Քաղաքական

17.02.2023 09:38


Անիի կամուրջը խոր կիրճում է գտնվում և կարող է միայն թուրքերին հետաքրքրել․ «Հրապարակ»

Անիի կամուրջը խոր կիրճում է գտնվում և կարող է միայն թուրքերին հետաքրքրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրապարակի» հարցերին պատասխանում է տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը:

-Պարոն Քոչինյան, հատկապես վերջին օրերին` Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, կրկին շրջանառության մեջ մտավ հայ-թուրքական սահմանի բացման թեման, որը խմորվում էր դեռ 2018-ի իշխանափոխությունից հետո: Մի քանի օր առաջ Մարգարայի կամրջով, ընդ որում՝ երկու անգամ, Հայաստանից Թուրքիա օգնություն ուղարկվեց: Երեկ էլ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնեց Թուրքիա` հանդիպելով Մեւլութ Չավուշօղլուին: Խոսվեց Անիի կամուրջը նորոգելու եւ Հայաստանի հետ սահմանը բացելու մասին: Սա ներկայացվեց իբրեւ մեծագույն ձեռքբերում: Ի վերջո, եկեք հասկանանք՝ եթե Մարգարայի կամուրջը նորոգված է, Հայաստանից ազատ ելումուտ կարող են անել Թուրքիա, ապա ինչո՞ւ է այժմ Անիի կամուրջը նորոգելու հարցը քննարկվում: Ո՞րն է Մարգարայի եւ Անիի կամուրջների տարբերությունը:

-Մարգարայից ուղիղ գնում են դեպի Ղարս, կարելի է գնալ նաեւ դեպի Իզմիր: Արաքսի երկարությամբ գնացող մայրուղին տանում է այս երկու ուղղություններով: Կարելի է նաեւ Անկարա գնալ:

-Եթե Մարգարայի կամրջով գնում են Ղարս, Անկարա, ապա ինչո՞ւ նաեւ Անիի կամուրջը նորոգել:

-Անիի կամուրջը միջնադարում կառուցված մի կամուրջ է, փլված: Եթե անգամ մեր կողմից նայենք, կտեսնենք, որ դա զուտ սիմվոլիկ կամուրջ է: Ասում են Մետաքսի ճանապարհ (ծիծաղում է): Լավագույն դեպքում, եթե Հայաստանից տուրիստները ցանկանան Անի գնալ, չեն գնա՝ ուրիշ տեղերով պտտվեն, ուղիղ Հայաստանով կգնան Անին տեսնելու, այդքան մի բան:

-Ի՞նչ կտա ճանապարհների բացումը Հայաստանին:

-Տուրիստներ կգնան Թուրքիա:

-Արարատ Միրզոյանն ինչո՞ւ է այդքան ոգեւորվել Անիի կամուրջը բացելու փաստից:

-Կարծում եմ` Արարատ Միրզոյանը հասկանում է, որ դա ոչ մի տնտեսական նշանակություն չունեցող կամուրջ է:

-Իսկ եթե գործի Մարգարայի կամուրջը:

-Պատկերացրեք այսպես` Իգդիրն ուղիղ գծով կապվում է Մարգարայի կամրջին: Այսինքն` ուղիղ գծով Իգդիրը Երեւանին է կապվում: Մարգարայի կամրջի նշանակությունը սա է:

-Այսինքն` այլեւս Թուրքիա Վրաստանով չեն գնա, այլ անմիջապես Հայաստանից ուղիղ գծով կարող են մտնել Թուրքիա: Նույնը Թուրքիայից՝ Հայաստան:

-Այս պահին մերոնք` առեւտրականները, Բաթումի են գնում, այնտեղից՝ Թուրքիա, ժամանակին Ջավախքով էլ էին գնում: Երեւանից Մարգարա 60 կիլոմետր է: Եթե մենք Վրաստանով ենք գնում Թուրքիա, 700 կիլոմետրից ավելի է: Պարզ չէ՞, որ մարդիկ կնախընտրեն 60 կիլոմետրով:

-Անիի կամուրջը, տուրիստական նպատակներից զատ, ուրիշ ի՞նչ նպատակով կարող է ծառայել:

-Դա խոր կիրճում գտնվող մի կամուրջ է: Դա կարող է միայն թուրքերին հետաքրքրել, ուրիշ ոչ մեկին: Շատ տուրիստներ կգնան Հայաստանից, իրենք էլ ավելի շատ փող կաշխատեն: Անին տեսնելու համար ուղիղ Հայաստանից կգնան: Մի քանի ժամում կամուրջը կանցնեն, նույն օրն էլ կարող են հետ գալ:

-Այսինքն` անգամ այստեղ շահում են թուրքե՞րը:

- Միջազգային հարթակներում կասեն՝ դե տեսեք, կամուրջ ենք Հայաստանի հետ վերականգնել եւ այլն, եւ այլն»:

Այս խորագրի վերջին նյութերը