Քաղաքական

22.02.2023 13:31


Չեմ ցանկանում աբսուրդի թատրոնի վերածել այս դատական նիստը, մենք ԲԴԽ-ում ենք, ամոթ է. դատավոր Նախշքարյան (տեսանյութ)

Չեմ ցանկանում աբսուրդի թատրոնի վերածել այս դատական նիստը, մենք ԲԴԽ-ում ենք, ամոթ է. դատավոր Նախշքարյան (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) այսօր՝ փետրվարի 22-ին, շարունակում է քննել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության նախարարության միջնորդությունը:

Այսօրվա նիստում դատավորը հանդես եկավ ելույթով: Նա, հղում անելով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ներկայացված կարծիքին, նշեց, որ կան սահմանափակ հանգամանքներ, երբ դատավորը կարող է պատշաճ կերպով բարձրաձայնել քաղաքականապես վիճահարույց հարցեր, մասնավորապես, երբ հարցն ուղղակիորեն ազդում է դատարանների գործունեության դատական իշխանության անկախության, արդարադատության իրականացման կամ դատավորի անձնական անձեռնմխելիության հիմնարար գործոնների.

«Այս առումով դեռեւս 2002 թվականին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ուշադրությանը ներկայացվել է կարծիք թիվ 3 Եվրոպական դատարանի խորհրդատվական խորհրդի կողմից, որում, մասնավորապես, 35-րդ կետը, որ այս ոլորտում աշխատելը հնարավորություն է տալիս դատավորներին ընդլայնելու իրենց մտահորիզոնը, եւ իրազեկ պահել հասարակության մեջ առկա խնդիրներին, ինչը լրացնում է իրենց մասնագիտական գիտելիքները: 34-րդ կետի համաձայն՝ պետք է թույլատրվի, որ դատավորները մասնակցեն որոշ բանավեճերի, որոնք վերաբերում են ազգային, դատական քաղաքականությանը: Պետք է հնարավոր լինի խորհրդակցել դատավորների հետ, ինչպես նաեւ նրանց ակտիվ ներգրավել եւ ակտիվ դեր խաղալ իրենց կարգավիճակի մասին օրենսդրական մշակման գործընթացում եւ դատական համակարգի գործունեության հարցում: Տվյալ դեպքում արդյո՞ք իմ խոսքը վտանգել է դատական իշխանության հեղինակությունը, թե՞ուղղված է եղել դատական իշխանության եւ անհատ դատավորների անկախության երաշխիքներին»:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչը հարց ուղղեց Նախշքարյանին, թե «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած իր գրառումների հասանելիության սահմանափակումն արդյո՞ք պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ինքը գիտակցել է՝ չպետք է աներ այդպիսի արտահայտություններ, դատավորը պատասխանեց, որ եթե կա անհրաժեշտություն, ապա ինքը կարող է ԲԴԽ դահլիճում մուտք գործել իր ֆեյսբուքյան էջ, կամ որեւէ այլ էջից մուտք գործել իր էջ եւ համոզվել, որ հասանելիությունը որեւէ կերպ սահմանափակված չէ. «Ի սկզբանե այն նախատեսված է եղել բոլոր ընկերների ընկերների շրջանակում»:

Ճշտող հարցին, թե ի՞նչ նպատակ է հետապնդել դատավորը, երբ ֆեյսբուքյան իր էջում գրել է այսօր կայանալիք դատական նիստի օրվա եւ ժամի մասին, Նախշքարյանն ասաց. «Ես բոլոր դեպքերում տեղեկացրել եմ, որ այսինչ օրը, այսինչ ժամին տեղի է ունենալու դատական ակտի հրապարակում կամ տեղի կունենա դատական նիստ ԲԴԽ-ում»:

Այն հարցին, որ եթե այլ դատավորներ իր կայացրած դատական ակտերը վիճահարույց դիտարկեն, դա իր համար ընդունելի՞ է, դատավոր Նախշքարյանն արձագանքեց. «Ձեր հարցն այնքան է դուրս մեր քննարկման առարկայից: Ցանկանում եք ճշտել իմ սուբյեկտիվ մոտեցումները այս կամ այն հարցի շուրջ, ես չեմ ցանկանում աբսուրդի թատրոնի վերածել այս դատական նիստը, որովհետեւ մենք գտնվում ենք Բարձրագույն դատական խորհրդում»:

Հիշեցնենք, որ Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը: Միջնորդության հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա իր վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ-ի կայացրած որոշման առնչությամբ: Ըստ արդարադատության նախարարի՝ նա հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։

Նշենք, որ երեկ ինքնաբացարկ է հայտնել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը: Նա նիստից առաջ հայտարարել է, որ դեռեւս 2022թվականի դեկտեմբերի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանում ԲԴԽ-ի նախաձեռնությամբ կազմակերպված արտագնա աշխատաժողովի ընթացքում առանձնազրույց է ունեցել դատավոր Նախշքարյանի հետ, որի ընթացքում իր կողմից արտահայտած մի շարք տեսակետներ անհնար են դարձնում իր մասնակցությունը այդ կարգապահական վարույթին: Խորհուրդը որոշել է բավարարել Կարեն Անդրեասյանի միջնորդությունը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը