Քաղաքական

18.02.2023 08:31


ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանի «բաժակի ընկերը» ձերբակալվեց. ո՞վ է Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենը (լուսանկար)

ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանի «բաժակի ընկերը» ձերբակալվեց. ո՞վ է Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենը (լուսանկար)

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները Վարդենիսի նյարդահոգեբուժական տուն-ինտերնատում հայտնաբերել են մետաղյա շղթայով «գազանի նման» ջեռուցման մարտկոցից կապված հիվանդներից մեկին։ Պարզվել է, որ տնօրեն Կարեն Խաչատրյանն ու մի խումբ աշխատակիցներ խոշտանգել եւ աշխատանքային թրաֆիքինգի են ենթարկել հիվանդներին։

Mediahub-ի աղբյուրներն ասում են, որ Կարեն Խաչատրյանը ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբիրելյանի մտերիմն է՝ «բաժակի ընկերը»։



Ավելին՝ ժամանակին Գաբրիելյանի ենթադրյալ հովանավորչության շնորհիվ է վերջինս նյարդահոգեբուժական կենտրոնում պաշտոն ստացել։ Գաբրիելյանի միջնորդությամբ է ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը, որն այն ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն էր, Խաչատրյանին նյարդահոգեբուժական կենտրոնի տնօրեն նշանակել։

Ոչ վաղ անցյալում, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի 2021թ․-ի հավաքին նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների կազմակերպված մասնակցությունն ապահովել է հենց Վիլեն Գաբրիելյանը։ Դրա մասին ահազանգել էր նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ ՄԻՊ-ի աշխատակազմին ներկայացվել էին տեղեկություններ այն մասին, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցությունը հավաքին համակարգել է այդ ժամանակ Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանը:



Համաձայն ձեռք բերված տվյալների՝ Վ.Գաբրիելյանը տուն-ինտերնատի տնօրեն Կարեն Խաչատրյանին տվել էր կոնկրետ գործողություններ կատարելու ապօրինի հրահանգներ, համակարգել Նիկոլ Փաշինյանի հավաքին աշխատակիցների մասնակցությունն ապահովելու մասով նրա աշխատանքը:

Ըստ ՄԻՊ-ի՝ Վիլեն Գաբրիելյանն իր ընկերոջը՝ Կարեն Խաչատրյանին նաեւ հրահանգներ էր տվել այն հարցի հետ կապված, թե ինչ պատասխանել այլ մարմինների ու լրատվամիջոցների տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցության մասին հրապարակված տեսանյութի առնչությամբ:

Ինչպես հայտնում է MediaHub-ի աղբյուրը՝ Վիլեն Գաբրիելյանը Վարդենիսում շրջապատ է ձեռք բերել դեռեւս 2016թ-ին, երբ ծառայում էր Քարվաճառի զորամասի բուժկետում։

«Խաչատրյան Կարենն ամբողջ կյանքում պաշտոնի երես չի տեսել, միանգամից դարձավ հիվանդանոցի տնօրեն։ Կարենն ու Վարդենիսի ՔՊ-ական ավագանու անդամ Մելանյա Եփրեմյանի որդին՝ Վահե Ենգոյանը Վիլենի բաժակի ընկերներից են։ Ի դեպ, Վահեն էլ է հիվանդանոցում աշխատել՝ Վիլենի միջնորդությամբ»,-ասաց մեր աղբյուրը։

Նշենք, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը MediaHub-ին փոխանցեց, որ տուն-ինտերնատը շարունակում է իր աշխատանքը, բոլոր շահառուները խնամք են ստանում, գործառութային առումով փոփոխություններ չեն եղել, ՊՈԱԿ-ից տեղափոխված շահառուներ չկան։ Ավելի ուշ քննչական կոմիտեից հայտնեցին, որ ձերբակալվել են Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենը, հոգեբույժը, բաժանմունքներից մեկի հերթապահ խնամող-սանիտարն ու հերթապահ բուժքույրը։

Աղբյուրը՝ MediaHub

Այս խորագրի վերջին նյութերը