Կարծիք

29.09.2011 16:53


Երբ կեղծում ես` ստիպված ես վազել

Երբ կեղծում ես` ստիպված ես վազել

Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի համատեղ ջանքերով Հայաստանը յուրաքանչյուր օր նոր խնդիրների առաջ է կանգնում: Անհասկանալի արտաքին եւ անհեթեթ ներքին քաղաքականություն, տրամաբանության մեջ չտեղավորվող «երկխոսություններ» եւ «նախաձեռնողականություններ», խայտառակ տնտեսական քաղաքականություն: Այս ամենը հանգեցրել է նրան, որ այսօր մեր երկիրը բավական տհաճ իրավիճակում է, իսկ ժողովրդի կենսամակարդակն էլ շարունակում է անկում ապրել: Իսկ ամենամտահոգիչն այն է, որ Սերժ Սարգսյանը եւ Տիգրան Սարգսյանը ոչ մի հետեւություն չեն արել եւ չեն պատրաստվում ո՛չ վերանայել իրենց սխալները, ո՛չ էլ հաշվի նստել առողջ քննադատության հետ: Այլ կերպ ասած, նրանք շարունակում են քշել իրենց էշը:

Տիգրան Սարգսյանն էլ աթոռը դնում է բաց դաշտում եւ լուրջ դեմքով լրագրողներին պատմում, թե ինչ լավ են իրենք աշխատում, եւ որ շատ շուտով աշխարհը հիանալու է Հայաստանի տնտեսական ցուցանիշներով: Մինչ նա նման խոստումներ է տալիս՝ արտագաղթը եւ ժողովրդի կենսամակարդակի անկումը շարունակվում է: Ավելին, հեղինակավոր փորձագետներն ուսումնասիրություն են անում, պարզելու համար, թե որ երկրներում է ավելի նպաստավոր տնտեսական գործունեությունը իրականացնելը եւ Հայաստանն այդ ցուցակում տեղ չի գրավում: Հիմա պարզ է չէ, թե ինչ հեղինակություն ունի մեր երկիրը, եթե նույնիսկ 66 երկրների շարքում տեղ չի զբաղեցնում: Անկասկած, Տիգրան Սարգսյանը կշտապի պնդել, թե այդ փորձագետները ցածր մակարդակի են եւ տնտեսությունից էլ ոչինչ չեն հասկանում, իսկ վարչախմբի ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները եւ վերլուծաբանները ինչ-ինչ տնտեսական ուսումնասիրություններ կներկայացնեն, որտեղ նշված կլինի, թե տնտեսական տարատեսակ ցուցանիշներով մենք առաջ ենք Արգենտինայից, Բուլղարիայից կամ Սերբիայից:

Այս ամենը հերթական անգամ հիշեցնում է խորհրդային այն տարիները, երբ երկիրը ղեկավարում էին Բրեժնեւը եւ Սուսլովը: «Ժամանակ» եւ «Լրաբեր» լրատվական ծրագրերով խորհրդային մարդը տեղեկանում էր, որ իր կյանքն այսօր ավելի է լավացել, եւ որ երկիրն էլ նոր բնագծեր է նվաճել: Հաղորդավարները խրոխտ ձայնով ասում էին, որ կթվորուհի Բուրաստան մայրիկը խոստացել է ապահովել նոր ցուցանիշներ, որ Իվան Վասիլեւը հավաստիացրել է, թե մեկ օրվա ընթացքում կարդյունահանի այնքան քարածուխ, որը կբավականացնի մի քաղաքի մի ամսվա կարիքները, եւ որ խառատ Արշավիր Մարտիրոսյանն էլ հնգամյակը կատարել է երեք տարում: Մի խոսքով ուրախ եւ երջանիկ կյանք:

Հայաստանում հիմա գրեթե նույն պատկերն է: Մեծ-մեծ աչքերով հաղորդավար-հաղորդավարուհիներն ասում են, թե ինչ ձեռքբերումներ ունենք մենք, թե որքան է բարձրացել մեր երկրի կշիռը, թե որքան լամպ է լուսավորում գիշերային Երեւանը, եւ թե որքան լավ է ապրում հայ մարդը: Իսկ քաղաքական կուսակցություններն էլ ամեն ինչ անում են, որ բոլոր մարդիկ իրենց երջանիկ զգան: Մի խոսքով գրեթե նույն վիճակը ինչ եղել է բրեժնեւյան տարիներին: Տարբերությունը միայն այն է, որ խորհրդային երկիրը հսկայական բնական պաշարներ ուներ, իսկ Հայաստանը չունի: Բացի այդ՝ ԽՍՀՄ–ը միջուկային տերություն էր եւ նրանից ոմանք սարսափում էին, իսկ մեզնից սարսափում են միայն խեղճ ու կրակ ադրբեջանցիները, որոնք դարձել են Հայաստանի ղեկավարներին իրենց սխալներով գերազանցող ադրբեջանցի իշխանավորների քարոզչութան զոհերը:

Մեր երկիրն այսօր այն վիճակում է, որ երկրի ղեկավարը մեկ այլ երկրի առաջնորդին մոտենալիս գրեթե վազում է: Ավելին, նա աստիճաններով ցատկոտում է՝ Ֆրանսիայի նախագահի ձեռքը մեկ վայրկյան ավելի շուտ սեղմելու համար: Սարգսյանը ոտնատակ է տալիս մեր երկրի հեղինակությունը՝ կարծելով, որ իր վազքը կգնահատվի Ֆրանսիայի նախագահի կողմից: Իսկ եթե մենք իրականում ունենայինք այն պետությունը, որը ներկայացնում են վարչախմբի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները, ապա մեր երկրի նախագահն իրեն ավելի արժանապատիվ կպահեր:

Մեր անհաջողությունները կշարունակվեն, եթե շարունակենք անել այն, ինչ անում էինք մինչ օրս: Մեզ չեն օգնի նաեւ կոսմետիկ փոփոխությունները, որոնք ցանկանում է ձեռնարկել Սերժ Սարգսյանը: Եթե մի նախարարին փոխարինի մեկ ուրիշը, իսկ Ռուբեն Հայրապետյանին էլ թույլ չտան պատգամավոր ընտրվել, ապա դրանով մեր երկրի վիճակը չի փոխվի։ Եթե Սամվել Ալեքսանյանը շարունակի օգտվել իրեն տրված մենաշնորհներից, իսկ Սերժ Սարգսյանն էլ հույսը դնի ոչ թե ժողովրդի աջակցության, այլ ուժի եւ ընտրակեղծիքների վրա, ապա առավել ևս բան չի փոխվի: Ցավոք, հետեւելով իշխանությունների քայլերին այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք հույսը դրել են բացառապես արտաքին էֆեկտների, ուժի եւ ընտրակեղծիքների վրա:

Ցավալի է, բայց անցած տարիների սխալներից իշխանությունները ոչ մի հետեւություն չեն արել եւ մտադիր էլ չեն անել: Նրանք կրկին ընտրություններին պատրաստվում են այնպես, ինչպես պատրաստվել են տարիներ շարունակ: Նրանց կարելի է հասկանալ, նրանք այլ կերպ ընտրությունները չեն կարող պատկերացնել:

Վստահաբար նրանց այս անգամ էլ կհաջողվի հասնել իրենց նպատակին, եթե հասարակությունն անտարբեր գտնվի: Ընդամենը մի քանի ամիս հետո արդեն վերջնականապես պարզ կդառնա, թե ինչ տրամադրություններ ունի ժողովրդի մեծամասնությունը:

Տարատեսակ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մի մասը լիովին անտարբեր է կատարվող իրադարձությունների նկատմամբ, քանի որ այս երկրի հետ այլեւս ոչ մի հույս չի կապում եւ մտադիր է արտագաղթել, բայց բարեբախտաբար զգալի թիվ են կազմում նրանք, ովքեր սիրում են իրենց երկիրը եւ հասկանում են, որ եթե շարունակենք անել այն ինչ արել ենք, ապա աղետի կենթարկվենք:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը