Մեկնաբանություն

18.02.2023 23:56


Փաշինյանի «Մյունխենյան սկզբունքները–2»

Փաշինյանի «Մյունխենյան սկզբունքները–2»

Մինչև հայ ժողովրդի գլխին պատերազմ ու պարտություն բերելը, այսինքն՝ մինչև 2020–ի սեպտեմբերի 27–ը Նիկոլ Փաշինյանը կրկին մյունխենյան վոյաժներ էր արել։ Նա հանդիպել էր Ալիևի հետ ու բանավիճել։ Դա խայտառակագույն տեսարան էր։ Հայաստանն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, աշխարհին ներկայացել էր խղճուկ, վիզը ծուռ, անգրագետ տեսքով։

Մյունխենում Նիկոլն Ալիևին առաջարկում էր Ղարաբաղի հարցով մինի, մաքսի, մեգա հեղափոխություններ անել։ Ի պատասխան՝ Ալիևը ծիծաղում էր Նիկոլի վրա։ Վերջինս Մյունխենից Երևան վերադառնալուց հետո հրապարակեց, այսպես կոչված, մյունխենյան սկզբունքները, որոնք զուգարանի թղթի արժեք էլ չունեին։ Այդ սկզբունքները Նիկոլի զրոյական կետն էին բանակցային գործընթացում։ Թե ինչով ավարտվեց այդ ամենը, հայտնի է։

Հիմա Նիկոլը կրկին Մյունխեն է մեկնել։ Նա կրկին հանդիպել է Ալիևին։ Վերջինս արդեն ասել է, թե ինչպես է տեսնում Ղարաբաղի խնդրի լուծումը և առաջ քաշել իր պահանջները՝

–Ղարաբաղն ադրբեջանական է,

–ղարաբաղցիները հատուկ կարգավիճակ չեն ունենալու,

–Լաչինի մոտ ու հայ–ադրբեջանական սահմանին պետք է ադրբեջանական անցակետեր տեղադրվեն,

–Ղարաբաղի պաշտոնյաները պետք է իր սրտով լինեն, որ հետները շփվի։

Ալիևը նաև ասել է, որ պաշտոնական Երևանը «կակղել» է և «խաղաղության» պայմանագրի առաջարկներ է արել, բայց դա դեռ քիչ է, քանզի Բաքուն ավելին է սպասում, այսինքն՝ ավելի շատ զիջումներ է ուզում։ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների ֆոնին Նիկոլը լուռ է։ Նիկոլը խոսում է միայն հակառուսական տրամաբանության մեջ ու բացառապես խաղաղություն է մուրում։

Հիմա սարսափելիի մասին։

Ըստ Նիկոլի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Փաշինյան–ԱՄՆ պետքարտուղար Բլինքեն–Ալիև եռակողմ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության: Սա նշանակում է, որ 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը Փաշինյան–Ալիև–Բլինքեն եռյակը «ջրել» է։ Իսկ դա հղի է ոչ թե վտանգավոր, այլ կատաստրոֆիկ հետևանքներով։

Փաստորեն ստացվում է, որ 2020–ի նոյեմբերի 9–ին Արցախի մնացուկները փրկել է ու հիմա այն պահում է Ռուսաստանը, բայց նրան դուրս են մղում հայ–ադրբեջանական գործընթացից՝ հղում անելով Պրահային, որտեղ Նիկոլն Արցախը ճանաչել է ադրբեջանական։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Նիկոլը վարում է ռուս խաղաղապահներին ու ռուսական ռազմաբազան Արցախից և Հայաստանից հեռացնելու քաղաքականություն։ Ասել է թե՝ Արցախի ու Հայաստանի վերացման գնով Նիկոլը միացել է հակառուսական կոալիցիային՝ սեփական անվտանգության երաշխիքներ ստանալով Արևմուտքից։ Սա 100–տոկոսանոց դավաճանություն է։

Եթե մինչև 2020–ի սեպտեմբերի 27–ը Նիկոլի «Մյունխենյան սկզբունքները» բերեցին Արցախի պետականության կորստին, ապա մյունխենյան թարմ սկզբունքներն արդեն Հայաստանի պետականության գնով են լինելու։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը