Քաղաքական

16.02.2023 17:28


Թրքամետ քայլերն էլ ավելի մեծ վնաս են բերելու. Գագիկ Համբարյան․ «Փաստ»

Թրքամետ քայլերն էլ ավելի մեծ վնաս են բերելու. Գագիկ Համբարյան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանի գործող վարչակազմը երբևիցե չի թաքցրել, որ պատրաստ է ամեն ինչի, միայն թե թուրքական իշխանություններն իրենց ինչոր ընդունելության արժանացնեն: Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի ֆոնին ՀՀ իշխանությունների կողմից արվող հայտարարություններին, նաև Թուրքիային տրամադրված օգնություններին, ԱԳ նախարարի մակարդակով կատարված այցին:

Հիշեցնելով Թուրքիայի իշխանությունների ընդունելությանն արժանանալու փորձերի մասին վկայող հայտնի դրվագները՝ Գագիկ Համբարյանը նշեց. «Երկրաշարժը շատ հարմար առիթ էր, որ Հայաստանի թրքամետ վարչակազմը, պահն օգտագործելով, փորձի վերջնականապես ապացուցել իր թրքամետ լինելը: Ես կտրականապես դեմ էի անգամ ցավակցություններին, ինչի համար մի քանի պատճառներ կան: Նախ՝ լինելով գյումրեցի, բավականին լավ եմ հիշում 1988-ի դեկտեմբերի 7-ից հետո տեղի ունեցող գործընթացները, երբ նույն ադրբեջանցիները շնորհավորանքներ էին գրում մեզ, կոտրում ու փչացնում Հայաստան եկող օգնությունը: Իսկ ամենակարևոր ցուցիչները 2020-ից մինչ օրս առկա իրադարձություններն են: Նախ՝ Արցախյան 44-օրյա պատերազմ, երբ Թուրքիան բացարձակ չէր թաքցնում ռազմական գործողությունների կողմ լինելու փաստը, երբ մեր հազարավոր զոհերի պատճառը հենց թուրքական «բայրաքթարներն» էին: Ցուցիչ են նաև 2021, 2022 թվականների կարճատև պատերազմները, որոնց հետևանքով Հայաստանի Հանրապետությունը ևս տարածքային կորուստներ ունեցավ, ինչից թուրքական իշխանությունը հրճվում է»:

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ֆոնին, ըստ քաղաքագետի, իշխանությունը կրկին մանիպուլ յացիայի ու կեղծիքի է դիմում: «Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ կա, գրառում է արել՝ նշելով, թե նախկինների օրոք Հայաստանը ևս ցավակցել է Թուրքիային: Այո, ցավակցել են թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, երբ Թուրքիայում երկրաշարժեր էին եղել: Բայց չի՞ հասկանում, որ մենք այդ ժամանակ հաղթանակած պետություն էինք, տարածաշրջանում բոլորի հետ մենք ավելի բարձր դիրքերից էինք խոսում, այդ ժամանակ նաև պատերազմ չէր եղել, մենք պարտություն չէինք կրել, Թուրքիան Հայաստանի դեմ ինչ-որ գործընթացներում ակտիվ մասնակցություն չէր ունեցել: Գրառման հեղինակը կա՛մ պրիմիտիվ տգետ է, կա՛մ էլ իրենց ընտրազանգվածի ինտելեկտուալ մակարդակն իմանալով՝ դիտավորյալ է այդ ապուշ թեզն առաջ տանում:

Հայաստանի իշխանություններն ընդհանրապես չպետք է որևէ ցավակցություն հայտնեին, էլ չեմ ասում օգնությունների, փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին: Այդքանը բավարար չէր, մի հատ էլ արտգործնախարարն է գնում Թուրքիա՝ հանդիպելու Չավուշօղլուի հետ: Ու սա այն դեպքում, երբ թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցները, շատ հպանցիկ անդրադառնալով Հայաստանից գնացող բեռնատարների մուտքին Մարգարայի կամրջով, մեր բեռնատարները ցուցադրել էին Իգդիրի տխրահռչակ՝ «ադրբեջանցիների դեմ հայերի գործած ցեղասպանության հուշակոթողի ու թանգարանի» ֆոնին: Եթե որևէ մեկը մտածում է, թե սա պատահականություն է, չարաչար սխալվում է: Սա թուրքական իշխանությունների պատասխանն է հայերին ու Հայաստանում գործող թրքամետ Նիկոլի իշխանությանը: Նրանք ցույց տվեցին, որ արհամարհում են ՀՀ գործող իշխանությունների բոլոր, այսպես կոչված, մարդասիրական և, այսպես կոչված, դիվանագիտական քայլերը»,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, միևնույնն է, մի քանի օր հետո պաշտոնական Անկարան կրկին կհայտարարի, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը կկատարի Բաքվի շանտաժային բոլոր նախապայմանները: «Ինչ վերաբերում է այն թեզին, թե սա դիվանագիտական քայլ էր, ինչի մասին խոսում են իրենցից խայտառակ կերպարներ ներկայացնող որոշ քայլիստ երեսփոխանները, իրականում զավեշտալի է, քանի որ երբ մի բան բացահայտվում է որպես դիվանագիտական քայլ, ուրեմն դա արդեն ոչ թե դիվանագիտություն, այլ ֆարս է: Ու երևանյան կաբինետներում վեր ընկած այս պրիմիտիվները մտածում են, թե Անկարայում չեն հասկանում Հայաստանի իշխանությունների քայլերը:Որպես ՀՀ քաղաքացի, ինձ համար երկրաշարժն իսկապես ողբերգություն էր:

Այո, եթե չլիներ պատերազմը, եթե այսքան զոհեր չունենայինք, եթե այդ պատերազմում Թուրքիան որպես երրորդ կողմ ներգրավված չլիներ, այլ համատեքստում կդիտարկեինք հարցը: Բայց, ինչպես նշեցի, Անկարան չի թաքցնում իր մասնակցությունը ռազմական գործողություններին: Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից 2-3 օր հետո Էրդողանը հայտարարեց, որ իրենք 44 օրյա պատերազմի ժամանակ Բաքվում օգնել են իրենց եղբայրներին, հիմա Բաքուն գալիս է իրենց օգնելու: Այս ամենից հետո կարելի՞ է ցավակցել, օգնություն տրամադրել ու այդ ամենը ներկայացնել որպես հարևանություն, դիվանագիտություն, որպես հայթուրքական հարաբերությունները նորմալացնելու փորձ: Սա իր աղետալի հետևանքներն է ունենալու, թուրքերն էլ ավելի են լկտիանալու»,-շեշտեց Գ. Համբարյանը:

Զուգահեռներ անցկացնելով՝ նա անդրադարձավ արդեն ավելի քան 2 ամիս շրջափակման մեջ գտնվող արցախահայությանը, որոնք Ադրբեջանի պատճառով անգամ հումանիտար բեռ չեն կարողանում ստանալ, իսկ ՀՀ իշխանությունն Արցախի հարցում, մեծ հաշվով, քայլեր չի ձեռնարկում: Անգամ արցախցիներին կարեկից լինելու բացակայության մասին է մատնանշվում, ինչը, կա, օրինակ՝ թուրքերի նկատմամբ: «Մենք այս պարագայում գործ ունենք ոչ թե երկակի ստանդարտների, այլ բացահայտ դավաճանության հետ: Հայաստանյան գործող իշխանություններն իրենց դավաճանական քայլերի մեջ իրականում շատ անկեղծ են: Երբ գործող իշխանությունների թիմակիցները հակահայկական և հակահայաստանյան զառանցանքներով են հանդես գալիս, երբ ասում են՝ պետք է ստորադասել 120 հազար արցախահայության իրավունքները 3 միլիոն հայաստանցիների իրավունքներին, սա դոմինոյի էֆեկտ է ունենալու: Ընդամենը 100 տարի առաջ Նախիջևանի հայերի իրավունքները ստորադասվեցին իբրև թե հայաստանցիների իրավունքների համար:

Մեր պատմական հայրենիքի տարածքների բնակիչների իրավունքները այդպես շարունակաբար ստորադասվում էին: Հիմա այս իշխանություններն ապացուցում են, որ իրենց համար իրենց իշխանությունից թանկ բան չկա: Հիմա 120 հազար արցախահայերի իրավունքները ստորադասվում են, որպեսզի քայլիստները ՀՀ-ում պահպանեն իշխանությունը: Բայց եթե հիմա Հայաստանի իշխանությունները ստորադասում են արցախահայության իրավունքները, վաղը-մյուս օրը նույնն անելու են սյունեցիների գլխին: Եթե այս խունտան շարունակի մնալ իշխանության, չզարմանաք, որ մի օր էլ ասեն՝ «Սյունիքում ապրող 140 հազար հայության կարծիքը մեզ համար բացարձակ կաևոր չէ, մենք փրկելու ենք 2 մլն 860 հազար հայերի կյանքը»: Արցախը կուլ տալուց հետո Ադրբեջանի երկրորդ քայլը Սյունիքը Հայաստանից խլելն է լինելու, ինչի համար պարտադիր չէ, որ ռազմական գործողություններ լինեն: Ադրբեջանի բռնապետը շատ պարզ ասում է, թե իրենք ինչպես են ՀՀ-ից տարածքներ խլելու. Կապան, Գորիս, Վայք, Վարդենիս, Արարատ: Որպես բոնուս էլ հայտարարում է, թե Երևանն էլ է իրենցը»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ ադրբեջանցիները շատ անկեղծ են իրենց ագրեսիվ քաղաքականության մեջ:

«Եթե հայաստանյան հասարակությունը մտածում է, որ Արցախից վերջնականապես ձեռքերը լվանալով Հայաստանի Հանրապետությունը պետք է փրկվի, չարաչար սխալվում է: 19-րդ դարի 80-ականներից թուրքերի համար գործում է «չկա հայ՝ չկա հայկական հարց» սկզբունքը: Այս ծրագիրն իրենք 1890-ականներից՝ համիդյան ջարդերից սկսած հմտորեն իրականացնում են: Հիմա մեր հասարակությունը վերջապես պետք է հասկանա, որ վերոնշյալ թրքամետ քայլերն էլ ավելի մեծ վնաս են բերելու»,-եզրափակեց Գ. Համբարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը