանը (անունը դրել են «կառավարության փայ», բայց դե պետբյուջեն ընտանեկան բյուջեի վերածած Նիկոլի համար կառավարության ունեցածն՝ ի՛ր ունեցածն է)։ Թվում էր, թե ճանապարհ փակողները պետք է ինքնաբուխ նետվեին դուրս այս լուրից հետո, բայց նրանցից ամենաճղճղանները շտապեցին հայտարարել, որ իրենց վրա հույս չդնեն։ Դա նշանակում է, որ հիմա նրանց փող չեն տալիս «բնապահպանություն» անելու համար։ Իսկ եթե փող չկա, ապա այդ «բնապահպանները» դառնում են ձկան պես համր ու գնում այնտեղ, ուր փող կա։ Գնում են նույն պատվիրատուի նշած այլ հասցեով (օրինակ՝ Գյումրիում ռուսական ռազմաբազայի դեմ ցույց անելու)։

Ի դեպ, հայ «բնապահպանները» մարմնավաճառների նման են, բայց մի տարբերությամբ։ Եթե վերջիններս երբեմն կարող են ձրի տրվել՝ ելնելով որոշ սկզբունքներից կամ հանուն իրական հաճույքի, ապա «բնապահպաններն» առանց փող ոչինչ չեն անի, եթե մեր հանրապետության բոլոր ծառերը հատվեն, հանքերը քրքրվեն կամ նույնիսկ թուրքը մտնի Ամուլսար ու բարբարոսաբար հանի ոսկիները։ Վերջին դեպքում, ամենայն հավանականությամբ, հայ «բնապահպանները» կողջունեն թուրքերին, քանզի պատվիրատուն նրանց համար միշտ ճիշտ է։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը