Քաղաքական

16.02.2023 10:42


Վաճառքի են հանել Ալավերդու դպրոցի շենքը. «Հրապարակ»

Վաճառքի են հանել Ալավերդու դպրոցի շենքը. «Հրապարակ»

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կրկին ցանկանում է վաճառել Ալավերդու Զորավար Անդրանիկի 197 հասցեում գտնվող՝ 2153.12 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.1109 հեկտար մակերեսով հողամասը։

Այս շինություններն ու հողատարածքը գտնվում են Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում և պետության սեփականությունն են հանդիսանում։ Խոսքն Ալավերդու դպրոցի՝ 1952 թվականին կառուցված շենքի մասին է, որը ներկայում չի շահագործվում։ Նախարարությունն այն արդեն 2 անգամ դրել է աճուրդի, սակայն որևէ մեկն աճուրդին չի մասնակցել, շենքը գնել ցանկացողներ չեն եղել, և նախարարությունը որոշել է այն կրկին դնել աճուրդի։ Մեկնարկային գին է սահմանվել 58 մլն 635 հազար դրամը, իսկ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է 97 մլն 725 հազար դրամ, այսինքն՝ նախարարությունը շինությունը պատրաստվում է վաճառել գնահատված շուկայական արժեքի միայն 60 տոկոսի չափով։

Նշենք, որ ներկայում տարբեր նախկին պաշտոնյաների մեղադրանքներ են առաջադրվում, որ ժամանակին նրանք պետգույքը վաճառել են շուկայական արժեքից ցածր գնով կամ գույք են ձեռք բերել շուկայական արժեքից բարձր գնով։ Հետաքրքիր է՝ հաջորդ իշխանությունը նման մի մեղադրանք էլ Գնել Սանոսյանի՞ն կառաջադրի։

Այս խորագրի վերջին նյութերը