Քաղաքական

20.02.2023 21:30


ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ է․ Զախարովա

ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ է․ Զախարովա

Մոսկվան կարծում է, որ Եվրամիության ներկայացուցիչները «ստում» են, երբ խոսում են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության քաղաքացիական բնույթի մասին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք արդեն մեկնաբանել ենք Հայաստանում ԵՄ առաքելություն ստեղծելու մասին ԵՄ խորհրդի որոշումը։ Ընդգծելով նոր առաքելության բացառապես քաղաքացիական բնույթը՝ Եվրամիության ներկայացուցիչները ստում են։ Այն ծավալվում է անվտանգության եւ պաշտպանության ոլորտում ԵՄ ընդհանուր քաղաքականության իմաստով: Հետեւաբար, դրան պետք է համապատասխանաբար վերաբերվել: Ցավոք, սա առաջին անգամ չէ, որ մենք արձանագրում ենք ցանկացած միջոցներով մեր դաշնակից Հայաստանում ամրապնդվելու Եվրամիության եւ Արեւմուտքի ցանկությունը։ Այս փորձերում մենք տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական ֆոն՝ հեռու Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։ Ամեն ինչ արվում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու եւ անվտանգության գլխավոր երաշխավորի նրա պատմական դերը թուլացնելու համար։ Անտեսվում են այս նախաձեռնության վերաբերյալ Բաքվի հրապարակայնորեն արտահայտած բացասական գնահատականները։

Բացի այդ, տարածաշրջանային տարբեր հակամարտությունների կարգավորմանը Եվրամիության մասնակցության փորձը բոլորովին էլ միանշանակ չէ։ Դժվար թե Բրյուսելը կարողանա պարծենալ այս ոլորտում հաջողություններով։ Վերցնենք, օրինակ, ԵՄ միջնորդական ջանքերը եւ առաքելությունը սերբական Կոսովո մարզում: Սա պետք է հաշվի առնել Հայաստանում նոր առաքելության վերաբերյալ ԵՄ որոշումը գնահատելիս։ Համոզված ենք, որ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ պայմանավորվածությունների փաթեթը տեսանելի ապագայում մնում է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հիմնական գործոնը։ Դրանց համակողմանի իրականացման՝ ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, հասարակության, փորձագետների, կրոնական շրջանակների, երկու երկրների խորհրդարանականների միջեւ կապերի հաստատման, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի զարգացման բանակցությունների միջով է անցնում տարածաշրջանում իրավիճակի բարելավման առավել ուղիղ ճանապարհը։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հետագայում էլ ամեն կերպ նպաստել դրան»,-ասվում է մեկնաբանության մեջ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը